«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՏՆՕՐԵՆԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հայաստանում «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, անդրադառնալով ընկերության նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի կողմից թույլ տրված չարաշահումներին, կարծիք հայտնեց, որ ընկերությունը ցուցաբերել է մաքսիմալ օժանդակություն գործի բացահայտման համար, ինչպես նաեւ մշտապես կապի մեջ են եղել բոլոր մարդկանց հետ, որոնք զբաղվում են հետաքննությամբ:

Հիշեցնենք, որ 2009-ի ապրիլից Իգոր Կլիմկոն «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենն էր, սակայն 4 տարի ղեկավարելով այս ընկերությունը՝ 2013-ի սկզբին անսպասելիորեն ազատվեց աշխատանքից: Չսպասելով անգամ իր աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտին, որին ընդամենը մի քանի ամիս էր մնացել, լքեց Հայաստանը: Այդ ընթացքում տեղեկություններ տարածվեցին, որ նրա անսպասելի հեռանալը պայմանավորված է ֆինանսական չարաշահումների հետ: Արդյունքում՝ մեկ տարին անց՝ հուլիսի 10-ին, տեղեկություններ տարածվեցին, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 6 մլն դոլարի յուրացման մասով: Այս գործով Բելառուսի Հանրապետությունում կալանավորվեց «ԱրմենՏել»-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի տեխնիկական գործով տնօրեն Վլադիմիր Սաչկովը, իսկ Հայաստանում կալանավորվեց «ԱրմենՏել»-ի անվտանգության պետ Աշոտ Պողոսյանը, որի մասով գործն արդեն մտել է դատարան: Իսկ նախկին տնօրեն Կլիմկոն մինչ օրս փախուստի մեջ է:
-Պարո՛ն Պյատախին, ի՞նչ կասեք Ձեր կողմից ներկայումս ղեկավարվող ընկերության նախկին տնօրենի յուրացումների եւ փախուստի մասին:
-Ես չեմ կարող ասել, թե որտեղ է գտնվում Իգոր Կլիմկոն, որովհետեւ երեւի թե համապատասխան մարմինները պետք է իմանան, բայց կարդում եմ տեղեկությունները, որոնք զետեղված են մամուլում: Ինչպես նաեւ կարդում եմ Իգոր կլիմկոյի պատասխանները: Ուզում եմ խոսել այն իրավիճակի մասին, որը ստեղծվել էր: Դառնալով ընկերության ղեկավար՝ մենք սկսեցինք աշխատել, աշխատանքային գործունեության ստուգումների արդյունքում մեր կողմից փաստեր հայտնվեցին, որոնք հարցեր առաջացրին, եւ անմիջապես ստանալով այդ փաստերը՝ մենք հանձնեցինք համապատասխան մարմիններին, ովքեր սկսեցին հետաքննությունը:
Հետաքննությունը սկսվել է դեռեւս 2014թ.: «ԱրմենՏել»-ը՝ մենք, բացահայտ կերպով աջակցում ենք ցանկացած հարցով, համապատասխան տեղեկատվությամբ: Այս պատմության մեջ, իհարկե, պոտենցիալ կերպով տուժող կողմը մենք ենք, ուստի մենք նույնպես ցանկանում ենք, որ գործը բացահայտվի, եւ այս պատմությունը փակվի, գնա: Ի վերջո, եթե մենք ինչ-որ բան կորցրել ենք կամ կորուստներ ենք ունեցել, կորուստներն անպայման ուզում ենք վերադարձնել: Եկեք՝ ինչ-որ մեղադրանքներ չհնչեցնենք մեր կողմից մինչ դատական ակտի կայացումը, հատկապես, որ ես դրա իրավունքը չունեմ, որովհետեւ համապատասխան մարմինները, ինչպես արդեն նշեցի, զբաղվում են դրանով: Կրկին անգամ եմ նշում, որ մենք ինքներս հանձնեցինք տեղեկությունը, որոնք տեսել էին համապատասխան մարմինները: Մեր կողմից ցուցաբերել ենք մաքսիմալ օժանդակություն, կապի մեջ ենք այն բոլոր մարդկանց հետ, որոնք զբաղվում են հետաքննությամբ: Այժմ միայն նրանք ունեն իրավունք՝ անելու որեւէ մեկնաբանություն կամ հայտարարություն:
-Իսկ Դուք անձամբ ճանաչե՞լ եք Իգոր Կլիմկոյին: Նա կարո՞ղ էր գնալ այդպիսի քայլի:
-Իգոր Կլիմկոյի հետ ծանոթ եմ շատ վաղուց: Եւ այդ ժամանակ մեզ մոտ ամեն ինչ լավ էր, լավ հարաբերությունների մեջ էինք: Բայց ես չեմ տեսել նրան արդեն շատ-շատ վաղուց:
-Ի վերջո, արդեն անցել է գրեթե մեկ տարի, եւ նրան չեն հայտնաբերել, հույս ունե՞ք, որ այս գործը կբացահայտվի:
-Կներեք, գործը չի կարող հիմնվել ենթադրությունների հիման վրա, նույնիսկ օդերեւութաբանները չեն կարող ասել, թե երեք օրից ինչ եղանակ է սպասվում: Կարեւորն այն է, որ համապատասխան մարմինները զբաղվում են դրանով: Մենք ստանում ենք ինչ-որ հարցադրումներ, տեսնում ենք ակտիվություն այդ գործում, մեզ համար դա լավ նշան է: Վերջնական որոշումը կայացնողը դատավորն է, եւ մենք այստեղ հանդես ենք գալիս որպես տուժող կողմ եւ ցուցաբերում մաքսիմալ աջակցություն:

 

 

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆՆ ՈՒ 5 ՄԻԼԻՈՆԻ ՊԱՀԱՆՋԸ

Երեւանի N 30 ավագ դպրոց պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, որը գտնվում է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՊՈԱԿ-ի ենթակայության տակ, դատական հայց է ներկայացրել դպրոցի նախկին տնօրենի՝ Դոնարա Աղաջանյանի դեմ:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՊՈԱԿ-ն իր ենթակայության տակ գտնվող Երեւանի N 30 ավագ դպրոց ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Դոնարա Աղաջանյանից պահանջում է 5 միլիոն 275 հազար 449 դրամ գումար: Ինչպես նկատեցինք՝ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն այսքանով չի բավարարվել եւ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նախկին տնօրենի գույքի դրամական միջոցների վրա արգելանք դնելու համար, ինչը գործը քննող Զարուհի Նախշքարյանը բավարարել է: «Ժողովուրդ»-ին Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից հայտնեցին, որ դատական հայցը ներկայացվել է դպրոցի նախկին տնօրենի դեմ նրա կողմից իրականացված չարաշահումների համար:
Նշենք, որ սա միակ աղմկալի պատմությունը չէ, որը կապված է դպրոցի տնօրենի հետ: Դեռեւս 2010թ. Դոնարա Աղաջանյանն ուսումնական տարվա սկզբին հեռացրել է շուրջ մեկ տասնյակ ուսուցիչների՝ պատճառաբանելով, թե նրանք չունեն բավարար կրթություն: Ուսուցիչների պնդմամբ էլ՝ ոչ միայն ոտնահարվել էին աշխատանքային օրենսգրքով նախատեսված իրենց իրավունքները, այլեւ արժանապատվությունը: Ավելին՝ դպրոցի մանկավարժների կարծիքով՝ Աղաջանյանը ժամանակավոր պաշտոնակատար դառնալու առաջին իսկ օրվանից անտեղի նկատողություններ էր տվել ու աշխատանքից ազատել մի խումբ ուսուցչուհիների:
Արդյունքում ուսուցիչները դիմել էին դատարան` փորձելով այս կերպ վերականգնել իրենց իրավունքները: «Հեռացման հրամանները կատարվել են մի շարք խախտումներով, անձինք հեռացման մասին ծանուցվել են արձակուրդում գտնվելու ընթացքում, անհիմն նկատողություն է հայտարարվել: Եթե անգամ նկատողությունը տեղին է, մեկ նկատողությամբ անձին չեն ազատում աշխատանքից՝ աշխատանքային օրենսգրքի համաձայն: Հեռացվածներից մեկը դպրոցի արհմիության նախագահ Հրանուշ Մանուկյանն է, եւ նրան աշխատանքից ազատելու համար, ըստ աշխատանքային օրենսգրքի, անհրաժեշտ էր նաեւ աշխատանքի տեսչության կազմած եզրակացությունը, որը նույնպես չի եղել»,- գրել էին նրանք:
Նկատենք, եթե 5 տարի առաջ ուսուցիչներն էին դատի տվել տնօրենին՝ իրենց իրավունքները ոտնահարելու համար, հիմա էլ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՊՈԱԿ-ն է դատական հայց ներկայացրել արդեն նախկին տնօրենի դեմ եւ պահանջում է ոչ ավել, ոչ պակաս 5 միլիոն դրամ: Թե ինչ կորոշի դատարանը, դժվար է կանխատեսել:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 
ԾԵԾՎԱԾ ԲՀԿ-ԱԿԱՆՆ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է
ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ՓՄՁ-ների ակցիաների ակտիվիստ Արտակ Խաչատրյանը շուտով հանրությանը կներկայացնի փետրվարի 7-ին իր հետ տեղի ունեցած դեպքի մանրամասները: Այս մասին «Մալաթիա» ԲԿ այցելած Armlur.am-ի թղթակցին հայտնեց ակտիվիստը` հավելելով, որ վերջնականապես կազդուրվելուն պես ինքն իր ասելիքը կասի: «Նախաքննական մարմինն անում է իր գործը, եւ շուտով ամեն ինչ պարզ կլինի»,-ասաց մեր զրուցակիցը: Armlur.am-ի հարցին` ճի՞շտ են արդյոք շրջանառվող լուրերն այն մասին, թե ծեծի ենթարկվելու նախորդ օրն ինքը հանդիպել է ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի հետ, ինչի հետ էլ կապվում է տեղի ունեցածը, Արտակ Խաչատրյանը պատասխանեց. «Պարոն Օսկանյանի հետ հանդիպել եմ փետրվարի 5-ին` ԲՀԿ խորհրդաժողովի ժամանակ: Նրա հետ չեմ զրուցել ու այդ օրը միայն նրան չէ, որ տեսել եմ: Բնականաբար, մի քանի մասնակիցների հետ զրուցել եմ: Պարոն Օսկանյանին հեռվից գլխով բարեւի նշան եմ տվել: Լուրերը, թե հանդիպումը որեւէ կերպ կարող է կապ ունենալ տեղի ունեցածի հետ, չեն կարող հավաստի լինել»:
Նշենք, որ ծեծի ենթարկված ակտիվիստի հետ երկար խոսել չհաջողվեց, քանի որ նրան հանգիստ էր պետք: Իսկ «Մալաթիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից տեղեկացանք, որ Արտակ Խաչատրյանի ինքնազգացողությունը բարելավվում է, առավոտյան նաեւ կարողացել է նախաճաշել: Տեղեկացնենք, որ դեպքից հետո վիրահատել էին նրա քիթը, ինչի հետեւանքով նրա թոքերում օդ էր կուտակվել: Այն հեռացնելու համար կատարվել է դրենաժավորում. երեք օրից դրենաժը կհանվի:
Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են մի շարք վկաներ եւ գործով տուժող ճանաչված Ա.Խաչատրյանը: Դեպքի օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արտակ Խաչատրյանը եւ իր ընկեր Նարեկ Աբրահամյանը «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել են Երեւան քաղաքի Տոլստոյի փողոցում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրին եւ կայանել նշված համալիրին կից պատի տակ: Այդ պահին Տոլստոյի փողոցի վերեւի հատվածից արագ նրանց է մոտեցել «Տոյոտա կորոլա» մակնիշի սեւ ավտոմեքենա, որից իջել են դիմակավորված, սեւ համազգեստով, խոշորամարմին երեք տղամարդ: Նախնական տվյալներով՝ նրանց մոտ եղել է նաեւ հրազեն:
Նրանք Ն. Աբրահամյանին հրել են մի կողմ, իսկ Ա.Խաչատրյանին նստեցրել ավտոմեքենան եւ արագ ընթացել Նար-Դոսի փողոցի ուղղությամբ: Ապա մի քանի ժամ ծեծի են ենթարկել ակտիվիստին, հետո բաց են թողել մի ամայի տարածքում, որտեղից էլ տուժածը ինքնուրույն մի կերպ տուն է հասել: Նախաքննության ընթացքում տուժող Ա. Խաչատրյանի եղբայրը քննությանն է ներկայացրել տեսագրություն, որի զննությամբ պարզվել է, որ դեպքի օրը Նարեկ Աբրահամյանի վարած «Մերսեդես Բենց ՄԼ» մակնիշի ավտոմեքենային հետեւել է «Տոյոտա կորոլա» մակնիշի սեւ ավտոմեքենան:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




Լրահոս