ՀՀ Արարատի մարզում գործող «Բորոդինո» պահածոների գործարանը դեռ շարունակում է գտնվել ֆինանսական վատ վիճակում: Բացի այս՝ ընկերության դեմ դատական հայց են ներկայացրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արարատ ԳՄՄ-ն եւ «Գլաս ՈՒորլդ Քամփնի» ընկերությունը՝ գումարի բռնագանձման պահանջով:
Տեղեկացնենք, որ «Բորոդինո» ընկերությունը գրեթե ամեն տեսակի մրգեր եւ բանջարեղեն է մթերում, մուրաբա ու պահածոներ է արտադրում: Բայց ընկերության արտադրանքի միայն 15-20 տոկոսն է ներքին շուկայում իրացվում: Մեծ մասը արտահանվում է Հոլանդիա, Ֆրանսիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան:
Հիշեցնենք, որ ընկերությունը դեռեւս նախորդ տարվանից ֆինանսական ծանր վիճակում է գտնվում: Նույնիսկ խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ գործարանը սնանկացման ճանապարհին է: Տնօրինությունը չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: Ավելին՝ գործարանի ղեկավարությունը մինչ օրս ամբողջությամբ չի վճարել աշխատակիցների աշխատավարձերը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գործարանի աշխատակիցները տեղեկացրին, որ տնօրինությունը խոստացել է մինչեւ փետրվարի վերջ մարել պարտք մնացած աշխատավարձերը: Եւ մինչ «Բորոդինո» պահածոների գործարանը փորձում է ոտքի կանգնել, այդ ընթացքում ընկերության դեմ դատական հայցերն ավելանում են:
Այսպիսով՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արարատի ԳԳՄ-ն դեռեւս նախորդ տարվա նոյեմբերի 26-ին հայց է ներկայացրել ՀՀ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Բորոդինո» պահածոների գործարան ՍՊԸ-ի՝ մոտ 2.5 մլն դրամ գումարի բռնագանձման պահանջով: Հայցվորը միաժամանակ միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոց հայցագնի՝ մոտ 2.5 մլն դրամի չափով արգելանք դնել «Բորոդինո» պահածոների գործարան ՍՊԸ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա: Նախորդ տարվա նոյեմբերի 28-ին դատարանը բավարարել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արարատի ԳԳՄ-ի միջնորդությունը, եւ որպես հայցի ապահովման միջոց` հայցագնի՝ 2.5 մլն դրամի չափով արգելանք է դրել «Բորոդինո» պահածոների գործարան ՍՊԸ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա:
Նշենք, որ բացի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ Արարատի ԳԳՄ-ից, «Բորոդինո»-ի դեմ դատական հայց է ներկայացրել նաեւ «Գլաս Ուորլդ Քամփնի» ընկերությունը, որը զբաղվում է ապակե տարաների արտադրմամբ եւ արտահանմամբ: Պահանջը նույն է՝ գումար բռնագանձել:
Իրավիճակի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Բորոդինո» պահածոների գործարանի տնօրեն Սիսակ Աղայանի հետ, ով տեղեկացրեց, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արարատի ԳԳՄ-ի դատարան դիմելուց մի քանի օր անց ընկերությունը սպառած գազի վարձը վճարել է: «Իրենց նշած ժամկետում չունեինք գումար: Իրենք էլ հաշվի չառան դա: Դատարան ներկայացրին, եւ մոտ երեք-չորս օր անց մարեցինք այդ գումարը: Այնուամենայնիվ, այս դատական վեճն արդեն հարթվել է: Իսկ «Գլաս ՈՒորլդ Քամփնի» ընկերությունը հայցից հրաժարվել է, քանի որ այն նույնպես վճարել ենք»,- հայտարարեց տնօրենը: Նա նշեց նաեւ, որ գործարանի աշխատանքային շրջանը սկսում է ապրիլից: Այսօր ընկերությունն արտադրանք է արտահանում:
Սիսակ Աղայանի խոսքով՝ այսօրվա դրությամբ ընկերությունը կարողացել է ֆինանսական դժվարությունների մի մասը միայն հաղթահարել: Հիմա նրանք սպասում են պահանջվող վարկի ձեւակերպմանը, ինչը տեւական ժամանակ երկարաձգվում է:
Ահա թե ինչպես են մեր երկրում խթանում տեղական արտադրանքի զարգացմանն ու արտահանման ծավալների մեծացմանը: Ակնհայտ է, որ ընկերությունների մեծ մասը, չդիմանալով հայաստանյան բանկերի կողմից առաջարկվող բարձր տոկոսադրույքներին, դադարեցնում են իրենց գործունեությունը կամ սնանկանում:
ԵՐԵՎԱՆԻ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ 50 ՏՈԿՈՍԸ ԿԿՐՃԱՏՎԻ
Հունվարի 26-ին մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի որոշակի ուղեգծերում նկատվող ուղեւորահոսքի նվազումով պայմանավորված՝ ավտոբուսային երթուղիներում իրականացվել էին ուղեգծերի վերանայման եւ շտկման աշխատանքներ: Ինչի արդյունքում թիվ 11, 15, 30, 31, 40 եւ 51 երթուղիները կրճատվեցին: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի հետ:
-Պարո՛ն Եղիազարյան, այս պահին կրկնվող երթուղայինների վերանայման աշխատանքները շարունակվո՞ւմ են:
-Այո՛, իրականացվում են: Այլ լուծում չկա: Քաղաքացին թող սպասի, որ երթուղիների քանակը կրկին պակասելու է: Այն, որ մենք սովորել էինք, որ մուտքի առաջ երթուղայինը կանգառում էր, եւ այդտեղից նստում էինք ու գնում քաղաքի ծայրը, դա թող քաղաքացին մոռանա: Այն վաղուց անցել է պատմության գիրկը, նա պետք է իմանա, որ այսուհետ երկու նստեցումով է հասնելու իր ցանկացած վայրը, որն էլ արժենալու է 200 դրամ, այլ ոչ՝ 150: Քաղաքացին Ա կետից պետք է գնար Բ կետը, բայց այսուհետ իջնելու է միջանկյալ՝ Ց կետը, որտեղ կրկին տրանսպորտ կփոխի ու կգնա իր ցանկացած Բ կետը: Այսինքն՝ մեր հարգելի ակտիվիստների շնորհիվ 150 դրամի փոխարեն այսօր ունեցանք 200 դրամ ուղեվարձով երթուղային: Մենք ունենք երկու ճանապարհ՝ ուղեվարձի բարձրացումը պարտադիր չէ, որ լինի ուղեւորի հաշվին, բայց այն անհրաժեշտ է:
-Այսինքն՝ առաջիկայում երթուղայինները կրկին կկրճատվե՞ն:
-Այս պահին հստակ չենք կարող ասել, թե քանի երթուղի կկրճատվի, բայց հնարավոր է, որ 50 տոկոսը մնա: Երեւանում շատ են կրկնվող երթուղայինները: Առաջիկայում մենք քաղաքում կմնանք առանց երթուղայինի եւ ոտքով կտեղաշարժվենք: Ուղեւորները քիչ են: Երբ մենք մեր դժգոհությունների մասին բարձրաձայնում էինք եւ ասում, որ ուղեվարձը չի բավարարում ծախսերը ծածկելու համար, մեզ լսող չկար: Անցել է տարիուկես, եւ մենք կրկին նույն թեմայի շուրջ խոսում ենք, լսող չկա: Հիմնականում վարորդները, որոնց չի բավարարում այսօրվա վաստակը, հեռանում են ոչ թե ընկերությունից, այլ երկրից: Արդյունքում՝ ստացվում է, որ մենք ունենք սարքին վիճակում գտնվող շարժակառք, որը կանգնած է առանց վարորդի: Այն տարածքներում, որտեղ կան կրկնվող երթուղայիններ, կրճատում ենք, որպեսզի մի մասը մի տեղում սպասարկի, մյուսը՝ այլ: Երեք ուղեւորի համար բավական չէ, որ երթուղայինն անշահութաբեր աշխատի ու քաղաքի մի ծայրից հասնի մյուս ծայրը: Իսկ վառելիքի ծախսն այնքան է մեծացել, որ ստացված հասույթի 60 տոկոսն անցել է:
-Պարո՛ն Եղիազարյան, հնարավո՞ր չէ գծատերերը կրճատեն իրենց շահույթը. գոնե այդ կերպ խնդիրը շտկվի:
-Փորձեմ կարկանդակի օրինակով բացատրել. ունեմ օրվա հասույթի պլան, որը որոշակի թիվ է կազմում եւ այն հավասար է մի կարկանդակի: Այդ կարկանդակի 60 տոկոսը ծախսվում է վառելիքի համար, այսինքն՝ մի մեծ կտոր կծեց մեկը, հետո՝ մի կտոր տալիս ենք հարկային տեսչությանը, մի կտոր էլ՝ «Երեւանտրանս» ընկերությանը: Իսկ, ահա, վերջում ոչ միայն չի մնում, այլեւ գծատերն իր տանից պետք է մի հատ էլ կարկանդակ բերի, որով կարողանա աշխատավարձ բաժանի: Իջնելու տեղ չի մնացել:
Նյութերը ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ՀՅՈՒՐԱՆՈՑՆ ԱՎԵՐՎԵԼ Է
Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի կենտրոնում գտնվող 9 հարկանի հյուրանոցը խորհրդային ժամանակ համարվում էր քաղաքի խորհրդանիշը: Այդ տարիներին Խորհրդային Միության տարբեր ծայրերից Իջեւան քաղաք եկած զբոսաշրջիկներին, մարզիկներին այդ հյուրանոցում էին տեղավորում: Շենքի գլխին տեղադրված՝ հյուրանոցի անվան տառերի մեծ մասն այսօր ընկել է: Վերջին 3 տարում հյուրանոցից հանվել, տարվել են ալյումինե պատուհանները, պատերի մարմարե սալիկները, աստիճանների մշակված քարերը եւ այլն:
Մի խոսքով՝ Իջեւանի կենտրոնում, քաղաքապետարանի շենքի հարեւանութամբ գտնվող հյուրանոցն անխիղճ կերպով թալանված է, էլ տանելու բան գրեթե չի մնացել: Այդ կառույցը, կարծես, քաղաքապետարանի շենքի վրա կախված, ամեն պահ ընկնելու պատրաստ պայթուցիկ լինի: Մինչդեռ Իջեւան քաղաքում եւ Իջեւանի տարածաշրջանում տնազուրկ հարյուրավոր ընտանիքներ կան, որոնց համար հյուրանոցը կարող էր ընտանեկան ծածկ դառնալ, ծառայել որպես բնակարան: Հյուրանոցում, իհարկե, նախկինում բնակվում էին Ադրբեջանից եկած փախստականների ընտանիքներ, սահմանամերձ Բերքաբեր գյուղից սերված, ադրբեջանական ոտնձգությունների հետեւանքով տնազուրկ դարձած մի ընտանիք եւ այլք: Սակայն մի քանի տարի առաջ այդ ընտանիքները տարհանվեցին սեփականաշնորհված հյուրանոցից:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը 2000թ. օգոստոսի 29-ին թիվ 52 որոշում է կայացրել հյուրանոցը սեփականաշնորհելու մասին: Կա նաեւ ՀՀ Կառավարության որոշումը՝ կայացված նույն թվականի նոյեմբերի 11-ին: Սակայն Իջեւանի քաղաքապետարանից ստացված տվյալներով՝ շենքը սեփականաշնորհվել է 2006թ:
Ուշագրավն այն է, որ այդ հսկա շենքի կադաստրային արժեքը կազմել է ընդամենը 10 միլիոն դրամ, սակայն վերջնարդյունքում սեփականաշնորհվել է 7 միլիոն դրամով: Թե ով ինչ նպատակով պետք է օգտագործի այդ շենքը, դժվար է ասել: Բայց որ շենքի սեփականաշնորհման գործընթացի ուսումնասիրությունից բավականին հետաքրքիր նրբերանգներ կարելի է հայտնաբերել, արդեն փաստ է:
Նկատենք, որ մինչ օրս որեւէ մեկը չի ստուգել «Իջեւանատուն» փակ բաժնետիրական ընկերության կողմից կնքված հյուրանոցի սեփականաշնորհման պայմանագիրը: Եւ եթե ստուգվեր, գուցե առաջին հերթին նկատվեր օբյեկտի նպատակային նշանակությունը պահպանելու պարտավորությունը, որը բացարձակ չի կատարվում:
Բայց կարծես թե այս խնդիրը չի մտահոգում տեղական իշխանիկներին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ