ՋԱՐԴ Է ՍՊԱՍՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Գարգառ համայնքում սպասվում է անասունների ջարդ:  Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացնում է համայնքապետ Կարեն Զալինյանը:
Գյուղն իր մեծությամբ տարածաշրջանի մեծ համայնքներից է: Գտնվում է նախկին շրջկենտրոնից` Ստեփանավան քաղաքից 10 կմ, մարզկենտրոնից 26 կմ հեռավորության վրա, Երեւան-Վանաձոր-Թիֆլիս միջպետական մայրուղու վրա:
Գարգառն ունի 520 ծուխ շուրջ 1700 բնակչով, որոնք հիմնականում զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ: Բնակչության հիմնական մասը երկրաշարժից տուժած քաղաքներից՝ Սպիտակից եւ Վանաձորից տեղափոխված վերաբնակներ են: «Դե գրանցումից դուրս չեն գալիս հույսով, որ մի օր իրենց ավիրված տների համար փոխհատուցում կտան կամ, լավագույն դեպքում, բնակարան»,-ասաց համայնքապետը: Ըստ նրա՝ գյուղի կարի ֆաբրիկայի փակվելուց հետո ամեն մարդ իր հացը վաստակելու մի ձեւ է գտել: Մի մասը գյուղի դպրոցում է աշխատում, մյուս մասը գործ է «ճարել» գյուղի մոտակա սահմանապահ զորքերի հյուսիսային զորամասում, մյուսներն էլ՝ Պուշկինոյի օդերեւութաբանական կայանում: Իսկ հիմնական մասը վաստակում է՝ միջպետական ճանապարհի վրա հաց վաճառելով, գյուղատնտեսությամբ զբաղվելով:      
«Ասում ենք, թե զբաղվում ենք գյուղատնտեսությամբ, բայց այն տեղովը մեկ խնդիր է: Օգտագործում ենք հնարավորությունների 20–ը: Հողերն անջրդի են, իսկ գյուղացու  արտադրած բնամթերքն իրացման շուկա չունի, կաթը հավաքում են 100 դրամով՝ ջրից էլ էժան: Մեզ մոտ անասունների ջարդ է սպասվում»,-ասաց գյուղապետը: Վերջինս այս հանգամանքը բացատրեց անասնակերի թանկացմամբ: Եթե նախորդ տարի անասնակերի կապը (տուկը) վաճառվում էր 300-400 դրամով, ապա այս տարի գինը հասել է 1200-1500 դրամի: Զալինյանը վստահ է, որ դրությունից միակ փրկությունն անասունների սպանդն է, այլապես մինչեւ գարուն կսատկեն առանց կերի:
Համայնքի հողերն անջրդի են: Ինքնահոս ջրերը թույլ են տալիս գյուղն ապահովել մշտական ջրով, սակայն խողովակաշարի բացակայության պատճառով որոշ թաղամասերում ջուր չի մատակարարվում: Չնայած սրան՝ գարգառցիները զբաղվում են ցորենի, կարտոֆիլի մշակությամբ. «Հացահատիկից ակնկալվում է բարձր բերքատվություն, սակայն ցանքատարածությունների 30%-ը չենք մշակել, քանի որ ինքնածախսածածկում չի կատարվում, վնասով ենք փակում: 1 հա-ից ստանում ենք 300-400 կգ բերք, որի արժեքը  կազմում է մոտ 60 հազար դրամ: Այն դեպքում, երբ նույն մակերեսի վրա կատարած ծախերը գերազանցում են 200 հազար դրամը»:
Զալինյանի խոսքով՝ գյուղի միջնակարգ դպրոցը նախկին մանկապարտեզի վերակառուցված շենքն է: Երկհերթ դպրոցում սովորում է 202 աշակերտ: Նրանց թիվը վերջին 10 տարում նվազել է 80-90 աշակերտով: Համայնքապետի ներկայացմամբ՝ գյուղապետարանը գտնվում է կոլխոզի նախկին գրասենյակում, փոստը՝ վագոն-տնակում, իսկ գրադարանը` փայտաշեն խցում: Չունեն հանդիսությունների սրահ, մանկապարտեզ, ներհամայնքային ճանապարհները վատթար վիճակում են:
Մի խոսքով, գյուղապետի վկայությամբ, համայնքում ամեն ինչ հիմնախնդիր է՝ գյուղի նախկին թուրքական Գյառգյառ (հպարտ-հպարտ) անունից մինչեւ այսօրվա Գարգառ՝ առանց ստուգաբանության, անհասկանալի անունը:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս