Հայ ամենաքնարական բանաստեղծի` Վահան Տերյանի անձի եւ ստեղծագործության մասին ընթերցողը մինչ օրս պատկերացում է կազմել իրեն հասած գործերից եւ տերյանագետների կողմից բանաստեղծի ներկայացված կերպարից: Պարզվում է, սակայն, որ խորհրդային տարիներին իշխանությունները եւ գրականագետները ընթերցողից համառորեն թաքցրել են, կրճատել բանաստեղծի մի շարք գործեր եւ Տերյանին ներկայացրել որպես բոլշեւիկ պոետ: Այս մասին է վկայում Վահան Տերյանի 130-ամյակի առիթով Գեւորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյան. անտիպ եւ անհայտ էջեր (նամակներ, հոդվածներ, գրախոսություններ)» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 9-ին:
Հեղինակի՝ Վահան Տերյանի ծոռի խոսքով՝ լույս է տեսել մի գիրք, որը բացահայտում է բոլորովին նոր Տերյանի, ներկայացնում նրա անտիպ եւ անհայտ էջերը: Այստեղ ամփոփվել է տերյանագիտության անցած ուղին, ներառվել են նամակներ, դրանց կրճատված հատվածներ, որոնք նախկինում չեն տպվել, ինչպես նաեւ՝ անտիպ հոդվածներ, գրախոսություններ, բանաստեղծություններ եւ թարգմանություններ, տասնյակից ավել հուշեր եւ լուսանկարներ: Գրքում կարեւոր տեղ ունի հատկապես մի փաստաթուղթ՝ Տերյանի դիմում-հայտարարությունը, որը վերաբերում է բանաստեղծի` Հայաստանի կոմունիստական կուսակցության շարքերը լքելուն: Այդ հայտարարության շնորհիվ պարզ է դառնում, թե իրականում ինչ հանգամանքներում է բանաստեղծը դիմել այդ քայլին:
Գեւորգ Էմին-Տերյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց որոշ մանրամասներ իր գրքից, որի վրա աշխատել է 2000 թվականից: «Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշվեց Տերյանին օգտագործել իշխանության լեգիտիմությունը բարձրացնելու համար: Եվ Տերյանի քաղաքական գործունեությունից ամեն փաստ, որը հակասում էր Խորհրդային Միության գաղափարախոսությանը, թաքցվում էր: Օրինակ՝ այն, որ նա եղել է դաշնակցական, որ դուրս է եկել կոմունիստական կուսակցությունից եւ այլն… Մյուս կողմից՝ Տերյանին իրենց հայեցողությամբ խմբագրում, սրբագրում էին գրականագետները: Նրանցից ոմանք մկրատել են Տերյանի գործերը՝ համոզված լինելով, որ որոշ տողեր հարիր չեն բանաստեղծին: Իսկ ոմանք էլ չեն կարողացել ճիշտ լեզվական փոխակերպություն անել եւ աղավաղել են գրողին»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ինքն իր գրքում անփոփոխ է թողել Տերյանի ուղղագրությունն ու կետադրությունը:
ԵՊՀ Հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց.«էականն այն է, որ մենք այս գրքի շնորհիվ բացահայտում ենք նաեւ հասարակական-քաղաքական գործիչ Տերյանին: Նրան, օրինակ, մեղադրում էին Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը կնքելու մեջ, այնինչ հայտնի չէր, թե ինչպես է կոմունիստ Տերյանը, Մոսկվայում իր լիազորություններն օգտագործելով, հազարավոր մարդկանց փրկել գնդակահարությունից»:
Ս. Մուրադյանն անդրադարձավ նաեւ տերյանագետների աղավաղումներին՝ նկատելով, որ դրանց հետեւանքով մեզ հասել է «զտված» Տերյան: «Պողոս Մակինցյանը, Վաչե Պարտիզունին Տերյանի գործերից քառատողեր են հանել, դրանց տողեր են ավելացրել, իսկ Սամվել Ալիխանյանը Տերյանի պետական գործունեությունը ներկայացրել է աղավաղումներով: Այս ամենը բացահայտվում է գրքում, եւ ներկայացվում է մի Տերյան, որին մենք, հատկապես՝ երիտասարդ սերունդը, չի ճանաչում: Այդ առումով գիրքը շրջադարձային է եւ այն ապագա գրականագետներին հուշում է, թե ինչ չի արված, եւ ինչ է պետք անել տերյանագիտության ոլորտում»,-բացատրեց նա:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն էլ, ով գրքին ծանոթ է եղել դեռեւս մինչ հրատարակվելը, նշեց. «Կարող եմ փաստել, որ այն գրականագիտության ոլորտի վերջին տարիների լրջագույն գործերից է, որը գիտության մեջ «հարց է լուծում»:
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, ով եւս ներկա էր շնորհանդեսին, ողջունեց Գեւորգ Էմին-Տերյանի կատարած աշխատանքը. «Նման խիզախումները շատ կարեւոր են: Եթե նույնիսկ դրանք բանավեճերի հանգեցնեն, որքան շատ լինեն, այնքան լավ: Ի վերջո, հաղթելու են ճշմարտությունը եւ Վահան Տերյանը»,-կարծիք հայտնեց նա:
Իսկ գրքի մեկենաս, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էլ ներկաներին հորդորեց հետամուտ լինել Երեւանում Վահան Տերյանի տուն-թանգարանը բացելու խնդրով Կառավարությանը դիմելու հարցում:
«ՀԱՅ ՊԱՐՈՂՆԵՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»
Այսօր հայերը ո՛չ սիրում են, ո՛չ էլ գնահատում սպորտային պարահանդեսային պարերը: Այս կարծիքին է պարուհի, դիզայներ UNESCO-CID միջազգային պարային եւ WDC աշխարհի պարերի եւ պրոֆեսիոնալ սպորտային պարողների միությունների անդամ, «CarmElenDance» պարային ստուդիայի հիմնադիր Էլեն-Կարմեն Նազարեթյանը, ով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այսօր բոլորը հիմնականում տարված են սոցիալական թեթեւ պարերով:
-Էլե՛ն, որպես Հայաստանի պարի քառակի փոխչեմպիոն՝ ի՞նչ եք կարծում՝ սպորտային պարարվեստը մեր երկրում զարգացման ի՞նչ փուլում է: Կա՞ն դռներ, որոնք դեռեւս փակ են մնում պրոֆեսիոնալների համար:
-Որպեսզի այս ժանրի ներկայացուցիչները ստանան գիտելիք, ապահովեն որակ, մասնակցեն աշխարհում եւ Եվրոպայում ընթացող մրցույթներին, հարկավոր են ֆինանսներ, հովանավորներ, առանց որոնց գրեթե առաջ գնալ չի լինի: Հայաստանում այս խնդրի լուծումը չեմ տեսնում: Այդ է պատճառը, որ սպորտային, պարային արվեստը մեր երկրում թերի զարգացած է: Ուստի մի շարք պրոֆեսիոնալներ միջազգային ասպարեզում հանդես գալու փոխարեն զբաղվում են հեռուստաշոուներով, բավարարվում են դասավանդելով, ակումբներում ելույթ ունենալով:
-Արդյո՞ք հայերս սիրում ենք սպորտային պարեր, Ձեր արվեստի պահանջարկն այսօր կա՞ մեր երկրում:
-Կարծում եմ՝ այսօրվա դրությամբ հայերը ո՛չ սիրում են, ո՛չ էլ գնահատում սպորտային պարահանդեսային պարերը: Եթե 1995-2005-ը կարելի է համարել Հայաստանում սպորտային պարերի համար ոսկե շրջան, ապա հիմա թերի, կիսատ-պռատ գիտելիքներ ունեցող մասնագետների պատճառով այս ոլորտը հետզարգացում է ապրել: Բոլորը հիմնականում տարված են սոցիալական հեշտ, թեթեւ պարերով, շոուներով, փարթիներով, ակումբային կյանքով, որտեղ նրանք բավարարվում են միայն կարիբյան տաք ռիթմերով:
-Բեռլինում Ձեր պարի դպրոցը բացելուց հետո նույն մտադրությամբ եկաք Հայաստան, սակայն որքան տեղյակ ենք՝ հիասթափություն ապրեցիք: Ո՞րն էր պատճառը:
-Պատճառն այն էր, որ նկատեցի, թե ինչպես են հայ պարողները խուսափում դժվարություններից: Սպորտային պարերը շատ բարդ են թվում նրանց, տխուր է: Ի դեպ, Հայաստանում կա նաեւ պրոֆեսիոնալ, աշխատասեր պարզուգընկերոջ պակաս:
-Իսկ այս տարի միջազգային բեմում կպարե՞ք:
-Բուռն ստեղծագործական ծրագրեր կան՝ հենց արտերկրի ելույթների ու միջազգային բեմերի հետ կապված, տեսնենք:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԳՈՒՄԱՐ ԵՆ ՇՈՐԹՈՒՄ
«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի վարող Հրաչ Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տարբեր կազմակերպություններ եւ ընկերություններ հաղորդաշարի ու համանուն բարեգործական հիմնադրամի անունից պարբերաբար զանգահարում են մարդկանց, սուտ տեղեկություններ տրամադրում եւ դրամահավաքներ կազմակերպում: «Այս անգամ մոլորության մեջ է գցում «Դիլ մաստեր» ՍՊԸ-ն: Աշխատակիցները զանգահարում են մարդկանց, ներկայանում «Կիսաբաց լուսամուտների» գործընկեր, առաջարկում մանկական ամսագրեր, սկավառակներ կամ նկարչական ալբոմներ գնել: Եվ այս ամենն անում են բարեգործության անվան տակ»,-գրել է նա:
Հաղորդավարը վկայել է, որ «Կիսաբաց լուսամուտների» խմբագրությունը ահազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր դարձել են նման խաբեության զոհ: «Մենք պաշտոնապես տեղեկացնում ենք, որ հաղորդաշարը չի համագործակցում նշված ընկերության հետ եւ որեւէ կապ չունի զանգերի ու հավաքվող գումարների հետ»,-եզրափակել է Հրաչ Մուրադյանը:
ԴԵՊԻ ԱՐԱՐԱՏ
Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հայկական տուրիստական ընկերություններից մեկի նախաձեռնությամբ կազմակերպվում է «100 հոգանոց խմբով ջահերով բացառիկ վերելք դեպի Արարատ լեռան գագաթ»: Պարուհի, հաղորդավարուհի Մարինա Մարտիրոսյանը, ով նախագծի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն է, ESem.am-ի հետ զրույցում հայտնել է, որ լեռնագնացությունը նախատեսվում է հուլիսին, քանի որ ապրիլին լեռը ձնառատ է եւ վտանգավոր: Ապրիլին լեռ կբարձրանա միայն նախագծի հեղինակ Հովհաննես Մարտիրոսյանը, ով պրոֆեսինալ լեռնագնաց է: Լեռնագնացությունը տեւելու է վեց օր: Արարատի գագաթին ծածանվելու է հայկական դրոշը, մասնակիցները «Քոչարի» են պարելու:
«FULL HOUSE»-Ը՝ ՄԱՐՏԻՑ
«Full House» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանը կցուցադրվի մարտի 10-ից: Այս մասին NEWS.am STYLE-ին տեղեկացրել է նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը: Ի դեպ, այս օրերին հեռուստասերիալի համար քասթինգ է հայտարարվել, որը ոչ թե հիմնական, այլ երկրորդական դերերի համար է: Սերիալում ավելանալու է երկու նոր կերպար, որոնց դերակատարների անունները դեռեւս գաղտնի են պահվում:
Նշենք, որ երկրորդ եթերաշրջանի մոտ ութ սերիայի սցենար արդեն պատրաստ է: