ԲՀԿ-Ի ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԾԵԾՈ՞Վ ՏՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ Կառավարության շենքի մոտ էին հավաքվել ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները, որոնք պահանջում էին բացահայտել եւ պատժել ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանին դաժանաբար ծեծի ենթարկողներին: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրին, որ ԲՀԿ ակտիվիստի ծեծը հետեւանքն է այն բանի, որ վերջին ժամանակահատվածում ԲՀԿ-ն քաղաքական ակտիվ գործունեություն է իրականացնում:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
-Պարո՛ն Մանուկյան, արդեն մի քանի ամիս է, ինչ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ դաժանաբար ծեծի են ենթարկվում: Շաբաթ օրն այդ ցուցակը համալրվեց ԲՀԿ ներկայացուցիչով. Արտակ Խաչատրյանը քաղաքի կենտրոնից առեւանգվեց եւ դաժանաբար ծեծի ենթարկվեց: ԲՀԿ-ականներն այդ ամենը կապեցին այն բանի հետ, որ Արտակը «Կասեցում» նախաձեռնության ակտիվիստներից էր, ով պահանջում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքի կասեցումը: Ոչ իշխանական ուժերը պնդում են, որ այդ ամենը ՀՀ իշխանությունների «ձեռքի» գործն է: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են իշխանությունները նման քայլի գնում` գիտակցելով, որ կատարվածում անմիջապես հենց իրենք են մեղադրվելու:
-Սա բնորոշ է իրենց բնույթին, սա իրենց համար ավելի հոգեհարազատ է: Այսինքն՝ իրենց ներսի գողականը, փողոցի խուժանի մտածողությունն այսպես են արտահայտում: Իրենք այլ գործիքներ չեն էլ կարող կիրառել, հետեւաբար իրենք սկսել են ռեպրեսիաների դիմել, բռնել եւ այլն, քանի որ վաղուց սպառվել են իրենց գործիքները: Այսպես ասեմ, եթե իրենք այժմ լավագույն քայլերն անեն, լավագույն բարեփոխումներն անեն, ոչ ոք նրանց չի հավատա, իրենք այլեւս լավ քայլ անելու ռեսուրս չունեն:
-Իսկ ինչո՞վ եք պայմանավորում ԲՀԿ ակտիվիստին ծեծի ենթարկելու քայլը: Կարծես թե ԲՀԿ-ն վերջին ժամանակահատվածում այդքան էլ ակտիվ քաղաքական գործունեություն չի իրականացրել, որի պատճառով իշխանությունները «տագնապով» լցվեին եւ դիմեին Ձեր ասած գործիքներին` ծեծին ու ահաբեկելուն: Մի՞թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի «պատասխանն» էր սա:
-Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ վերջին իրենց խորհրդաժողովի ընթացքում հնչած գաղափարների պատասխանն է սա: Այսինքն՝ եթե դու արտահերթ ընտրություններ ես պահանջում, եթե դու համաժողովներ ես անում, սա էլ կլինի իմ պատասխանը: Իմ ասածը հնարավոր է՝ պարզունակ է, բայց ես կարծում եմ, որ սա է իրականությունը, սա դրա պատասխանն է: Եթե շատ խելոք, սուսիկ-փուսիկ ժողով լիներ, նման արձագանք չէր լինի:
-Բայց կարծես թե առանձնապես վճռական եւ որոշիչ էլ չեղավ այդ խորհրդաժողովը, որեւէ կոնկրետ բան չորոշվեց, կտրուկ քայլերի մասին չխոսվեց: Չեք կարծո՞ւմ, որ եթե իշխանության կողմից պատասխան լիներ, ապա այդ դեպքում ոչ թե Արտակ Խաչատրյանը «թիրախ» կդառնար, այլ ուրիշ ԲՀԿ-ականներ, եւ պատասխանն էլ ավելի կոշտ կլիներ:
-Ինչ կարեւոր է՝ ո՞ւմ միջոցով է տրվել պատասխանը, կարեւորը մեսիջը տեղ է հասել, իսկ ինչո՞ւ Ռազմիկ Պետրոսյանին, ինչո՞ւ Հրազդանի Աշոտ Փանոսյանին, ի՞նչ կարեւոր է, թե ում միջոցով: Ի վերջո, այդ տեղեկությունը տարածվեց, ու բոլորը տեղեկացան, որ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի ակտիվիստին ծեծել են, ազատամարտիկի վրա ձեռք են բարձրացրել եւ այլն: Կարծում եմ՝ սա դեպքերը զարգացնելու, արագ առաջ տանելու լավ միջոց է, մենք վաղուց ենք ասում, որ պետք է դեպքերի զարագացում լիներ: Ոչ մեկը թող չնեղանա, բայց եթե մենք միտինգային գործընթացն արագ, մի շնչով տանեինք, իրենք երեւի թե ժամանակ չէին ունենա մտածելու նման բաներ անելու համար: Իսկ հիմա պետք է արագ գործընթաց կազմակերպել, թե չէ իրենք իրենց ձեռագիրը չեն փոխում, իրենց մտածելակերպը չեն փոխում: Իրենց մտածողության վրա պետք է ազդել, որին կօգնի ժողովրդի համախմբումը, միտինգները, ցույցերը: Ես կարծում եմ` մյուս շաբաթ եռյակն իր արձագանքը կտա:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
-Պարո՛ն Ավետիսյան, ըստ Ձեզ՝ ինչը կարող էր պատճառ լինել, որ նման դաժանությամբ ծեծի ենթարկեին Ձեր կուսակցության անդամ ակտիվիստին:
-Ես չեմ ուզում ասել, որ դա միայն կոնկրետ ԲՀԿ ակտիվիստի նկատմամբ է եղել, դրանից առաջ եղել է ՀԱԿ-ի պատգամավորի, ազատամարտիկների նկատմամբ, ես մտածում եմ, որ հերթական անգամ ուզում են լռեցնել այն ակտիվիստներին, որոնք ուզում են, որ մեր իշխանությունները…իրենց նկատմամբ են բռնություն իրականացնում:
-Ի վերջո, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարեկամներ են՝ խնամիական կապով կապված: Ինչո՞ւ Գ. Ծառուկյանն այս նույն հորդորով չի դիմել Հ. Աբրահամյանին, այլ փոխարենը Դուք նման բողոքի ակցիայով եք հանդես գալիս:
-Բարեկամական կապը քաղաքական կատեգորիա չէ, դա բազմիցս ասվել է: Կա քաղաքական ուժ, ու կան այլ ուժեր, որոնք այսօր համախմբվել են ու պահանջում են այս իշխանություններից ադեկվատ գործողություններ:

 

 

 

 
Ո՞Վ ԿԱՄ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԱՌԱՋԻՆ «ԳԻԾ» ՄՂՈՒՄ

Շաբաթ օրը տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում գաղտնի հանդիպում են ունեցել, որից հետո Հայաստանում սկսվեցին բավականին հետաքրքիր զարգացումներ: Հ. Աբրահամյանի՝ Հայաստան վերադառնալուն պես նրան անակնկալ էր սպասում. նրա խնամու՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցության ակտիվիսիտ Արտակ Խաչատրյանին դաժանաբար ծեծի ենթարկեցին: Այն, որ այդ ծեծը քաղաքական դրդապատաճառ ուներ, թերեւս քչերի մոտ է կասկած հարուցում: Եվ ստացվում է, որ ՀՀ Կառավարության մոտ «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքի ակցիաներն իրականացնում էին հենց ԲՀԿ ակտիվիստները:

Երեկ ՀՀ Կառավարության շենքի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ «թատերաբեմ էր բարձրացել» ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը, որը հայտնի է դեռեւս «Դեմ եմ» նախաձեռնության բողոքի ակցիաների հետ իր առնչություններով եւ համարվում է ԲՀԿ-ի արմատական թեւի ղեկավարը: Նա բավականին հուզական ելույթ ունեցավ` հայտարարելով, թե չի կարելի թույլ տալ, որ Հայաստանում մարդիկ ծեծվեն իրենց քաղաքական գործունեության համար, եւ որ իշխանությունը պատերազմ է հայտարարել ժողովրդին: Մարտի 1-ի սպանդն ու ցուցարարների զանգվածային ծեծն արդարացնող Օսկանյանը երեկ, մոռացած ոչ վաղ անցյալը, իրեն դարձյալ զգում էր «կառավարողի» դերում. հենց վերջինիս շուրջ էին հավաքվել բոլոր ԲՀԿ-ականները եւ սպասում էին նրա խոսքին: Օսկանյանի վերաակտիվացումը բավականին ուշագրավ է, քանի որ Ռ. Քոչարյանի մերձավորագույն այս գործչի «դերակատարությունը» թվում էր՝ պետք է որ այս փուլում ձեռնտու չլիներ ԲՀԿ-ին:
Բողոքի ակցիայից հետո ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը հայտարարեց. «Սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գ. Ծառուկյանի վրա»,- այս կերպ իր խնամուն հասկացնելով, որ եթե ինքը շարունակի «ընկնել» Վ. Օսկանյանի «խելքին», կլինեն անդառնալի հետեւանքներ: Այդպիսով՝ Ծառուկյանից առավելագույնս տարանջատվելով` միեւնույն ժամանակ Հ. Աբրահամյանը մեսիջ հղեց Սերժ Սարգսյանին` փորձելով ընդգծել, որ ինքն այլեւս պատասխանատու չէ խնամու գործունեության համար: Գ. Ծառուկյանն էլ հետ չմնալով՝ իր մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի միջոցով իշխանական թեւին պատասխանեց, թե «ողջ պատասխանատվությունը կրում է քաղաքական ղեկավարությունը»:
Եթե ամփոփելու լինենք իրավիճակը, ակնհայտ է դառնում, որ ԲՀԿ-ն իշխանություն է ուզում, իսկ ՀՀԿ-ն էլ դա փորձում է թույլ չտալ կամ էլ առաջարկում է սահմանադրական բարեփոխումների միջոցով մասնաբաժին ունենալ՝ հակառակ դեպքում զգուշացնելով, որ առաջիկայում եւս կկիրառի ծեծի եւ բռնությունների գործիքակազմը: Բայց կարծես թե Գ. Ծառուկյանն առանձնապես չի վախենում նման հեռանկարից, քանի որ նախօրեին էլ «Երդվյալ ազատամարտիկների» միության ներկայացուցիչներին «ճանապարհեց» առաջին գիծ` վստահեցնելով, որ ինքը նրանց կողքին է:
Թե ինչպես կզարգանա ներքաղաքական այս պայքարը, պարզ կդառնա կարճ առաջիկայում, բայց որ իրավիճակը գնալով է՛լ ավելի է սրվելու, արդեն կասկածից դուրս է:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԿՐԿԻՆ ԱՂՄՈՒԿ
Երեկ հերթական աղմկահարույց պատմությունն ի հայտ եկավ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անձի հետ կապված: Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) նախորդ օրը գաղտնազերծել է շվեյցարական HSBC բանկի հաճախորդների ցուցակները: Ըստ այդմ, նշվում է, որ ցանկում առկա են ՀՀ 10 քաղաքացիների անուններ: Կոնսորցիումի անդամները նրանցից գաղտնազերծել են միայն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը: Նրա անունը բանկի հաշիվներում հայտնվել է 2000-ից, հաշվեհամարին առկա է 1,1 միլիոն դոլար: Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանի՝ երեկ տարածած պարզաբանման համաձայն՝ այդ հաշիվը ոչ թե Գարեգին Բ-ն է բացել, այլ ժառանգել է նախորդ կաթողիկոսից` Գարեգին Ա-ից: Ըստ Մելիքյանի՝ հաշվին եղած գումարն էլ Գարեգին Բ կաթողիկոսին չի պատկանում, այլ Հայ Առաքելական եկեղեցուն: Բանկում հաշիվը ձեւակերպված է Կաթողիկոսի անունով, բայց նրա մահից հետո հաշվեհամարն անվանափոխվում է նոր կաթողիկոսի անունով:
Ի դեպ, ուշագրավ համեմատություն. ԽՍՀՄ-ի գոյության տարիներին եւս Հայ Առաքելական եկեղեցին շվեյցարական բանկերում հաշիվներ է ունեցել, բայց Հայաստանի անկախացումից հետո՝ 1991-ին, Վազգեն Առաջին երջանկահիշատակ Կաթողիկոսը հրաժարվել է այդ հաշիվներից, իսկ դրանցում եղած գումարները` մոտ 5 միլիոն դոլար, նվիրել է նոր ստեղծված Հայաստանի Հանրապետությանը:

 

ՓՈՂ Է ՈՒԶՈՒՄ
Երեւանի «Շամպայն-գինիների գործարանը», որը պատկանում է ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանին, հայցադիմում է ներկայացրել Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ «Հայաստան» առեւտրի կենտրոնի սեփականատեր «Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ի: Հայցվորը դատարանից պահանջում է հօգուտ իրեն «Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ից բռնագանձել 425 հազար 740 դրամ: Ավելին՝ Երեւանի «Շամպայն գինիների գործարանի» փաստաբանը միջնորդել է «Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնել, ինչր գործը քննող դատավորի՝ Ալվարդ Հունանյանի կողմից բավարարվել է:

 

ԱԼՅՈՒՐ ԿԱ, ՀԱՑ ՉԿԱ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները նվազել են մեկուկես տոկոսով: Փոխարենը կտրուկ ավելացել են ալյուրի արտադրության ծավալները` 2013-ի համեմատ 29.6 տոկոսով: Իսկ թե ուր է գնացել ավել արտադրված ալյուրը, անհասկանալի է մնում:

 

ԵՐԿՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔ
Փետրվարի 6-ին Պռոշյան փողոցում կրակոցներ արձակած ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդու՝ Մհեր Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք պահելը) հատկանիշներով:




Լրահոս