Բժշկական սխալի հետեւանքով մահացած 16-ամյա Շահում Ալեքսանյանի գործով դեռ ոչ ոք չի պատժվել: Նրա տատիկը` Խաջի Կիրակոս Հռիփսիմեն, թոռան մահվան մեջ մեղադրում է անեսթեզիոլոգ Աննա Հարությունյանին:
Նախ տեղեկացնենք, թե ինչու է մահացել Ալեքսանյանը: Տատիկի պատմելով՝ Շահումը 2011-ի փետրվարի 7-ին գնացել էր ,Արմենիաե բժշկական կենտրոն՝ վիրահատվելու: Նրա մոտ ախտորոշվել էր ամորձու ոլորում. “Մեզանից թաքցրել էր, բայց տեսանք, որ Շահումի հետ ինչ-որ բան այն չէ: Տարանք բժշկի, ուռոլոգն էլ զննեց ու ասաց, որ 20 րոպե կտեւի, չվախենանք, հեշտ վիրահատություն է: Բայց… ի՞նչ 20 րոպե: 40 օր մնաց կոմայի մեջ, հետո մահացավ”: Տատը թեեւ բժիշկ չէ, այնուամենայնիվ, վստահ է, որ վիրահատության ժամանակ “նարկոզի” չափաբաժինը նախատեսվածից շատ է եղել, այդ պատճառով էլ Շահումը 40 օր ընկել է կոմայի մեջ: Վիրահատությունն արվել է տեղի ուռոլոգ Դավիթ Ֆանարջյանի կողմից, իսկ անեսթեզիոլոգը եղել է Աննա Հարությունյանը: Տղայի մահվան կապակցությամբ 2011-ի մարտին հարուցվել է քրեական գործ 130 հոդվածի 2-րդ մասով (արարք, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ), որը նախատեսում է պատիժ՝ 2-6 տարի ժամկետով: Գործն այժմ նախաքննության փուլում է:
Բնականաբար, անեսթեզիոլոգը փորձում է պաշտպանվել՝ ասելով, թե իր սխալի պատճառով չի մահացել: Նա կառչում է մի բժշկական փաստաթղթից, ըստ որի՝ Շահումն էպիլեպսիկ հիվանդ է եղել: Մինչդեռ երիտասարդի տատը պնդում է, որ այդ փաստաթուղթը կեղծ է: “Ես այդ փաստաթուղթն այլ ճանապարհով եմ ձեռք բերել, որպեսզի թոռնիկիս ազատեմ բանակի ծառայությունից: Նույնիսկ ունեմ ձայնագրություններ, որոնք ապացուցում են, որ այդ թուղթը սարքած է”,-ասաց մեր զրուցակիցը` իրեն մեղադրելով այդ չարաբաստիկ թուղթը ձեռք բերելու մեջ: Տատիկի տեղեկացմամբ՝ փաստաթուղթն ինքը ձեռք է բերել “Արաբկիր” բ/կ-ի էպիլեպսիայի բաժանմունքի վարիչից` Բիայից, որն իր ցուցմունքում հաստատել է, որ Շահումը էպիլեպսիկ է, բայց միաժամանակ ընդգծել է, որ այն չէր կարող մահվան պատճառ լինել: “Բիան չէր կարող բարձրաձայնել, որ ինքը կեղծ թղթեր է տվել, դրա համար էլ ասել է, թե Շահումը էպիլեպսիկ է: Հենց տվեց թուղթը, ես իրեն ասացի, որ եթե այն օգնի, որ թոռանս բանակ չտանեն, մի լավություն կանեմ”,-պարզաբանեց տատիկը` պնդելով, որ կեղծ փաստաթուղթ ստանալու համար նա Բիային ոչ մի գումար չի տվել:
Եւ այսպես, Շահումի մահվան առիթով հարուցված քրգործը նախ քննվել է բժշկական սխալի մասով, եւ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հիմա կա երեք եզրակացություն, որոնց մեջ հերքվում է բժշկական սխալի տարբերակը: Բայց այդ եզրակացություններն իրարից տարբեր են իրենց մեկնաբանություններով: Առաջին եւ երկրորդ փորձաքննությունները ցույց են տվել, որ էպիլեպսիան չէր կարող բերել սրտի կանգի եւ թթվածնի քաղցի: Իսկ երրորդը միայն հաստատել է այն, որ սրտի կանգի պատճառը եղել է էպիլեպսիան:
Խաջի Կիրակոս Հռիփսիմեի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց. “Վերջնական ընթացքով միջնորդել եմ բժշկական բնագավառի մասնագետ հրավիրել առկա եզրակացությունների շուրջ հարցաքննելու համար: Հետո որոշումը բողոքարկելու ենք ՀՀ գլխավոր դատախազություն, այնուհետեւ` առաջին ատյանի դատարան”:
Իսկ ,Արմենիաե բ/կ-ի ուռոլոգ Դավիթ Ֆանարջյանը մեզ տեղեկացրեց, որ Շահումը մինչ վիրահատվելը հետազոտվել է, որից հետո պարզվել է, որ տղայի մոտ ամեն ինչ նորմալ է եղել, բացառությամբ իր ոլորված ամորձու: “Սիրտ-անոթային համակարգն էլ է նորմալ եղել: Խնդիր չի ունեցել: Բայց երբ վիրահատությունն ավարտված էր, սրտի աշխատանքի կանգ եղավ: Ես ուռոլոգ եմ ու կարող եմ միայն այդ մասով խոսել”,-ներկայացրեց բժիշկը:
Նշենք, որ Շահումի հայրը հիմա Բելգիայում է: Իսկ մայրը դեռ չի կարողանում հաշտվել որդու կորստի հետ: “Հայրը եկավ, տեղի ունեցածից հիասթափվեց ու նորից հետ գնաց: Էլ չի ցանկանում վերադառնալ: Շահումն այս տարի պետք է դպրոցն ավարտեր”,-արցունքն աչքերին՝ ասաց տատիկը՝ նկարագրելով, որ 16-ամյա տղան ծրագրել էր հետագայում հայոց պատմություն ուսումնասիրել: “Նա զուսպ երեխա էր, խելացի, բանիմաց, մեծին հարգող: Համակարգչային խաղեր էր շատ սիրում ու ֆուտբոլի մեծ սիրահար էր: 5 տարի զբաղվել է ֆուտբոլով”,-պատմեց տատիկը:
Նա դիմել է Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, որպեսզի գտնեն ու պատժեն իր թոռանը փաստացի սպանողներին: Սակայն տիկնոջը պատասխանել են, թե “մենք հետաքրքրվել ենք ու պարզել, որ բժիշկները մեղավոր չեն”: Բայց տատիկը չի դադարում երազել, որ մի օր կպատժվեն նրանք, ովքեր իր թոռան մահվան պատճառ են դարձել: Իսկ առայժմ նա հոգին թեթեւացնում է՝ Շահումի մասին բանաստեղծություններ գրելով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ