«Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերից հերթականը ներկայացնում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի հանդիպման մանրամասները: Այն կայացել է 2008թ. հուլիսին, որի նպատակն է եղել ճշգրտումներ մտցնել Նալբանդյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի առնչությամբ: Քննարկման մասշտաբները բավականին լայն են եղել, թեպետ, ինչպես Փենինգտոնն է նկատում՝ Նալբանդյանը բավականին ժլատ է եղել իրական քաղաքական գնահատականների ու առաջարկների հարցում: Հանդիպման շրջանակներում Նալբանդյանը քննարկել է հայ-թուրքական հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Բավականին հետաքրքիր է նաեւ Փենինգտոնի ամփոփիչ մեկնաբանությունը Էդվարդ Նալբանդյանի պահվածքի ու գործունեության շուրջ:
Այսպես՝ հեղինակը հստակեցնում է, որ 2008թ. հուլիսի 10-ի հանդիպումը գլխավորապես միտված է եղել Վաշինգտոնում դրանից մի քանի օր անց ԱՄՆ (այժմ՝ նախկին, հեղ.) պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ Նալբանդյանի ունենալիք քննարկումներին: Դիվանագետը, արտահայտելով իր տպավորությունները, նկատում է, որ Նալբանդյանն իր հետ ներքին քաղաքականության մասին մանրամասնորեն խոսելու հարցում խուսափողական կեցվածք է որդեգրել՝ «դասական սովետական ձեւերով»: Փենինգտոնը հավելում է, որ ՀՀ ԱԳ նախարարը զարմանալիորեն զուսպ է եղել նույնիսկ Թուրքիայի ու ԼՂ հիմնահարցերի կապակցությամբ, որոնց շուրջ «Հայաստանը թվում է համեմատաբար ավելի կառուցողական տվյալ պահին»: Հեղինակը հայտնում է նաեւ, որ Նալբանդյանը, չնայած անվարժությանը, իր հետ խոսել է անգլերենով, ինչը բարդույթի տպավորություն է ստեղծել, քանզի նախկինում ամերիկացիները ԱԳ նախարարի հետ «ավելի լավ» հանդիպումներ են ունեցել հայերենով կամ ռուսերենով:
Փենինգտոնը գովաբանել է Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիայի նախագահին արված հրավերը եւ գնահատել նրա «կառուցողական մոտեցումը» ԼՂ բանակցություններին: Նալբանդյանը մեկնաբանել է, որ Հայաստանը պատրաստ է «թերթել էջը» եւ կարգավորել Թուրքիայի հետ իր հարաբերությունները: Նա պնդել է, որ ԱՄՆ-ն ավելի մեծ ճնշումներ բանեցնի Թուրքիայի վրա այս հարցում: Արտահայտելով իր դժգոհությունը թուրքական կողմից սարգսյանական հրավերին դրական արձագանքելու հապաղումների առիթով՝ Է. Նալբանդյանն ասել է, որ չի պատկերացնում, թե Թուրքիան ինչպես կարող է դրական չարձագանքել հրավերին:
Եվ իսկապես, ինչպե՞ս կարող էր Թուրքիան հրաժարվել նման պայմաններում Հայաստան այցելելու հրավերից: Բավական է հիշել, որ Սերժ Սարգսյանը Թուրքիային հրավիրեց Մոսկվայից, ինչը միջազգային շրջանակներում ու հատկապես պաշտոնական Անկարայի համար հստակ ազդակ հանդիսացավ գործընթացի երաշխավորության առումով: Ավելին՝ Սարգսյանը թույլ տվեց պատմական կոպտագույն սխալ՝ ընկնելով Ցեղասպանության լինել-չլինելու քննարկումների թուրքական ծուղակը: Եթե այս ամենին գումարենք հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը դեռ նախագահ դառնալուց առաջ էր խոստանում այդ չարաբաստիկ հանձնաժողովը բացել, ինչի մասին անկասկած տեղյակ էին թուրքական շրջանակները, ապա պատկերն ավելի ամբողջական է դառնում: Թուրքերը հասկացել էին, որ Սարգսյանին արտաքին ուժային կենտրոններից աջակցում էր տարածաշրջանում ամենակարեւորը՝ Մոսկվան, իսկ ներքաղաքական լեգիտիմությունը ծածկելու մարմաջը Սարգսյանին կստիպի ամենատարբեր զիջումների գնալ, որի ազդակը վերոնշյալ հանձնաժողովի ստեղծման պատրաստակամությունն էր: Նման դեպքում Թուրքիան էլ իր դիրքերը մեծապես զարգացրեց՝ պատմական հանձնաժողովը դարձնելով հետագայի բանակցություններում հայկական կողմի գլխացավանքը: Եվ, ահա, նման իրավիճակում Թուրքիան կարծեց, թե կկարողանա ԼՂ խնդիրն էլ գոնե մասամբ լուծել, այսինքն՝ ազատագրված տարածքներից մեկ-երկուսը վերցնել, ինչը, ըստ էության, տեղի չունեցավ ոչ այնքան Սերժ Սարգսյանի դիմադրողականության, որքան Մոսկվայի անհամաձայնության պատճառով:
Ի դեպ, անցնելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Նալբանդյանը պնդել է, որ այն Հայաստանի համար մեծ նշանակություն ունի: ՀՀ ԱԳ նախարարը բողոքել է ադրբեջանցիների պահվածքից, որ շարունակ ձգձգել են հանդիպումները: Նա արտահայտել է նաեւ Սերժ Սարգսյանի դժգոհությունը ադրբեջանական իշխանությունների կեցվածքից՝ կապված բանակցային գործընթացի ու մադրիդյան սկզբունքների շուրջ նրանց անորոշ մոտեցումների հետ: Հետաքրքիր է՝ ի՞նչ էր կարծում Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ աշխարհաքաղաքական նմանօրինակ խաղի մեջ ներքաշվելով թուրքերի հետ ու նրանցից անկեղծություն ակնկալելով: Մի՞թե պարզ չէր, որ Ալիեւը սպասում էր հայ-թուրքական գործընթացի զարգացմանը՝ այն սեփական շահերին ծառայեցնելու համար: Ըստ այդմ, այնպիսի զգացողություն է առաջանում, որ կա՛մ Հայաստանի իշխանություններն այս պրոցեսի մեջ մտել էին առանց որեւիցե նախապատրաստվածության, կա՛մ էլ սահմանափակվել էին ինչ-ինչ կենտրոն(ներ)ի հրահանգներով առաջնորդվելով:
Ամփոփելով Նալբանդյանից ստացված իր տպավորությունները՝ դիվանագետը հայտնում է, որ հանդիպման ամենաարտառոց կողմը եղել է Նալբանդյանի ժլատությունն այն հարցերում, որտեղ Հայաստանը պետք է որ լավ դիրքերում լիներ: Այս հարցում հեղինակը ընդգծում է Թուրքիայի խնդիրը, որտեղ Նալբանդյանը պետք է որ օգուտներ քաղեր Սարգսյանի գործողությունների համար: Ըստ նրա՝ ՀՀ ԱԳ նախարարը դրա փոխարեն անտարբեր ու թերահավատ կեցվածք է որդեգրել իր իսկ ղեկավարի մարտավարության նկատմամբ: Հեղինակը հակված է կարծելու, որ ԱՄՆ համար հետաքրքրություն ներկայացնող հարցերում Նալբանդյանը պաշտպանողական ու հոռետես վերաբերմունք ունի անհայտ պատճառներով:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅՏՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՆԱՆԿԱՑԵԼ է
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերին դիմել է Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Վիտամաքս-ե» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով: Նշենք, որ «Վիտամաքս-Ե» ընկերությունը դեղագործության ոլորտում ժամանակին մեծ գործունեություն է ծավալել:
Նշենք, որ դեռեւս 1997 թվականից «Վիտամաքս-Ե» ընկերությունն արտադրել է «Նարինե» պրոբիոտիկ: Այն արտահանվել է Ուկրաինա, Ճապոնիա, ՌԴ, Բելառուս, Լատվիա, Լիտվա, Ուզբեկստան, Ղազախստան, Բելգիա, Գերմանիա, ԱՄՆ եւ այլ երկրներ: Ընկերության նոր եւ նշանակալի ուղղություններից մեկը բնական մրգային, բանջարեղենային եւ մսային փոշիների արտադրությունն է, որը կիրառվում է դեղագործական եւ սննդային արտադրության տարբեր ոլորտներում:
Այսպիսով՝ «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերությունը դիմելով դատարան՝ հայտնել է, որ դեռեւս 2011 թվականի դեկտեմբերի 15-ին «Վիտամաքս-ե»-ի եւ բանկի միջեւ կնքված պայմանագրով բանկը պարտապանին տրամադրել է վարկեր 1.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ 500 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ սահմանաչափով՝, տարեկան 11% տոկոսադրույքով, համապատասխանաբար 84 ամիս եւ 60 ամիս մարման ժամկետներով:
Սակայն «Վիտամաքս-ե» ՍՊԸ-ն պատշաճ չի կատարել վարկային պայմանագրով ստանձնած իր վճարային պարտավորությունները եւ թույլ է տվել վարկային պայմանագրի էական խախտումներ: Ինչի արդյունքում բանկի կողմից վարկառուին եւ երաշխավորներին բազմիցս ուղարկված գրություններով պահանջել է վաղաժամկետ կատարել բանկի հանդեպ պարտավորությունները, սակայն մինչ հարկադրված սնանկության դիմում ներկայացնելու օրը, դրանք չեն կատարվել: Նշենք, որ «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերությունը դատարան դիմել է նախորդ տարի սեպտեմբերի 27-ին: Իսկ մինչ այդ օրը վարկային պայմանագրից բխող պարտավորությունները կազմել է 1 մլն 603 հազար 889 դոլարին համարժեք դրամ, այդ թվում՝ վարկի մնացորդը՝ 1.5 մլն դոլարին համարժեք դրամ, հաշվարկված տոկոսները՝ 95 հազար 313 դոլարին համարժեք դրամ, ժամկետանց տոկոսի տույժը՝ 7.5 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Տեղեկացնենք, որ այս ամենի արդյունքում դատարանը բավարարել է «Բիբլոս բանկ Արմենիա» ընկերության դիմումը, եւ «Վիտամաքս-ե» ընկերությունը նոյեմբերի 25-ին ճանաչվել է սնանկ: Ավելին՝ հրապարկվել են նաեւ «Վիտամաքս-ե»-ի նկատմամբ ներկայացված նոր պահանջները: Ըստ որոնց՝ ընկերությունը պարտք է ունեցել նաեւ «ԿրեդոՖինանս ՈՒՎԿ» ՓԲԸ-ին, սակայն այն գրավով ապահովել է: Իսկ ահա «Նարեկ 2014» ՍՊԸ-ին պարտք է մնացել 1 մլն դրամ:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Վիտամաքս-ե» ընկերության ներկայացուցիչ Սուսաննա Ռաֆայելյանի հետ, ով ասաց. «Հիմա ընկերության առողջացման ծրագիր է մշակվում: Եւ առաջիկայում հույս ունենք, որ ոտքի կկանգնի»: Թե ինչու է ընկերությունը դեղագործության ոլորտում գործունեություն ծավալելուց հետո հայտնվել նման իրավիճակում, ընկերության ներկայացուցիչը հրաժարվեց պատասխանել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՇՈՏՅԱՆԸ ՍԽԱԼՎԵ՞Լ Է
Հունվարի 30-ին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել Հայաստանի մի շարք ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին: Ըստ նախարարության ինտերնետային կայքի՝ կարգապահական տույժերը կիրառվել են աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, սովորողների հաճախումների ու ուսումնառության գործընթացում թերացումների համար:
Ի թիվս այլ կարգապահական տույժերի՝ «խիստ նկատառություն» է կիրառվել նաեւ Բերդի ավագ դպրոցի տնօրեն Արթուր Մելիքյանի, «նկատողություն»՝ Իջեւանի ավագ դպրոցի տնօրեն Արմեն Խոջայանի նկատմամբ: Արթուր Մելիքյանը 2000-2011թթ. որպես տնօրեն աշխատել է Բերդ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցում, իսկ 2011թ.-ից ցայսօր աշխատում է որպես ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ենթակայության ներքո գործող Բերդի ավագ դպրոցի տնօրեն:
Ըստ Բերդի ավագ դպրոցի ինտերնետային կայքի՝ նա կրթության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար 2003, 2004 եւ 2005 թվականներին համարվել է Տավուշի մարզի դպրոցների լավագույն տնօրեն, 2005թ. ՀՀ վարչապետի կողմից արժանացել է պատվոգրի, 2006թ.՝ ՀՀ ԿԳ նախարարի ոսկե հուշամեդալին, 2010թ.` Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի շնորհակալագրին, 2011թ.՝ ՀՀ նախագահի պատվոգրին: «Ժողովուրդը» Ա. Մելիքյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է եղել Արմեն Աշոտյանի կողմից «խիստ նկատողություն» ստանալու պատճառը: Տնօրենը, սակայն, հավաստիացրեց, որ թյուրիմացություն է եղել, եւ իրականում այլ դպրոցի տնօրեն պետք է արժանանար այդ տույժին: Հարցին, թե ԿԳՆ ինտերնետային կայքում թյուրիմացությունը հերքվե՞լ է, Ա. Մելիքյանը տվեց բացասական պատասխան:
Իսկ Իջեւանի ավագ դպրոցի տնօրեն Արմեն Խոջայանն ասաց, որ ԿԳ նախարարի կողմից տույժ է ստացել այն պատճառով, որ ստուգման ժամանակ ավագ դպրոցում շատ են եղել աշակերտների բացակայությունները: Ըստ Ա. Խոջայանի՝ այդ բացակայությունները պայմանավորված էին տվյալ փուլում սովորողների շրջանում տարբեր հիվանդությունների, վիրուսների տարածմամբ:
Նշենք, որ ավագ դպրոցների համակարգը Հայաստանում լիարժեք չկայացավ: 12-րդ դասարանի աշակերտները բուհ ընդունվելու նպատակով, ավագ դպրոց հաճախելու փոխարեն, դասերի ժամերին պարապում են կրկնուսույցների մոտ:
Հ. Գ. Հուսով ենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը պարզաբանում կտա Ա. Մելիքյանին «խիստ նկատողություն» հայտարարելու «թյուրիմացության» վերաբերյալ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ