Իջևանի ավագանու 15 տեղի համար առաջադրվել է 16 թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 15-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում կկայանան համայնքի ավագանու ընտրություններ: Ավագանու թեկնածուների գրանցումը կկատարվի փետրվարի 13-18-ը: Փետրվարի 12-ի կեսօրի դրությամբ Իջեւանի ավագանու 15 տեղի համար առաջադրվել է 16 թեկնածու: Ակնկալվում է, որ ավագանու թեկնածուների թիվը կհասնի 23-25-ի:

Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ թեեւ առաջադրված թեկնածուների մեջ կան տարբեր կուսակցությունների անդամներ, սակայն բոլոր թեկնածուներն էլ հանդես են եկել ինքնաառաջադրամբ: 16 թեկնածուներից 4-ը ՀՀԿ անդամ է, մեկը` ՀՅԴ, մեկը` ՕԵԿ անդամ, մնացածներն անկուսակցական են: Թեկնածուների մեջ միայն մեկ կին կա` Իջեւանի վարժարանի տնօրեն Հասմիկ Ամիրյանը, ով այժմ էլ հանդիսանում է Իջեւան համայնքի ավագանու անդամ: Առաջադրված թեկնածուների մեջ մեծ թիվ են կազմում ավագանու ներկայիս կազմի անդամները:

ՀՀԿ անդամներ Սամվել Չիբուխչյանը, Հասմիկ Ամիրյանը, ՕԵԿ անդամ Էմիլ Վարդապետյանը, անկուսակցականներ Արտակ Խաչատրյանը, Վահե Ղալումյանը, Վարդան Օրդինյանը այժմ էլ Տավուշի մարզկենտրոնի ավագանու անդամներ են: Տավուշի մարզկենտրոնի ավագանու թեկնածուների մեծ մասը երիտասարդներ են` 30-38 տարեկան: Ավագանու անդամ առաջադրվածների մեջ տարիքով քիչ թե շատ ավագ միայն մեկ անձնավորություն կա` 1958թ. ծնված Սամվել Չիբուխչյանը, ով նախկինում ղեկավարել է Իջեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կոմունալ ձեռնարկությունը: Ուշագրավ է նաեւ մեկ այլ հանգամանք: Առաջադրված թեկնածուների մեջ քիչ են կամ չկան Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմնակիցները:
Նշենք, որ վերջին 6-7 տարում Իջեւանի քաղաքապետարանի եւ ավագանու անդամների մի մասի մեջ եղել են բավական լարված հարաբերություններ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս