Բնապահպաններն անհանգստացած են «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ-ի` Սեւանի ափամերձ տարածքներում նավթ եւ գազ որոնելու մտադրություններից: Այժմ ՀՀ բնապահպանության նախարարությունում բնապահպանական փորձաքննություն է անցնում ընկերության` ՀՀ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ պայմանական տարածքներում նավթի եւ գազի երկրաբանական ուսումնասիրության հայտը: Ուսումնասիրության տարածքներն են ձկնորսությամբ զբաղվող գյուղերը` Հայրիվանքը, Ծաղկաշենը, Նորատուսը:
Տեղեկացնենք, որ դեռեւս 2007թ. ապրիլի 27-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների, բնապահպանության նախարարությունների եւ «Բլեքսթերզ Էներջի» ընկերության միջեւ կնքվել է նավթի երկրաբանական հետախուզական եւ արտադրանքի բաժանման պայմանագիր, ինչի համար էլ ընկերությանը տրվել է թիվ 53 հատուկ լիցենզիա: Իսկ 2012թ. լիցենզիայի ժամկետը 2 տարով երկարաձգվել է:
Ընկերությունը մտադիր է իրականացնել երկրաբանական քարտեզագրում, երկրաքիմիական ուսումնասիրություններ, սեյսմահետախուզական աշխատանքներ, մեկ հորատանցքի փորում, որի փորձաքննության համար դեռ պետք է առանձին հայտ ներկայացնի:
Աշխատանքները կատարվելու են 2015-2016թթ.: Իսկ ուսումնասիրության ընդհանուր ծախսերը կազմում են 11 մլն դոլար: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը փորձաքննության է ներկայացրել մի քանի փաստաթուղթ, որոնց թվում է «Շրջակա միջավայրի, առողջության եւ անվտանգության պահպանման քաղաքականությունը» փաստաթուղթը: Սակայն մասնագետների պնդմամբ՝ այս փաստաթուղթը ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) չունի եւ կրում է առավելապես նկարագրական բույթ:
Մինչդեռ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ժամանակ ընկերությունը պետք է հաշվի առնի նմանատիպ հանգամանքներում կիրառվող միջազգային ստանդարտները եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ կատարված համապատասխան ուսումնասիրությունները: Այս հարցի շուրջ հանրային լսումներ են հրավիրվել բոլոր 3 համայնքներում՝ Ծաղկաշենում, Հայրիվանքում եւ Նորատուսում: Նորատուսի համայնքապետ Մուրադ Հարությունյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ «Բլեքսթերզ էներջի» ընկերության կողմից իրականացվող ուսումնասիրությունները ոչնչով չեն վնասի համայնքին:
Սակայն բնապահպան Սիլվա Ադամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Նորատուս համայնքը մտնում է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքի մեջ, որտեղ նավթ, գազ որոնելու աշխատանքներ իրականացնելն օրենքով է արգելված: «Ինչպես են այնտեղ հորատանցք փորելու կամ եթե ինչ-որ բան գտնեն: Մենք հիմա պետք է համոզենք բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին, որ նա այս ընկերության կողմից ներկայացված փորձաքննութանը դրական եզրակացություն չտա: Եթե այնտեղ նավթ գտնեն, դուք պատկերացնում եք` ինչ կլինի»,- մտահոգվեց բնապահպանն՝ ընդգծելով, որ սա լուրջ խնդիր է եւ կարող է մեծ ռիսկերի բերել:
Իսկ, ահա, բնապահպանության նախարարության մոնիտորինգի վարչության պետի նախկին տեղակալ Սեյրան Մինասյանը, ով աշխատում է ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, առաջարկեց պատկան մարմիններին նախ՝ արգելել ձուկ որսալը, հետո՝ նման պայմանագրեր կնքելը. «Սեւանի ափին նավթի համար փորել են դեռ խորհրդային տարիներին, նավթ չկա: Հարյուրավոր տներ մնացել են Սեւանի տակ, դրանք չեն մաքրել, չեն ապամոնտաժել, ջուրն են անխնա վերցնում, ձուկը գողանում են: Թող այս ամենի մասին մտածեն»:
Մինչ համայնքապետերը պնդում են, որ ընկերությունը հանրային լսումներ է անցկացրել, Գավառի «Օրհուս» կենտրոնի աշխատակից Լիաննա Ասոյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ իրենք տեղյակ չեն եղել այդ հանրային լսումներից: Ավելին՝ նրանք մտադիր են առաջիկայում այս հարցի շուրջ հանրային մեծ լսումներ անցկացնել. «Այս պահին չենք ցանկանում եզրակացություններ անել, քանի որ հստակ ինֆորմացիա չունենք: Փորձում ենք հանրային լսումներ անցկացնել եւ հրավիրել մասնագետների, որպեսզի հասկանանք, թե այս աշխատանքները որքանով կարող են վնասել շրջակա միջավայրին»:
Խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Սեւան ազգայի պարկ» ՊՈԱԿ-ի գիտական գծով տնօրեն Վահե Գուլանյանի հետ: Նշենք, որ նա ինչպես «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ընկերության, այնպես էլ ՍՊԸ-ի` նավթ գտնելու մտադրությունների մասին առաջին անգամ էր լսում: «Երկրաբանահետախուզական աշխատանքները «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում արգելվում են ե՛ւ օրենքով, ե՛ւ ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ: Որեւէ մեկին թույլ չենք տա հետախուզություն անցկացնել մեր տարածքում: Մեզ ոչ ոք չի դիմել այս հարցով եւ չի տեղեկացրել, որ հետախուզություն է անցկացնելու»,- ընդգծեց Գուլանյանը: Նրա համոզմամբ՝ սխալ կլինի, եթե ԲՆ-ն նման նախագծի փորձաքննությանը դրական եզրակացություն տա:
«Ժողովուրդ»-ը «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ընկերության ֆինանսական գծով տնօրեն Քրիստինե Վարդանյանից տեղեկացավ, որ նավթի, գազի որոնողական աշխատանքները կսկսվեն ամռանը: Տնօրենի խոսքով՝ այս աշխատանքները ոչնչով չեն վնասելու շրջակա միջավայրին. «Ուսումնասիրության աշխատանքների հիման վրա պետք է տեսնենք՝ այդ տարածքներում կա՞ ինչ-որ ակնկալիք կամ նավթի եւ գազի պաշարներ: Տվյալ պահին աշխատանքների նպատակը դա է: Սեյսմիկ հետախուզական աշխատանքները կատարելուց հետո արդեն կորոշվի, թե որ մարզում կկատարվի հորատում: Եթե, իհարկե, ուսումնասիրության ընթացքում պարզ դառնա, որ նավթի պաշարներ կան: Ամեն դեպքում այդ աշխատանքներն անվնաս են»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ