ՀԱՐՑ. Ես ու ամուսինս սոցիալական փաթեթի շահառուներ ենք: Հետաքրքիր է՝ արդյոք կարող ենք մեզ հատկացվող սոցիալական փաթեթներից որոշակի գումար հատկացնել միեւնույն անձին ուղղված ծառայության ծախսերի փոխհատուցման նպատակին (օրինակ՝ ընտանիքի անդամ հանդիսացող երեխայի ուսման վճարի հարցը լուծել):
ՊԱՏԱՍԽԱՆ. Սոցիալական փաթեթի շահառուներ հանդիսացող ամուսինները կարող են իրենց հատկացվող սոցիալական փաթեթներից որոշակի գումար հատկացնել միեւնույն ընտանիքի անմիջական անդամի՝ սոցիալական փաթեթի մեջ ներառված ծառայությունից կամ ծառայություններից օգտվելու համար:
նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ լավ է, որ գոնե փաթեթ կոչվածից ընտանիքի մյուս անդամին օժանդակելու հնարավորություն կա, բայց ամեն դեպքում նախընտրելի կլինի, որ գործադիրը վերադառնա իր նախկին որոշմանը: Այսինքն՝ որոշակի սոցիալական խմբերի փաթեթներ հրամցնելու փոխարեն բարձրացնի մարդկանց աշխատավարձը: Գործադիրում կարող են համոզված լինել, որ, ինչպես ասում են, չոր փողի տեսքով ստացվող հավելավճարը քաղաքացին ավելի հեշտ ու նպատակային կտնօրինի: Թեեւ հասկանալի է, որ այդ դեպքում կառավարությունը ստիպված կլինի հոգալ լրացուցիչ ֆինանսական միջոցների հարցը, ինչը կարծես թե առաջիկա տարիներին իրատեսական չէ` հաշվի առնելով կառավարության 2012-2017 թվականների ծրագրում նախանշված ցուցանիշները: