Հայաստանում առաջին մասնավոր եթերային հեռուստատեսությունը հիմնադրվել է Հրազդան քաղաքում 1990թ.: Այն ստեղծվել է «Հրազդան» թերթի կոլեկտիվի ստեղծագործական բազայի վրա: Թերթի խմբագիր Մնացական Հարությունյանն էլ մինչ օրս «Հրազդան» հեռուստաընկերության հիմնադիրը, տնօրենը եւ գլխավոր խմբագիրն է:
Վերջերս մարզում լուրեր են պտտվում, որ «Հրազդան» հեռուստաընկերությունը փակվում է: Որքանո՞վ են իրական այդ լուրերը: Հեռուստաընկերության տնօրեն Մնացական Հարությունյանի բացատրությամբ՝ իր խմբագիր դառնալու առաջին իսկ տարում դարձյալ լուրեր շրջեցին այն մասին, որ «շրջկոմի քարտուղարը խմբագրին աշխատանքից ազատում է: Այնուամենայնիվ, ինձ չկարողացան ազատել»: Ասել է թե՝ մարզային այդ հեռուստաընկերությունը դեռ շարունակում է գործել:
Իհարկե, դժվարություններ ունի նաեւ «Հրազդան» հեռուստաընկերությունը: «ՀՀՇ-ն նույնպես շարունակեց կոմունիստների կիսատ թողած գործը՝ թերթը եւ հեռուստաստուդիան իմ ձեռքից առնելու դատական գործընթաց սկսելով: Հարցը հասավ մինչեւ Գերագույն դատարան, սակայն այդ խոչընդոտը նույնպես հաղթահարվեց: Թող այն տպավորությունը չստացվի, որ ես սկանդալային անձնավորություն եմ, ամենեւին… Սակայն տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանի, քաղաքապետարանի, ոստիկանության, դատախազության, հարկային մարմինների հետ առճակատումների տեղիք են տվել խմբագրի իմ սկզբունքային դիրքորոշումները»,-մանրամասնեց ավելի քան 40 տարի լրագրության ոլորտում գործունեություն ծավալած տնօրենը:
Նշենք, որ մինչեւ 2009թ. «Հրազդան» հեռուստաընկերության համար եղել են ստեղծագործական բուռն վերելքի տարիներ: Բայց միաժամանակ նաեւ փորձություններ են եղել, որոնց միջով ստիպված է եղել անցնել մի ողջ կոլեկտիվ: Հեռուստաընկերության տնօրենի ներկայացմամբ, 2009թ. ինչ-որ նամակ է մուտք արվել Կոտայքի մարզային դատախազություն, ըստ որի՝ ինչ-որ անձ 3 տարի առաջ իբր երկու ամիս աշխատել է հեռուստաստուդիայում, չի վարձատրվել: Նամակի հիման վրա աշխատանքի պետական տեսչության տարածքային կենտրոնը, առանց նիստ գումարելու, տնօրեն Մ. Հարությունյանին ենթարկել է վարչական տույժի՝ 50.000 դրամի չափով: «Գումարն, իհարկե, մեծ չէր, կարելի էր մուծել եւ ազատվել գլխացավանքներից: Սակայն դատախազի հետ զրույցից հետո հասկանալի դարձավ, որ ցանկանում են նախադեպ ստեղծել: Եվ, իսկապես, սկսվեց քրեական գործի նախապատրաստության գործընթաց: Հեռուստաստուդիայի աշխատողներին աշխատանքի ժամերին եւ ուշ ժամերի կանչում էին ոստիկանություն՝ բացատրություններ վերցնելու, բայց ոստիկանության դատախազության միջամտությամբ սարքած այս ամբողջ գործը փուլ է եկավ ՀՀ վարչական դատարանում»,- պատմեց Մ. Հարությունյանը:
Մի խոսքով՝ չնայած ունեցած դժվարություններին՝ «Հրազդան» հեռուստաընկերությունը չի փակվում: Ավելին՝ այսօր այն համագործակցում է Աբովյանի «Նարեկ» հեռուստաընկերության հետ՝ իր հաղորդումները տարածելով Կոտայքի մարզի ողջ տարածքում, ինչպես նաեւ՝ Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի առանձին բնակավայրերում, Երեւանի մի շարք թաղամասերում: Հեռուստաընկերությունը նաեւ համացանցով է հեռարձակում իր հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրազդան
ԱՃԵԼ Է
Երեկ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 478.85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.23 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 540.33 դրամ (նվազել է 2.62 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 728.09 դրամ (նվազել է 0.90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.31 դրամ (աճել է 0.03 դրամով): Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 261.26 դրամ, ոսկին՝ 19.067.18 դրամ, պլատինը՝ 18,705.39 դրամ: «Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում փետրվարի 10-ին դոլարի առքուվաճառք չի կատարվել: