Անահիտ Սիմոնյանի երկրպագուներն անհանգստացած են. նա արդեն տեւական ժամանակ է՝ ոչ մի նոր գործ չի մատուցել հանդիսատեսին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երգչուհին նշել է, որ այժմ զբաղված է իր ատելյե-խանութի ընդլայնման աշխատանքներով, ինչը բավական ժամանակ է խլում: Նա մեզ պատմել է իր երաժշտական եւ նորաձեւության ոլորտի պլանների մասին, խոսել է նաեւ աստղային զույգի` մշտական ուշադրությունից «պաշտպանվելու» արդյունավետ միջոցից:
-Արդեն երկու տարի է՝ երկրպագուներին նոր տեսահոլովակ եք խոստանում, այնինչ արդյունքը դեռեւս չի երեւում, ի՞նչն է պատճառը:
-Քանի որ այժմ զբաղված եմ իմ ատելյե-խանութի ընդլայնման աշխատանքներով եւ պատրաստվում եմ տեղափոխվել ավելի մեծ բուտիկ, ինձ նվիրել եմ դիզայնի ոլորտի աշխատանքներին, ուստի երգարվեստը տուժում է: Ուզում եմ այս տարի երկրպագուներիս ոչինչ չխոստանալ, բայց աշատանք անել, տեսնենք՝ ինչ կստացվի արդյունքում:
Մտադիր եմ Հայկոյի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Բացի այդ՝ օրերս Հայկոն սկսել է նաեւ ռուսական շոու-բիզնեսի մի շարք աստղերի հետ համագործակցած Իրադա Հաիթի (Irada Hait) հեղինակած երգի գործիքավորման աշխատանքները: Ռուսերեն այս երգի պարագայում սպասվում են ոճային փոփոխություններ: Սա վոկալային առումով ուժեղ գործ է, ոչ կոմերցիոն բնույթի:
-Դուք չեք թաքցնում, որ երգելը Ձեզ համար հոբբի է, եւ այս մասին հայտնեցիք, երբ արդեն ծնվել էր Ձեր որդին: Մի հանգամանքը մյուսի հետ կապ ունի՞:
-Այո՛, ես դա չեմ թաքցնում, միեւնույն ժամանակ չեմ պատրաստվում թողնել երգարվեստը: Պարզապես յուրաքանչյուր բիզնես, տվյալ դեպքում՝ նորաձեւության ատելյե ունենալը, մեծ ջանքեր ու ժամանակ է պահանջում: Օրվա մեծ մասը նվիրում ես այդ գործին: Իսկ երեխաս երբեք չի խանգարել իմ կարիերային: Ծնված օրվանից նա ունեցել է դայակներ, ուստի ես այդ առումով ժամանակի պակասության խնդիր չեմ ունեցել:
-Իսկ ե՞րբ կլսենք Ձեր եւ Հայկոյի այդքան սպասված դուետը:
-Մենք չենք ուզում, այսպես ասած՝ «դուետային զույգ» լինել. ամեն մեկս ունենք մեր ոճը, մեր հանդիսատեսը: Բացի այդ՝ Հայկոն վերջին շրջանում զբաղվածություն ունի, աշխատում է նախագծերի վրա, իմ գրաֆիկը եւս ծանրաբեռնված է:
-Անդրադառնանք նորաձեւության ատելյեին. արդեն գարուն-ամառ տեսականու հավաքածուն կազմե՞լ եք:
-Այո՛, բնականաբար, տաք զգեստներից անցում կկատարանեք թեթեւ հագուստներին. եղանակն էլ դա է պարտադրում: Կցուցադրվեն նաեւ աքսեսուարներ: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու իմ դիզայներական մտքերին: Առհասարակ, ես ստեղծում եմ այնպիսի հագուստներ, որոնք սիրով կկրեի նաեւ ինքս, կամ, օրինակ, միջին տարիքայինների համար ստեղծագործելիս մտածում եմ՝ ինչ կցանկանայի տեսնել մայրիկիս հագին:
-Դուք պետք է մասնակցեիք Ղրիմի նորաձեւության շաբաթին, սակայն այցն այդպես էլ չկայացավ. ինչ-որ անհամաձայնություններ ծագեցի՞ն:
-Այնտեղ որոշ խոչընդոտներ եղան, պայմանագրի հետ կապված հարցեր ծագեցին, որոնց հետ ես չհամաձայնվեցի, եւ, ի վերջո, չմասնակցեցի շաբաթվան: Կարծում եմ՝ արտերկրից էլի հրավերներ կլինեն, տարին դեռ առջեւում է:
-Անահի՛տ, կցանկանայի անդրադառնալ նաեւ Ձեր եւ Ձեր ամուսնու՝ Հայկոյի համատեղ կյանքին: Դժվար չէ՞ մշտական ուշադրության կենտրոնում լինելը, աստղային զույգի կյանքով ապրելը, քննարկվող հարաբերություններ պահպանելը:
-Չէի ասի, թե դժվար է. երբ մենք ընտրում էինք մեր մասնագիտությունը, մեր ուղին, պատրաստ էինք այդ քննարկումներին, լավ ու վատ արձագանքներին: Ամեն դեպքում, չենք թողնում, որ մարդիկ ներխուժեն մեր ընտանիք, փորձում ենք հասարակությանը հնարավորինս հեռու պահել մեր անձնական ընտանեկան կյանքից:
Աննա Բաբաջանյան