Վերջին շրջանում կտրուկ լարվել են ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր, օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի հարաբերությունները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ՀՀ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության մասնագետները «Ֆլեշ» ընկերության Տավուշի մարզում գործող բենզալցակայաններից մեկի գործունեությունը արգելել են՝ հրշեջ կանոնները չպահպանելու համար:
Մինչ այս միջադեպին եւ դրա հանգուցալուծմանն անդրադառնալը, նախ պարզաբանենք, թե ով է Բարսեղ Բեգլարյանը: Նա Հայաստանի օլիգարխներից է` ծագումով ղարաբաղցի: Սերժ Սարգսյանի ուսանողական ընկերներից է: Մասնագիտութամբ տնտեսագետ Բարսեղ Բեգլարյանը, մինչեւ Հայաստանի անկախացումը եւ շուկայական հարաբերությունների հաստատումը, մանկավարժական գործունեությամբ է զբաղվել: Հայաստանի անկախանալուց եւ նոր տնտեսական հարաբերությունների հաստատումից հետո Բեգլարյանը թողել է մանկավարժական գործունեությունը եւ սեփական գործն է դրել: Նրա գործերը հատկապես սկսել են լավ գնալ Սերժ Սարգսյանի Հայաստան տեղափոխվելուց հետո՝ 96-ից սկսած, երբ Սարգսյանը դարձել է սուպեր նախարար՝ ղեկավարելով ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունը: Սերժ Սարգսյանի եւ Բարսեղ Բեգլարյանի միջեւ քավոր-սանիկական հարաբերություն կա: Անցած աշնանը տեղի ունեցավ Բեգլարյանի որդու հարսանիքը, որի քավորը Սերժ Սարգսյանն էր: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Բարսեղ Բեգլարյանը եւ Սերժ Սարգսյանը գրեթե ամեն շաբաթ հանդիպում են «բլոտի» սեղանի շուրջ: Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ՍՊԸ-ն Հայաստանի հիմնական բենզին եւ դիզվառելիք ներկրող ընկերությունն է: «Ֆլեշ» ՍՊԸ-ն հազար խոշոր հարկատուների վերջին ցուցակում զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը:
Հաշվի առնելով վերը բերվածը՝ այժմ պատկերացրեք Բարսեղ Բեգլարյանի զայրույթը, երբ նրան զեկուցել են, որ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունն արգելել է Տավուշի մարզում գտնվող իրենց բենզալցակայանի գործունեությունը: Ըստ լուրերի՝ Բեգլարյանը մեծ շքախմբով գնացել է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մոտ՝ նախարարության շենք: Սական նրանց «բանակցությունները» արդյունք չեն տվել: ՏԿԱԻ նախարարը պնդել է, որ բենզալցակայանի հրշեջ անվտանգության խնդիրը լուծվի այնպես, ինչպես նախատեսված է օրենսդրությամբ:
Բարսեղ Բեգլարյանը ստեղծված իրավիճակի մասին դժգոհել է իր քավորին` Սերժ Սարգսյանին: Վերջինս կողմերի մասնակցութամբ «սխոդկա» է հրավիրել: Արդյունքում՝ կողմերը համաձայնության են եկել, ըստ որի՝ Բարսեղ Բեգլարյանը խոստացել է լուծել բենզալցակայանի անվտանգության հարցերը՝ դրանք համապատասխանեցնելով գործող չափանիշներին: Իսկ Արմեն Երիցյանը պարտավորվել է խնդիրը «թաղել». կարծես նման բան տեղի չի էլ ունեցել:
Տեղի ունեցածը Հայաստանի տնտեսական եւ քաղաքական կյանքին բնորոշ սովորական երեւույթ է: Ավելին՝ այն պաշտոնյաները եւ օլիգարխները, ովքեր մոռանում են Հայաստանում գործող խաղի կանոնների մասին, կարճ ժամանակում հայտնվում են լուսանցքում, իսկ նրանց բիզնեսը սնանկանում է:
Երբեմնի օլիգարխ Միխայիլ Բաղդասարովի հետ տեղի ունեցածն այս տեսանկյունից բոլորի համար ուսանելի օրինակ է: 90-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին «Ֆլեշ»-ի հետ բենզինի ներկրման շուկան կիսում էր Միխայիլ Բաղդասարովի «Միկա լիմիթեդ» ընկերությունը: Բավական էր՝ մեկ անգամ Բաղդասարովը շփոթվեր եւ փորձեր իրեն հեռու պահել Սերժ Սարգսյանից, իսկ նման անզգուշություն նա կատարել է 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որպեսզի նրա բիզնեսը հայտնվեր «սեւ ցուցակում»: Արդյունքում՝ ընդամենը երկու տարում Միխայիլ Բաղդասարովը հարյուր միլիոն դոլարից ավել վնասներ կրեց, եւ նրա բիզնեսների մեծ մասն այսօր արդեն սնանկացած է: Նույնիսկ բնակարաններն է աճուրդի հանել:
Իսկ Բարսեղ Բեգլարյանը դեռ վայելում է Սերժ Սարգսյանի անվերապահ հովանավորությունը:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՇՄԱՅՍՆ ԷԼ Է ՕԳՆԵԼ
Այս տարվա հունվարի 17-ի կեսօրին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 21-ամյա Արման Ալիկի Հարությունյանը: Վերջինս Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ էր, պայմանագրային զինծառայող, որը հակառակորդի գնդակից վիրավորվել էր, իսկ արդեն հիվանդանոցում` մահացել: Կրակոցներն ուղղված էին եղել Ոսկեվանի սահմանային գոտու ուղղությամբ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, օրերս Ա. Հարությունյանի ընտանիքին ֆինանսական օգնություն է ցուցաբերել: Երեկ տեղեկությունը փորձեցինք ճշտել պատգամավորից, որը հաստատեց այն՝ նշելով, թե ինքն այդ ընտանիքին չի ճանաչում: «Ես ինտերնետից եմ տեղեկացել այդ մասին, բայց ես անձամբ չեմ գնացել իրենց տուն, ես իմ օգնությունն ուղարկել եմ: Ես դա ինչ-որ բանի համար չեմ անում, ուղղակի ես տենում եմ՝ ինչ է կատարվում, ու ինչով կարում եմ, օգնում եմ»,- պատասխանեց պատգամավորը: Օրերս էլ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ու ԱԺ անկախ պատգամավոր Կարեն Բոթոյանն էին այցելել սպանված զինվորի ընտանիքին` իրենց հետ տանելով որոշ օգնություն:
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԳԱԼԻՍ Է
Երեկ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական առիթով խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցել են ՀՀ Կառավարության բոլոր անդամները, մարզպետները, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամները եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները: Սակայն խորհրդակցությանը չէր մասնակցում ԲՀԿ առաջնորդ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Ծառուկյանը: Փոխարենը մի քանի ամիս առաջ հերթական անգամ ընդդիմադիր «դարձած», ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն էր տեղ զբաղեցրել առաջին շարքում՝ որպես ԱԽ անդամ: Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ ԲՀԿ առաջնորդը ներկայումս գտնվում է Մոսկվայում: «Պարոն Ծառուկյանի գլխավորությամբ այժմ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում, որտեղ արդեն երկօրյա այցի շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել Պետդումայի ներկայացուցիչների հետ, տարբեր խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների հետ: Մանրամասներն արդեն կհաղորդվեն»,- ասաց Տոնոյանը:
ՏՈՒՆ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ նույն` Միասնիկյան 188 հասցեում բնակվող Կարինե Ավետիսյանը մինչ օրս չի վերադարձել իր տուն: Նա սպանված ընտանիքի հոր` Սերյոժա Ավետիսյանի ավագ հորեղբոր դուստրն է: Օրերս Կարինե Ավետիսյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտեի Գյումրու բաժին: Կնոջ խոսքերով՝ ինքը եւս մեկ անգամ պատմել է այն ամենն, ինչ իրեն հայտնի է. «Լսել եմ մեկ գմփուն, այլ բան չեմ լսել ու տեսել»:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՏԱՐԱՆ
Երեկ պետք է տեղի ունենար Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Ցեղասպանության մասին «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան, սակայն նրա կալանավորումից հետո ֆիլմի ճակատագիրն անհայտ է մնացել: Ֆիլմի ռեժիսոր Քաջայր Հակոբյանը երեկ հայտարարել է, որ Երեւանի կինոթատրոնները հրաժարվում են ցուցադրել ֆիլմը: «Երբ որ ասեն` ցույց տվե՛ք, այն ժամանակ էլ ցույց կտանք»,- պատճառաբանել են: Ռեժիսորի տեղեկացմամբ՝ մինչ այս պահը կազմակերպված փակ ցուցադրություններին ներկա են եղել նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ովքեր, նրա խոսքով, ֆիլմում եղած դաժան տեսարանների դեմ ոչինչ չեն ունեցել: Ի դեպ, երեկ Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն էր, եւ այդ օրն էլ պետք է տեղի ունենար ֆիլմի պրեմիերան: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, այսօր նա կալանավորված է:
ՓԱԿ ԵՏՄ
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն այսօր մինչեւ 18:00-ը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Վարորդներին խորհուրդ է տրվում նշված ճանապարհահատվածով երթեւեկել խիստ անհրաժեշտության դեպքում:
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի` 05.02.2015թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Ս. Աբրահամյանի իրազեկումը՝ 2015 թվականի մարտի 1-ին, ժամը 12.00-22.00 Ազատության հրապարակում հավաք եւ հավաքի ընթացքում՝ ժ. 17.00-ին Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Գրիգոր Լուսավորչի փողոց – Իտալիայի փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Թումանյան փողոց – Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
ՊԻՏԻ ԷԺԱՆԱՆԱ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն երեկ դռնփակ նիստում քննարկել է գազի սակագնի հետ կապված հարցեր: Հանձնաժողովը գտնում է, որ տարադրամի փոխարժեքի փոփոխման արդյունքում հնարավոր է գազի գինը նվազեցնել: Գազի սակագնի վերանայման հարցով hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կարող է դիմել ոլորտի մենաշնորհատեր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:
ՀԱՆԴԻՊԵԼ Է
Աշխատանքային այցով Երեւանում գտնվող ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանն այսօր հանդիպել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Եվրամիության եւ Արցախի միջեւ համագործակցության հնարավորությունների ու հեռանկարների շուրջ։ Կարեն Միրզոյանը կարեւորել է Արցախ ԵՄ ներկայացուցիչների անարգել մուտքի ապահովումը եւ հրավիրել Հերբերտ Զալբերին իր մանդատի շրջանակներում այցելել ԼՂՀ՝ տեղում ծանոթանալու առկա իրողություններին… Կողմերը երկուստեք կարեւորել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը եւ դրանց օժանդակելու անհրաժեշտությունը։
ԴԻՏԱՐԿՈՒՄ
ԵԱՀԿ առաքելությունն այսօր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի արեւելյան ուղղությամբ, եւ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: