ՀՀ ԱԱԾ-ի պետական պահպանության ծառայությունը, որը, ինչպես հայտնի է, զբաղվում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովելով, 17 միլիոն դրամ կվճարի «Ավանգարդ մոթորս» ընկերությանը:
Նշված ընկերության հետ կնքած պայմանագրի համաձայն՝ «Ավանգարդ մոթորս»-ը «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ծառայություններ պետք է մատուցի: Պայմանագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով, այսինքն՝ նախատեսվում է, որ ծառայությունը պետք է մատուցվի ողջ 2015 թվականի ընթացքում:
Իսկ այդ ի՞նչ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա է, որի սպասարկման ծառայությունն այդքան թանկ արժի: Թերեւս խոսքը գնում է Սերժ Սարգսյանին սպասարկող զրահապատ «Մերսեդես-Բենցի» մասին, որը, ինչպես հայտնի է, գտնվում է հենց ՀՀ ԱԱԾ-ի պետական պահպանության ծառայության հաշվեկշռում, եւ վերջինիս անսարքության համար հենց այդ կառույցն է պատասխանատու: