ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ԲՈՅԿՈՏՈՂՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, թե ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծը ՀՀ իշխանությունների ձեռագիրը չէ: Է. Շարմազանովը հայտարարեց, որ իրենց կուսակցությունն ավելի լուրջ աշխատանքներով է զբաղված, որոնց մասին կոնկրետ հայտարարություններ կլինեն հինգշաբթի օրը՝ ՀՀԿ խորհրդի նիստից հետո:

-Պարո՛ն Շարմազանով, ԱԺ ոչ իշխանական ուժերը «սպառնում» են բոյկոտել ԱԺ հաջորդ քառօրյան, եթե չբացահայտվի, թե օրերս ովքեր են առեւանգել եւ դաժանաբար ծեծի ենթարկել ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանին: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն արդեն հայտարարել է, որ իրենք կքննարկեն, թե ինչպես են վարվելու այդ դեպքում, եթե շարունակվեն չբացահայտված մնալ նման հանգամանքները: Ի՞նչ եք անելու Դուք:
-Ես կարծում եմ, որ քաղաքական ոչ բոլոր ուժերն են որոշել բոյկոտել: Իսկ երկրորդն էլ նշեմ, որ բոյկոտը դա քաղաքական պայքարի ձեւ է, եւ յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ինքն է որոշում բոյկոտի ճանապարհով գնալ, թե չգնալ, ակտիվ պայքար մղել, թե ազնիվ պայքար մղել, այդ պայքարը մղել պառլամենտում, թե պառլամենտից դուրս: Այստեղ ես իրենց ոչնչով չեմ կարող օգնել, պարզապես բարեկամաբար հիշեցում եմ ուզում անել, խորհուրդ էլ չէ, հիշեցում, որպեսզի իրենք իմանան, որ գոնե մեր պառլամենտարիզմի պատմությունը ցույց է տվել, որ բոյկոտից տուժում են մեծապես այն ուժերը, որոնք որ նախաձեռնում են այդ բոյկոտը: Ու օրինակներ բերեմ, որպեսզի ավելի հստակ լինի. բոլորդ հիշո՞ւմ եք, չէ՞, ժամանակին «Արդարություն Դաշինք» կար, բոյկոտեց ու հօդս ցնդեց, բոլորդ հիշում եք, որ նախորդ գումարման խորհրդարանում կար ամենաակտիվ ֆրակցիաներից մեկը, որի անունն էր «Ժառանգություն»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, բոյկոտեց նիստերն ու այսօր «Ժառանգություն»-ը չունի այն էլեկտորատը, չունի այն նշանակությունը, որն ուներ տարիներ առաջ: Ես այդ հիշեցումներն անում եմ, ու հիմա նրանք, ովքեր կգնան բոյկոտի ճանապարհով, չեմ բացառում, որ նույն ճանապարհով կգնան:
-ԲՀԿ-ի պահանջը շատ հստակ է՝ նրանք իշխանություններից պահանջում են բացահայտել իրենց ակտիվիստին ծեծողին: Արդյո՞ք պատրաստ եք բացահայտել իրականությունը:
-Իսկ երբ Արամ Մանուկյանին էին ծեծել, ինչո՞ւ այդ ժամանակ չէին բոյկոտում, ի՞նչ է այդ դեպքում սա նշանակում: Ես արդեն ասել եմ, որ Արտակ Խաչատրյանի հարցը մենք խստագույնս դատապարտել ենք, բայց միեւնույն ժամանակ մեզ համար ընդունելի չէ այդ քաղաքական ուժերի պահվածքը, ովքեր որ նման հարցը խստագույնս քաղաքականացնում են ու փորձում են դիվիդենտներ շահել: Իսկ եթե իրենք ունեն հստակ փաստեր, այդ փաստերը ոչ թե պետք է օդում ներկայացնեն, այլ պետք է դրանք ներկայացնեն իրավապահ մարմիններին: Ես մինչեւ այժմ այդ փաստերը չեմ լսել: Արդեն մի քանի անգամ կրկնել եմ, որ ամենաքիչը իշխանություններին էր ձեռք տալիս իրենց այդ ակտիվիստին ծեծելը:
-Տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին հորդորել է այժմ ԲՀԿ-ի դեմ հանդես չգալ որեւէ հայտարարությամբ, մինչեւ կհստակեցվեն ԲՀԿ-ի անելիքները: Այդ հորդորով Ս. Սարգսյանը հանդես է եկել նաեւ նախօրեին՝ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ: Արդյո՞ք իշխանությունները դեռեւս չեն հասկանում, թե ի՞նչ է ԲՀԿ-ն իր արարքներով ցանկանում «հասկացնել» ՀՀ իշխանություններին, Ձեզ համար հստակ չե՞ն ԲՀԿ-ի «պահանջները»:
-Ուզում եմ Ձեզ ո՛չ հերքել եւ ո՛չ էլ հաստատել այդ տեղեկությունները, որովհետեւ այն, ինչը որ մեր կուսակցության նիստերում լինում է, ես ներկայացնում եմ ասուլիսների ժամանակ, ես ինչը ասել եմ, ուրեմն ասել եմ, ինչը չեմ ասել, խնդրում եմ՝ իմ վրա հղում մի՛ կատարեք: Ես արդեն հայտարարել եմ, որ մենք ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ քննարկել ենք Հայաստանի քաղաքական եւ ներքաղաքական բազում հարցեր, գրեթե չի եղել մեր քաղաքական դաշտի մի կարեւորագույն հարց, որը մենք չենք քննարկել: Եղել է նաեւ ընդհանուր, միասնական ընկալում՝ խնդիրների լուծման, իսկ այդ ամենը մենք հինգշաբթի օրը կքննարկենք նաեւ մեր խորհրդի անդամ գործընկերների հետ, ու արդեն այդ ամենից հետո մեր որոշումները կներկայացվեն ձեր դատին:
-Նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ հայտարարել եք նաեւ, թե «Հինգշաբթի կլինեն որոշումներ, որոնց վերաբերյալ հայտարարություն կլինի, կստանաք բազմաթիվ հարցերի պատասխաններ», ի՞նչ որոշումների մասին է խոսքը:
-Ես Ձեզ հորդորում եմ սպասել, ընդամենը երկու օր է մնացել, երկու օր սպասեք, ու երկու օր հետո ՀՀԿ խորհուրդը կարեւոր որոշումներ կկայացնի: Որոշում, որն առաջին հերթին կվերաբերվի մեր կուսակիցներին, երկրորդը՝ նաեւ մեր հանրությանը, մեր ժողովրդին:

 

 

 

 

ՏՈՒԳԱՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԱՐՇԱԿՅԱՆԸ ՓՐԿԵԼՈՒ Է

Երեկ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով Երեւանի նախկին ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ: Այդ առիթով «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել Արսեն Արշակյանին:

-Պարո՛ն Արշակյան, ինչո՞ւ եք որոշել այժմ էլ աշխատել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում. Դուք բազմիցս հայտարարել եք, որ ոստիկանության համակարգն է Ձեզ հոգեհարազատ:
-Ըստ էության եթե նայում եք, ծառայության առումով իրար նման ծառայություն է, ու քանի որ ես ծառայություն սիրող մարդ եմ, ինչու չէ, նաեւ փորձեցի այստեղ ինձ դրսեւորել, որովհետեւ իրականում ես փրկարարի աշխատանքը միշտ բարձր եմ գնահատել: Ես իմ խոսքում արդեն նշել եմ, որ փրկարարը կոչում է, ոչ թե մասնագիտություն: Այնպես որ, ես այստեղ որեւէ արտառոց բան չեմ տեսնում, պարզապես 16 տարի ոստիկանությունում ծառայելուց հետո որոշել եմ ծառայությունս շարունակել փրկարար ծառայությունում:
-Տեղեկություններ կան, որ Դուք լուրջ տարաձայնություններ եք ունեցել արդեն Ձեր նախկին ղեկավար ՃՈ պետ Արտակ Հարությունյանի եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, դրա համար էլ համակարգից դուրս եկաք:
-Այդ հարցում ուզում եմ բոլորին հիասթափեցնել. ես որեւիցե խնդիր չեմ ունեցել ոստիկանության համակարգում:
-Դուք ժամանակին խնդիրներ ունեիք ՀՀ ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի հետ, որն անգամ Ձեզ աշխատանքից ազատեց…
-Չէ՛, ես այն ժամանակ աշխատանքից ազատվել եմ եւ վերցվել եմ կադրերի ռեզերվ, իսկ հիմա ես ոստիկանության ծառայությունից ազատվեցի ու տեղափոխման կարգով նշանակվեցի տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում:
-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հետ Ձեր աշխատանքը:
-Արմեն Երիցյանին ճանաչում եմ դեռ շատ վաղուց, մենք միասին աշխատել ենք, նա մեր փոխոստիկանապետն է եղել, արդարացի, խստապահանջ ղեկավար է: Ես վստահ եմ, որ մենք միասին շատ լավ աշխատելու ենք, որովհետեւ ես պատրաստ եմ պատվով կատարելու իմ առջեւ դրված բոլոր խնդիրները: Հուսով եմ՝ պարոն Երիցյանի հույսերը կարդարացնեմ, որովհետեւ խստապահանջությանը պետք է պարզապես աշխատանքով պատասխանել, այլ կերպ հնարավոր չէ:
-Ըստ Ձեզ՝ ո՞վ է այն արժանի փոխարինողը Երեւանի ՃՈ պետի պաշտոնում:
-Ում որ կնշանակի ՀՀ ոստիկանության պետը, նա էլ արժանի կհամարվի:
-Իսկ ինչպիսի՞ «ժառանգություն» եք թողել Ձեզ փոխարինողին:
-Դրա գնահատականն էլ թող տա ժողովուրդը, թե ես ինչպես եմ ընդհանրապես ծառայել ոստիկանությունում:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ՄԱՅՐԸ ՉՈՒԶԵՑ ԽՈՍԵԼ
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Գնել Թեւոսյանի մայրը չի ցանկանում խոսել իր որդու մասնակցությամբ ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մասին: «Եթե Գնելի մասին եք եկել հարցնելու, ապա ոչինչ մի՛ հարցրեք: Ավելին՝ եթե բոլորը մեղադրում են, ուրեմն մեղավոր է, այլ բան չեմ կարող ասել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց կինը: Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կախված էին գտել 20-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Ավելի ուշ պարզվել էր, որ նրան սպանել են իր ծառայակիցները: Սպանության մեղադրանքով կալանավորվեցին ինստիտուտի կուրսանտներ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Նորիկ Սահակյանը եւ Գնել Թեւոսյանը: Վերջինս ինստիտուտի սպառազինության գծով պետի տեղեկալ Զարմիկ Մարկոսյանի որդին է: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կալանավորվածներից Վաչե Սահակյանն էլ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետի տեղակալներից մեկի որդին է:

 

1 ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԸ՝ 10 ՄԼՆ
Երեւանի քաղաքապետարանը բաց ընթացակարգով կնքված պայմանագրի մասին հայտարարություն է հրապարակել: Ըստ այդմ, Նոր Նորքի Գալշոյան 30 շենքի հարակից տարածքում պետք է կառուցվի խաղահրապարակ, որի համար կծախսվի 10 մլն 102 հազար դրամ: Իսկ Նոր Նորքի Հովհաննիսյան 8/1 շենքի հարակից տարածքում նախատեսվում է կառուցել մարզահրապարակ, որի համար կծախսվի 18 մլն դրամ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ այս տարվա հոկտեմբերը: Ենթադրում ենք, որ, ինչպես միշտ, խաղահրապարակի բացումը եւս ճոխ կնշվի, իսկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ բարերարի դեմքով կմասնակցի դրան, կարծես իր գրպանի փողերով է այդ ամենը կառուցվել, ու կմոռանա, որ ամեն անգամ մի փոքր բան կառուցելու համար համայնքի միջոցներից միլիոնավոր դրամներ է ծախսում:

 

ԾԵԾԿՌՏՈՒՔ
Երեկ՝ փետրվարի 10-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզի Նավուր գյուղում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գյուղի դպրոցի մոտ վիճաբանություն է սկսվել, որը վերաճել է ծեծկռտուքի: Ըստ համայնքի բնակիչների՝ գյուղացիներից 43-ամյա Արմենուհին եւ Մխիթարը փայտով ու եղանով ծեծել են իրենց համագյուղացի Տիգրանին: Իրավիճակն այն աստիճան է թեժացել, որ համագյուղացիները ստիպված ոստիկանություն են ահազանգել, որպեսզի վիճաբանությունն արյունահեղությամբ չավարտվի:

 

ԿԼՈՒԾԱՐԵՆ
Երեւանի Ծովակալ Իսակովի անվան թիվ 132 դպրոցի 5-րդ դասարաններից մեկը կլուծարվի: Իսկ դասարանը նման խնդրի առաջ է կանգնել աշակերտների պակասության պատճառով. 25-ի փոխարեն աշակերտները 21-ն են: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ աշակերտների սակավության պատճառով դասարանները պետք է իրար միացվեն:




Լրահոս