ՍԵՎԱՆՈՒՄ ԱՄՌԱՆԸ ՆԱՎԹ ՈՒ ԳԱԶ ԿՈՐՈՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպաններն անհանգստացած են «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ-ի` Սեւանի ափամերձ տարածքներում նավթ եւ գազ որոնելու մտադրություններից: Այժմ ՀՀ բնապահպանության նախարարությունում բնապահպանական փորձաքննություն է անցնում ընկերության` ՀՀ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ պայմանական տարածքներում նավթի եւ գազի երկրաբանական ուսումնասիրության հայտը: Ուսումնասիրության տարածքներն են ձկնորսությամբ զբաղվող գյուղերը` Հայրիվանքը, Ծաղկաշենը, Նորատուսը:

Տեղեկացնենք, որ դեռեւս 2007թ. ապրիլի 27-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների, բնապահպանության նախարարությունների եւ «Բլեքսթերզ Էներջի» ընկերության միջեւ կնքվել է նավթի երկրաբանական հետախուզական եւ արտադրանքի բաժանման պայմանագիր, ինչի համար էլ ընկերությանը տրվել է թիվ 53 հատուկ լիցենզիա: Իսկ 2012թ. լիցենզիայի ժամկետը 2 տարով երկարաձգվել է:
Ընկերությունը մտադիր է իրականացնել երկրաբանական քարտեզագրում, երկրաքիմիական ուսումնասիրություններ, սեյսմահետախուզական աշխատանքներ, մեկ հորատանցքի փորում, որի փորձաքննության համար դեռ պետք է առանձին հայտ ներկայացնի:
Աշխատանքները կատարվելու են 2015-2016թթ.: Իսկ ուսումնասիրության ընդհանուր ծախսերը կազմում են 11 մլն դոլար: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ընկերությունը փորձաքննության է ներկայացրել մի քանի փաստաթուղթ, որոնց թվում է «Շրջակա միջավայրի, առողջության եւ անվտանգության պահպանման քաղաքականությունը» փաստաթուղթը: Սակայն մասնագետների պնդմամբ՝ այս փաստաթուղթը ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) չունի եւ կրում է առավելապես նկարագրական բնույթ:
Մինչդեռ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ժամանակ ընկերությունը պետք է հաշվի առնի նմանատիպ հանգամանքներում կիրառվող միջազգային ստանդարտները եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ կատարված համապատասխան ուսումնասիրությունները: Այս հարցի շուրջ հանրային լսումներ են հրավիրվել բոլոր 3 համայնքներում՝ Ծաղկաշենում, Հայրիվանքում եւ Նորատուսում: Նորատուսի համայնքապետ Մուրադ Հարությունյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ «Բլեքսթերզ էներջի» ընկերության կողմից իրականացվող ուսումնասիրությունները ոչնչով չեն վնասի համայնքին:
Սակայն բնապահպան Սիլվա Ադամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Նորատուս համայնքը մտնում է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքի մեջ, որտեղ նավթ, գազ որոնելու աշխատանքներ իրականացնելն օրենքով է արգելված: «Ինչպես են այնտեղ հորատանցք փորելու կամ եթե ինչ-որ բան գտնեն: Մենք հիմա պետք է համոզենք բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին, որ նա այս ընկերության կողմից ներկայացված փորձաքննութանը դրական եզրակացություն չտա: Եթե այնտեղ նավթ գտնեն, դուք պատկերացնում եք` ինչ կլինի»,- մտահոգվեց բնապահպանն՝ ընդգծելով, որ սա լուրջ խնդիր է եւ կարող է մեծ ռիսկերի բերել:
Իսկ, ահա, բնապահպանության նախարարության մոնիտորինգի վարչության պետի նախկին տեղակալ Սեյրան Մինասյանը, ով աշխատում է ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, առաջարկեց պատկան մարմիններին նախ՝ արգելել ձուկ որսալը, հետո՝ նման պայմանագրեր կնքելը. «Սեւանի ափին նավթի համար փորել են դեռ խորհրդային տարիներին, նավթ չկա: Հարյուրավոր տներ մնացել են Սեւանի տակ, դրանք չեն մաքրել, չեն ապամոնտաժել, ջուրն են անխնա վերցնում, ձուկը գողանում են: Թող այս ամենի մասին մտածեն»:
Մինչ համայնքապետերը պնդում են, որ ընկերությունը հանրային լսումներ է անցկացրել, Գավառի «Օրհուս» կենտրոնի աշխատակից Լիաննա Ասոյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ իրենք տեղյակ չեն եղել այդ հանրային լսումներից: Ավելին՝ նրանք մտադիր են առաջիկայում այս հարցի շուրջ հանրային մեծ լսումներ անցկացնել. «Այս պահին չենք ցանկանում եզրակացություններ անել, քանի որ հստակ ինֆորմացիա չունենք: Փորձում ենք հանրային լսումներ անցկացնել եւ հրավիրել մասնագետների, որպեսզի հասկանանք, թե այս աշխատանքները որքանով կարող են վնասել շրջակա միջավայրին»:
Խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Սեւան ազգայի պարկ» ՊՈԱԿ-ի գիտական գծով տնօրեն Վահե Գուլանյանի հետ: Նշենք, որ նա ինչպես «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ընկերության, այնպես էլ ՍՊԸ-ի` նավթ գտնելու մտադրությունների մասին առաջին անգամ էր լսում: «Երկրաբանահետախուզական աշխատանքները «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում արգելվում են ե՛ւ օրենքով, ե՛ւ ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ: Որեւէ մեկին թույլ չենք տա հետախուզություն անցկացնել մեր տարածքում: Մեզ ոչ ոք չի դիմել այս հարցով եւ չի տեղեկացրել, որ հետախուզություն է անցկացնելու»,- ընդգծեց Գուլանյանը: Նրա համոզմամբ՝ սխալ կլինի, եթե ԲՆ-ն նման նախագծի փորձաքննությանը դրական եզրակացություն տա:
«Ժողովուրդ»-ը «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ընկերության ֆինանսական գծով տնօրեն Քրիստինե Վարդանյանից տեղեկացավ, որ նավթի, գազի որոնողական աշխատանքները կսկսվեն ամռանը: Տնօրենի խոսքով՝ այս աշխատանքները ոչնչով չեն վնասելու շրջակա միջավայրին. «Ուսումնասիրության աշխատանքների հիման վրա պետք է տեսնենք՝ այդ տարածքներում կա՞ ինչ-որ ակնկալիք կամ նավթի եւ գազի պաշարներ: Տվյալ պահին աշխատանքների նպատակը դա է: Սեյսմիկ հետախուզական աշխատանքները կատարելուց հետո արդեն կորոշվի, թե որ մարզում կկատարվի հորատում: Եթե, իհարկե, ուսումնասիրության ընթացքում պարզ դառնա, որ նավթի պաշարներ կան: Ամեն դեպքում այդ աշխատանքներն անվնաս են»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՌՈՒՍՆԵՐԻՆ ԵՆ ՏՎԵ՞Լ

Գյումրեցի, 76-ամյա Աշոտ Ջանիկյանը չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ երկար տարիներ սեփական ձեռքով մշակած եւ բերրիության հասցրած հողն այլեւս իրեն չի պատկանում: Ըստ նրա՝ Գյումրու 8-րդ թաղամասի՝ 102-րդ ռազմաբազայի զորամասի հետնամասում գտնվող այդ հողակտորը, առանց իրեն տեղյակ պահելու, Գյումրու քաղաքապետարանը հատկացրել է ռուսական ռազմաբազային:

Ա. Ջանիկյանի խոսքերով՝ ինքը բազմիցս դիմել է քաղաքապետարան՝ տարածքը սեփականացնելու նպատակով, սակայն մերժում է ստացել` հիմնավորմամբ, թե այն համայնքի սեփականությունն է եւ չի վաճառվում: Ա. Ջանիկյանի հարեւանների պնդմամբ` ընդամենը մի քանի օր առաջ ռուս զինվորականները եկել ու քանդել են ծերունու պատրաստած ցանկապատը եւ փոքրիկ տնակը:
Ա. Ջանիկյանին մի հարց է հետաքրքրում՝ ինչո՞ւ քաղաքապետարանը հողատարածքն իրեն չտրամադրեց, այլ ռուսական կողմին, քանի որ, իր կարծիքով, հողի նկատմամբ սեփականության առաջնային իրավունքն իրեն է պատկանում. ի վերջո, երկար տարիներ խոպան տարածքն ինքն է բերրի դարձրել: Ծերունուն ամենից շատ վրդովվեցնում է այն, որ հողը ռուսներին են հանձնել: Հատկապես վերջին դեպքերից հետո, ըստ նրա, ռուսներին վստահել չարժի.«Թող քաղաքապետարանն ինձ ապացուցի, որ հողն օրինական ճանապարհով է հատկացրել ռուսական կողմին, կամ ով է փոխհատուցելու ինձ իմ կրած վնասների համար», -ավելացնում է նա:
Իսկ, ահա, փոխքաղաքապետ Ռուբիկ Սանոյանը վստահեցնում է, որ Ա. Ջանիկյանի հետ խնդրի հետ կապված անձամբ հանդիպում է կազմակերպել, որի ընթացքում բնակիչը խոստովանել է, որ 5 տարի շարունակ տարածքն ապօրինի է զբաղեցրել: «Հողատարածքում շուրջ 5 տարի առաջ քաղաքացին ցանել է առվույտ, ինչը պատկանում է գյուղատնտեսական այն տիպի մշակաբույսերին, որոնք ցանվում են 4-5 տարին մեկ անգամ պարբերականությամբ եւ առավելապես մշակում չեն պահանջում, բացի ոռոգումից: Դա էլ քաղաքացին իրականացրել է բացառապես բնական պայմաններում՝ սպասելով անձրեւներին: Տարածքը համայնքապատկան է, եւ որեւէ իրավաբանական կամ ֆիզիկական անձի չի հանձնվել»,-նշում է փոխքաղաքապետը: Փոխքաղաքապետ Ռուբիկ Սանոյանը փաստեր ունի, որ քաղաքացին Ս. Բալասանյանի օրոք երբեք չի դիմել քաղաքապետարան հողատարածքի սեփականաշնորհման հարցով, ավելին՝ նա երբեւէ չի հանդիպել քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ նշված կամ այլ հարցով, ուստի մերժում ստանալ չէր կարող:
Ռուսական կողմին տարածքը հանձնելու լուրերը, ըստ քաղաքապետարանի, նույնպես ստահոդ են: Քաղաքային իշխանությունների ներկայացմամբ` տարածքը ենթարկվել է ընդհանուր մաքրման, որի ընթացքում հայտնաբերված փշալարերը եւ կոռոզիայի ենթարկված խողովակները հավաքվել եւ կուտակվել են այնտեղ՝ հետագա հեռացման համար: Գուցե հենց այս աշխատանքների իրականացման արդյունքում է բնակիչների մոտ կասկած առաջացել, թե տարածքը հանձնվել է ռուսական կողմին: Իսկ թե ինչու հենց ռուսական կողմին, եւ այդքան աղմկահարույց, պատճառը թերեւս վերջին շրջանում ռուսների նկատմամբ գյումրեցիների բացասական վերաբերմունքն է՝ պայմանավորված հունվարի 12-ի ողբերգական իրադարձությամբ:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի




Լրահոս