ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ կայքից
Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Սալբերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը: Պնախարարը Եվրամիության պատվիրակի ուշադրությունը հրավիրել է տարեսկզբից ի վեր լարվածության կտրուկ աճի եւ միջազգային հանրության կողմից ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները զսպելու անհրաժեշտության վրա: Հերբերթ Սալբերն իր հերթին նշել է, որ Եվրամիությունն ընդունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը եւ պատրաստ է հնարավորության սահմաններում ներդրում կատարել այս ձեւաչափով բանակցային գործընթացում: Փաստ է, որ դա միայն ձեւական բնույթ ունի, իսկ արդյունքում երկու կողմերից էլ բազմաթիվ անմեղ զոհեր են լինում:
ՀԱՐՑ. Երեկ ստացա հունվարի կոմունալ վճարումների տվյալները եւ պարզեցի, որ գազի սպասարկման համար վճարումների պայմանները փոխվել են: Խնդրում եմ պարզաբանել՝ ի՞նչն է պատճառը:
Արամայիս Բաբայան (46 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոններում (ԳՄՕԿ) կատարված մի շարք փոփոխությունների եւ լրացումների համաձայն՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 15.10.2014 թ. N383Ն որոշմամբ սահմանվել է «Բնական գազի մատակարարման» պայմանագրի նոր օրինակելի ձեւ:
Որոշումն ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ից, եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն սկսել է բաժանորդների հետ բնական գազի մատակարարման նոր ձեւով պայմանագրերի կնքման գործընթացը, որը պետք է ավարտվի այս տարվա սեպտեմբերի 1-ին:
Ըստ պայմանագրի` մատակարարը պարտավոր է տարեկան առնվազն 2 անգամ բաժանորդին մատուցել գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն՝ առնվազն մեկ անգամ հոկտեմբերի 1-ից մինչեւ ապրիլի 1-ն ընկած հատվածում եւ առնվազն մեկ անգամ ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1- ը, ոչ շուտ, քան 4 ամիսը մեկ անգամ պարբերականությամբ:
Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման համար բաժանորդը մատակարարին վճարում է հանձնաժողովի կողմից սահմանված տարեկան վճար, որը սահմանվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 12.12.2012 թ. N516Ն որոշմամբ եւ կազմում է 2270 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) յուրաքանչյուր գազoգտագործող uարքավորման համար, իսկ 3-ից ավել գազօգտագործող սարքավորման առկայության դեպքում` 3 գազօգտագործող սարքավորման համար հաշվարկված գումար (6810 դրամ):
Նոր պայմանագրով յուրաքանչյուր սպասարկման համար բաժանորդը վճարում է տարեկան վճարի 50 տոկոսը` գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն մատուցելուց հետո հաջորդող հաշվարկային ամսում:
Նախորդ պայմանագրի դրույթներից ելնելով՝ 2014թ. ամիսների համար բաժանորդների կատարած վճարումների չափով կնվազեցվեն նոր պայմանագրի դրույթներից ելնելով 2014թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ 2015թ. ապրիլի 1-ը կատարվելիք սպասարկումների համար հաշվեգրված գումարները:
«Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության եւ զանգվածային
լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
ՀԱՐՑ. Բանկերում ավանդ դնելու հետ կապված մի շարք խնդիրներ առաջացան: Օրինակ՝ BTA բանկում ավանդ ներդնելու համար ինձնից, բացի սոցիալական քարտից եւ անձնագրից, պահանջում էին նաեւ նույնականացման քարտ կամ համապատասխան տեղեկանք, որ ես 2011թ. իմ անձնագիրը փոխել եմ: Խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք կա նման բան, եւ ավանդ ներդնելու համար պարտադի՞ր է նույնականացման քարտը:
Մարինա Հակոբյան (45 տարեկան, լեզվաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ օրենսդրությունը հատուկ նշում չի պարունակում, թե անձը հաստատող ինչ փաստաթղթի միջոցով քաղաքացին պետք է անհատականանա: Պետք է նշել, որ ՀՀ Կառավարության՝ 22 դեկտեմբերի 1999 թվականի N 767 որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացու համար անձը հաստատող փաստաթղթեր են անձնագիրը, նույնականացման քարտը, զինվորական գրքույկը ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը կամ ժամանակավոր վկայականը, մինչեւ 16 տարեկան երեխաների համար` անձնագիրը, ծննդյան վկայականը: Տվյալ դեպքում նշված փաստաթղթերից յուրաքանչյուրը հանդիսանում է անձին նույնականացնող, ուստի դրանք կարող են օգտագործվել պայմանագիրը կնքելիս: Կոնկրետ բանկի հետ հարաբերության հարցը որոշելու համար պետք է ուսումնասիրել տվյալ բանկում գործող պայմանները:
Ֆինանսական հաշտարարի գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է՝ յուրաքանչյուր բանկ իր կանոններով է շարժվում՝ առանց հաշվի առնելու քաղաքացիների իրավունքներն ու շահերը: Դրամի կտրուկ արժեզրկումից հետո հայաստանյան բանկերի մի մասը բարձրացրել է ավանդների դիմաց առաջարկվող տոկոսադրույքների չափերը: Տվյալ դեպքում, սակայն, խոսքը վերաբերում է միայն դրամական ավանդներին, որոնց դիմաց առաջարկվելու էր տարեկան մինչեւ 20 տոկոս: Սակայն մեծ հարց է, թե որքանով է նման պայմաններում հուսալի բանկերի երաշխավորած ավանդների վերադարձելիությունը: