Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցել է ԳԴՀ-ի Բունդեստագի նախագահի հետ հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանատանը, արտակարգ եւ լիազոր դեսպան Օրթվին Հենիգի նախաձեռնությամբ, փետրվարի 13-ին կայացավ հանդիպում Գերմանիայի Դաշնության Բունդեստագի նախագահ դոկտոր Նորբերտ Լամմերտի հետ: Հանդիպմանը մասնակցում էին Վրաց Ուղղափառ, Հռոմեական կաթոլիկ, Գերմանական լյութերական, Մկրտական-ավետարանական Եկեղեցիների բարձրաստիճան հոգեւորականներ, Հրեական համայնքի ռաբբին եւ Եզդի համայնքի հոգեւոր առաջնորդը:

Հանդիպմանն իր մասնակցությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Հանդիպմանը Գերմանիայի Բունդեստագի նախագահը հետաքրքրվեց Վրաստանում կրոնական հանդուրժողականության մասին: Բարձրաստիճան հյուրին հետաքրքրում էր նաեւ քրիստոնյաների, մահմեդականների, հուդդայականների եւ այլ կրոնական համայնքների փոխհամագործակցությունը:

Վիրահայոց թեմի առաջնորդը պատմական ակնարկով ներկաներին եւ բարձրաստիճան հյուրին ներկայացրեց Հայոց Եկեղեցու, Վիրահայոց թեմի պատմությունը, հայ եկեղեցուն եւ Վրաստանի հայությանը հուզող հիմնահարցերը:

Սրբազան Հայրը շեշտեց նաեւ այն, որ հակառակ տարբեր դժվարություններին, Վրաստանում շարունակվում է կրոնական համայնքների փոխհամագործակցությունը, իսկ պետության հետ համագործակցությամբ Վիրահայոց թեմը ակնկալում է պատմական իր եկեղեցիների վերադարձի հիմնախնդրի լուծում:

Դոկտոր Նորբերտ Լամմերտը Թեմի առաջնորդից հետաքրքրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, Վրաստանի տարածքում հայկական եւ իսլամական համայնքների փոխհարաբերությունների եւ հայերի ու թուրքերի փոխհարաբերությունների մասին: Բունդեստագի նախագահը նշեց, որ ողջ Եվրոպան տեղյակ է 100 տարի առաջ հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության մասին,հավելելով, որ հայկական տարբեր համայնքներում տարբեր միջոցառումներով հիշատակելու են այդ ողբերգական կորստի զոհերին եւ Եվրոպայում ուշիուշով հետեւում են հայ-թուրքական փոխհարաբերություններին:

Բարձրաստիճան հյուրերին հետաքրքրում էր նաեւ այն, թե Վրաստանի հայ համայնքի որքան մասն է կազմում ցեղասպանությունից մազապուրծ փրկված եւ Վրաստան գաղթած հայության թիվը:

Սրբազանն իր երախտագիտությունը հայտնեց դոկտոր Նորբերտ Լամմերտին հայ ժողովրդի մեծ վշտի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար եւ ներկայացրեց, որ հակառակ պատմական իրադարձություններին, Վրաստանում հայ համայնքը հաշտ ապրում է իսլամական համայնքի հետ, չմոռանալով, անշուշտ, պատմության արդարության հիշողությունն ու պահանջատիրությունը:Սրբազանը նշեց, որ վրացահայ համայնքի գրեթե մեկ երրորդը հանդիսանում են ցեղասպանության զոհերի ժառանգներ եւ վրացահայությունը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպում է տարբեր միջոցառումներ եւ աշխարհասփյուռ հայության հետ իր ձայնն է բարձրացնում արդարության համար:

Թեմի առաջնորդը նաեւ իր գոհունակությունը հայտնեց վրացական իշխանություններին եւ կրոնական բոլոր համայնքների ներկայացուցիչներին, ովքեր մշտապես կիսում են վրացահայության վիշտը եւ կանգնում են հայ համայնքի կողքին:

Հանդիպմանը քննարկվեց նաեւ համայնքների միջեւ խառը ամուսնությունների եւ բազմամշակութային փոխհամագործակցության վիճակագրությունը Վրաստանում:

Վրաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Օրթվին Հենիգը իր շնորհակալությունը հայտնեց հյուրերին հանդիպմանը մասնակցության եւ ջերմ զրույցի համար:




Լրահոս