24-ԱՄՅԱ ԱՂՋԿԱ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՆԵԼՈՒԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու Անի թաղամասի Չարենցի 10 հասցեում ինքնասպան եղած, 1991 թվականին ծնված Ժենյա Սարիբեկյանի հարազատները չեն հավատում, որ նրա նման կենսախինդ աղջիկը կարող էր ինքնասպան լինել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գեղարվեստի պետական ակադեմիայի՝ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանն ասաց, որ եթե ակադեմիայում դասերը սկսվեին ոչ թե փետրվարի 9-ից, այլ ավելի շուտ, միգուցե Ժենյայի հետ այս դեպքը չլիներ:

Նշենք, որ աղջկան զգեստապահարանի վերեւի հատվածից կախված վիճակում հայտնաբերել էր նրա մայրը` Արփինե Բարսեղյանը: Պարզեցինք, որ մայր ու դուստր Գյումրիի Անի թաղամասի Չարենցի 10 հասցեի 58 տանը վարձով էին ապրում, իսկ նրա քույրն ամուսնացել եւ ապրում էր Ռուսաստանի Դաշնությունում: 24-ամյա Ժենյան սովորում էր Գյումրու գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայում: Եղել է նաեւ Գյումրու «Տիրամայր Հայաստան» կենտրոնի սաներից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Տիրամայր Հայաստան» կենտրոնի սոցիալական հարցերի բաժնի պատասխանատու տիկին Ծաղիկը պատմեց, որ Ժենյային տեսել է դեպքից մեկ օր առաջ. «Որեւէ տարօրինակ բան չեմ նկատել, եկավ նույն կենսուրախ ձեւով, բարեւեց, ժպտաց: Նույն Ժենյան էր, ինչպես որ միշտ տեսել ենք նրան: Շատ ապշած ենք ու շոկի մեջ: Մեր կենտրոնում երեխաների խնամքով են զբաղվում, եւ Ժենյան մեր սանն էր: Իսկ երբ գնաց, արդեն որպես մեր նախկին սան՝ հաճախ գալիս էր ու դեպքից մեկ օր առաջ էլ եկել էր կենտրոն»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանը պատմեց, որ Ժենյան դիպլոմային աշխատանքներ էր կատարում, գիտեր՝ ինչ պետք է աներ, որեւէ խնդիր չուներ եւ չէր կարող այս քայլին գնալ. «Մեր ակադեմիայում առաջին կուրսից սկսած հովանավոր ուներ եւ մինչ օրս որեւէ ֆինանսական խնդիր չի ունեցել: Երեկվանից մեր դասերը սկսել են, ու լսում ենք նման բան, ապշած ենք»:
Հարցին, թե ըստ Անի թաղամասում տարածված տեղեկությունների՝ Ժենյան պատրաստվում էր նշանվել, միգուցե անձնական խնդիրնե՞րն են դրդել աղջկան այդ քայլին, ակադեմիայի տնօրենը պատասխանեց. «Չեմ լսել իր նշանադրության մասին, բայց պետք է նաեւ ասեմ, որ նա այնքան կենսուրախ աղջիկ էր, ազատ, կաշկանդված չէր, ու չեմ կարծում, որ անձնականը կարող էր այն աստիճան ընկճել Ժենյային, որ նա գնար այդ քայլին: Ես Ժենյայի դիպլոմային ղեկավարն եմ, շատ հաճախ եմ իր հետ շփվել, դասերի ժամանակ հետը խոսել: Նույնիսկ Ամանորին իր կուրսեցիների հետ եկավ մեր տուն, ամեն ինչ նորմալ էր: Ու այսպիսի երեխան գնա՞ր այդ քայլին, անհավանական է, բոլորիս տանջում է մի հարց՝ ինչո՞ւ»:
Մեր զրուցակցի նկարագրմամբ՝ նա «…մարդու սխալն իր ճակատին ասող աղջիկ էր: Եղել են դեպքեր, որ ուսանողներին չաշխատելու համար նեղացրել եմ, բայց ինքը կուգար, մեջ կմտներ, որ կհարթեր: Վերջին անգամ մի երեխայի համար եկավ ասաց, թե պարո՛ն Ղուկասյան, պետք չէ, ամուսնանում է, ոչինչ կամուսնանա, էլի լավ կսովրի, մի՛ նեղեցեք: Ինչ ասեմ: Խեղճ չէր, իրեն խեղճացնել չէին կարող: Կրկնում եմ՝ ինքն այն մարդը չէր, որ նման բան աներ»:
Իսկ, ահա, Ժենյայի հարազատները չկարողացան մեզ հետ խոսել` նշելով, թե իրենց ցավը շատ մեծ է եւ ընկճել է իրենց:
Նշենք, որ աղջկա ինքնասպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասով` «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

 

 

 

 
ՀԱՄԱԼԻՐԻ ԿՐԱԿՈՑՆԵՐՆ ՈՒ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀԻՆ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի «Իջեւանատուն» համալիրում տեղի ունեցած կրակոցների եւ դրան հաջորդող աղմկալի դեպքերը սկսվել են համալիրի մատուցողուհու մեկ խոսքից:

Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլի 2-ին «Իջեւանատուն» համալիրի բակում կրակոցներ էին հնչել: Կրակոցների կենտրոնում էին հայտնվել համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանը եւ Աշոտ Այդինյանը: Այս գործով սկզբում տուժողի կարգավիճակում էր հայտնվել համալիրի սեփականատերը, սակայն ավելի ուշ վերջինս հայտնվեց մեղադրյալի աթոռին եւ իր հետ դատարան «քարշ» տվեց նաեւ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի պետ Անդրանիկ Ազիբեկյանին եւ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ավետիսյանին:
Որտեղից սկսվեց այս պատմությունը: 2014թ. ապրիլի 1-ին համալիրում կրակոցներ էին հնչել, դեպքի վայրում նշված օրը քրեական հետախուզության մասնագետները զննություն էին իրականացրել՝ արձանագրելով կատարվածը: Մեզ հասած տեղեկություններով՝ հաջորդ օրը՝ ապրիլի 2-ին, Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի պետ Անդրանիկ Ազիբեկյանը եւ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ավետիսյանը, տեղի ունեցածից անտեղյակ, գնացել էին համալիր՝ հաց ուտելու: Նրանց էր մոտեցել համալիրի մատուցողուհին եւ ասել. «Բա չիմացա՞ք, մեզ մոտ կրակոցներ էին հնչել, մի ահավոր վիճակ էր»:
Անդրանիկ Ազիբեկյանը եւ Արտակ Ավետիսյանը, մտերիմ լինելով համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի հետ, նրան կանչում եւ խոստանում են օգնել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նրանք փոխում են կրակոցների հետեւանքով համալիրի վնասված դարպասները, պատուհանները: Ասել է թե՝ մաքրում են բոլոր հետքերը: Հաջորդ օրն արդեն՝ ապրիլի 3-ին, քրեագետները գալիս են դեպքի վայր եւ տեսնում ամեն ինչ փոխված վիճակում: Քրեագետները սկսում են հետաքննություն, եւ արդյունքում բացահայտվում է այս աղմկալի կրակոցների գործը կոծկելու դեպքը:
Անդրանիկ Խոջումյանը, Անդրանիկ Ազիբեկյանը կալանավորված են, իսկ Արտակ Ավետիսյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 
ՓՈՐՁԵԼ Է ՍՊԱՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ
Մայրաքաղաքում արտակարգ դեպքերը հաջորդում են մեկը մյուսին: Երեկ էլ տեղի է ունեցել հերթականը: Ժամը 05:00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակարաններից մեկում:
Պարզվել է, որ 47-ամյա Աննա Բադալյանը ժամը 04-ի սահմաններում, կողպել է իրենց բնակարանի մուտքի դուռը եւ պատուհանները, որից հետո մուրճով բազմաթիվ հարվածներ է հասցրել 9-ամյա որդու` Ֆ. Նահապետյանի գլխին, երեխային պատճառել գանգուղեղային բաց վնասվածքներ, ապա հրկիզել բնակարանը:
Բարեբախտաբար, հանցանքն ավարտին հասցնել կնոջը չի հաջողվել. նրան եւ որդուն շտապ հոսպիտալացրել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Այստեղից Armlur.am-ին հայտնեցին, որ երեխային վիրահատել են. նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն ծանր է: Իսկ մայրը, ով ստացել է մարմնի 95 տոկոսի այրվածք, տեղափոխվել է ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկ Ներսիսյանը մեզ հայտնեց, որ ինքնահրկիզված կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է` կյանքի հետ ոչ համատեղելի:
Դեպքից հետո քննչական կոմիտեն հայտնել է, որ կնոջ արարքը որակվել է սպանության փորձ: Հարուցվել է քրեական գործ՝ մոր կողմից երեխային սպանելու փորձ կատարելու եւ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են մուրճը՝ արյան հետքերով, բենզինի հոտով պոլիէթիլենային տարա, բջջային հեռախոս: Հյուրասենյակում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ բազմոցին կիպ պատի վրա՝ երկտողանի հայատառ գրառում՝ «մեր մահվան պատճառը էդ սր-իկն է», որից վերցվել են պատի քերուկներ: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ՈՒՄ ԿՈՂՄԻՑ ԾԵԾՎԱԾ
Բերձորի դեպքերի հետ կապված երեկ ԼՂՀ ոստիկանությունն իր պաշտոնական կայքում հաղորդագրություն է տարածել հունվարի 31-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի մոտակայքում անհայտ անձանց կողմից ԼՂՀ չորս քաղաքացիների ծեծի ենթարկելու եւ նրանց պատկանող մեքենաների տարբեր մասերը վնասելու կապակցությամբ:

 

ԿՑՐՏԻ
Փետրվարի 10-14-ին ՀՀ շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 10-ին՝ լեռնային շրջաններում զգալի, 10-11-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ: Քամին` հարավ-արեւմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-14-ին կնվազի 3-4 աստիճանով:




Լրահոս