Արդեն ամռան վերջին ամիսն է, սակայն մեզանից շատերը չհասցրին նույնիսկ հանգստանալ: Հայտնիներից շատերն էլ դեռ չեն պլանավորել իրենց հանգիստը, ոմանք էլ արդեն հասցրել են մի տեղ մեկնել ու պատրաստվում են երկրորդ անգամ վայելել իրենց ամառային արձակուրդը:
ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
-Ամառային հանգիստս արդեն սկսել եմ: Հունիսի սկզբին հասցրել եմ մայրիկիս ու քրոջս երեխայի հետ գնալ Անթալիա ու հետ գալ: Բայց ամառը դեռ չի վերջացել, կրկին մի տեղ կմեկնեմ: Օգոստոսի սկզբից կլինի հանգստիս երկրորդ հատվածը, բայց արդեն առանց ընտանիքի: Ես մենակ կմեկնեմ Եվրոպա, հավանաբար Իտալիա:
-Պասի՞վ, թե՞ ակտիվ հանգստի կողմնակից եք:
-Եթե ընտանիքի հետ եմ, նախընտրում եմ պասիվ հանգիստը, բայց եթե ընկերներիս հետ, իհարկե ակտիվ:
-Շատերն իրենց ամառային հանգիստը պլանավորում են ամիսներ առաջ: Ձեզ մոտ ինչպե՞ս է, նախօրո՞ք եք որոշում, թե՞ ինչպես կստացվի:
-Ես երբեւիցե չեմ պլանավորել, թե որ տարի ուր պետք է գնամ: Պարզապես Իտալիայում շատ մտերիմ ընկերներ ունեմ ու հավես կանցնի էնտեղ, քանի որ բոլորով ենք որոշել հավաքվել Իտալիայում:
-Հայաստանից ընկերներով հավաքվելու եք ու գնաք Իտալիա՞:
-Ե՛ւ էստեղից մի քանի ընկեր, ե՛ւ դրսից` Ֆրանսիայից, Անգլիայից, նրանք էլ մեզ կմիանան Իտալիայում:
-Փաստորեն, այս տարի եվրոպական հանգիստ եք ունենալու:
-Երբ ասում եմ Իտալիա, մի՛ պատկերացրեք Միլան կամ Հռոմ, պատկերացրե՛ք Իտալիայի հարավի կողմը, որտեղ ծով կա: Ամառն առանց ծովի անհնար է պատկերացնել:
-Կհիշե՞ք Ձեր կյանքի ամենաուրախ հանգիստը:
-Այն բոլոր տարիները, երբ ես մեկնում եմ հանգստանալու, շատ ուրախ են անցնում: Բայց ես կասեմ ամենահիշվող եւ ուրախ հանգիստներից մեկը: Երկու տարի առաջ ընկերուհուս հետ մեկնել էինք Կուբա ու հենց էնտեղ էլ դիմավորեցինք Նոր տարին: Ուրախ հանգստյան օրեր այնքան շատ ենք անցկացրել, որ բոլորը չեմ մտաբերի:
-Ի՞նչն է ամենաանհրաժեշտը ճամփորդության մեկնելիս:
-Երեւի թե դեմքի մաշկի խնամքի հետ կապված քսուքները: Դրանք ամենակարեւորն են ինձ համար: Դե յուրաքանչյուր բան էլ ինձ համար կարեւոր է:
Հետաքրքիր մի բան ասեմ. եթե նույնիսկ հետս ֆոտոխցիկ եմ վերցնում, լինում է նաեւ, որ այն չեմ էլ օգտագործում: Մոռանում եմ, թողնում ճամպրուկում: Չեմ սիրում շատ նկարվել: Երբ հանգստի մեջ եմ, չեմ ուզում ֆոտոխցիկ տեսնել:
Առհասարակ, հանգիստը շատ կարեւոր բան է յուրաքանչյուր մարդու համար: Գոնե տարվա կտրվածքով մեկ անգամ ծով գնալն անհրաժեշտություն է: Ծովի համար մեկ շաբաթը, նույնիսկ 10 օրն էլ է քիչ, առնվազն երկու շաբաթ պետք է, որ մարդու հանգիստը լիարժեք լինի: Դա առաջին հերթին քո առողջության համար ես անում:
-Լավ, իսկ Հայաստանում անհնա՞ր է վայելել հանգիստ, չէ՞ որ մենք էլ շատ գեղատեսիլ վայրեր ունենք:
-Իհարկե հնարավոր է, ձմեռը համարյա ամեն ուրբաթ-շաբաթ-կիրակի Ծաղկաձորում եմ անցկացրել, դահուկ եմ քշել, շատ ակտիվ հանգիստ եմ վայելում, միայն հյուրանոցում չեմ նստում կամ ամբողջ օրը քնում: Իսկ ամառները գնում ենք Սեւան, Դիլիջան, Ջերմուկ… Հայաստանում էլ կարելի է լավ հանգստանալ, ուղղակի որ ծով չունենք, դրա համար եմ ձգտում դուրս գնալ:
-Հանգստի համար տարվա ընթացքո՞ւմ եք գումար հավաքում:
-Հանգստի մեկնելը փոքրուց ծնողներիս կողմից մեզ սովորեցրած բան է: Հանգիստը պարտադիր ընդունված բան է մեր ընտանիքում, երբ փոքր էինք, ամեն ամառ մեզ ծով են տարել: Ես կասեի՝ դա ավանդույթ է: Գիտեմ, որ ամառը պետք է գնամ հանգստի, դրա համար էլ տարվա ընթացքում խնայվում է, այսինքն՝ ես իմ ծախսերը պլանավորում եմ:
ՀՏ ՀԱՅԿՈ
-Ամառային հանգիստ չունեմ, որովհետեւ ահագին աշխատանքներ կան անելու, երեւի աշնանը կհանգստանամ:
-Ձեր աշխատանքի պատճառով Ձեր բալիկն ու կինը նույնպե՞ս քաղաքում կմնան:
-Նրանք կարող է մի որոշ ժամանակով Ղարաբաղում հանգստանան, զոքանչ մայրիկն է այնտեղ: Բայց ես ստեղ գործեր ունեմ: Չնայած չի բացառվում, որ աշնանը կնոջս ու էրեխուս հետ գնանք արտերկիր: Ամեն տարի չի ստացվում հանգստանալ, միշտ գործեր են լինում, ու ստացվում է, որ ես գնում եմ հանգստի ոչ սեզոնային ժամանակ` աշնանը կամ գարնանը: