ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Երեւան-Վանաձոր, Արտաշավան-Քուչակ-Ապարան-Արագած-Ռյա Թազա ու Սպիտակի ոլորանները երեկ ողջ օրվա ընթացքում դժվարանցանելի են եղել: Երեք տասնյակից ավել ավտոմեքենաներ դուրս են բերվել ճանապարհից, որոնք երկար ժամանակ «խցանումների» մեջ են մնացել:

 

 

 

 

ՀԱՐՑ. Լսել եմ, որ տարեսկզբին պետական աշխատողների սոցիալական փաթեթի տրամադրման կարգում փոփոխություններ են կատարվել: Խնդրում եմ ներկայացնել այդ կարգը:

Հասմիկ Դալաքյան (42 տարեկան, բուժքույր)

ՊԱՏԱՍԽԱՆ. 2015թ. հունվարի 1-ից հետո սոցիալական փաթեթի շահառուների համար ներդրվում է պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչը, որի տարեկան արժեքը 8000 դրամ է: Այսինքն՝ 132.000 դրամից 52.000 տրամադրվում է առողջապահական փաթեթին, 8000 դրամը պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությանը, իսկ 72.000 դրամը` սոցիալական փաթեթի ծառայությունների ձեռքբերմանը:
– 2015թ. հունվարի 1-ից սոցիալական փաթեթի ծառայությունները կներառեն նաեւ սոցիալական փաթեթի շահառուի համար առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթը կամ սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթը.
– ներդրվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված սոցիալական վճար կատարող անձի կողմից սոցիալական փաթեթի գումարները սոցիալական վճարների կատարմանն ուղղելու մեխանիզմը,
– ընդլայնվել է սոցիալական փաթեթի շահառուների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը, որն ընդգրկում է արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները` համավճարի սկզբունքով, ինչպես նաեւ հստակեցվել է առանձին բժշկական ծառայությունների տրամադրման եւ փոխհատուցման կարգն ու պայմանները,
– 2015թ. հունվարի 1-ից սոցիալական փաթեթից կօգտվեն նաեւ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի, «ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի, «Արմենպրես» լրատվական գործակալության աշխատողները.
– 2015թ. հունվարի 1-ից հետո առանց աշխատավարձի պահպանման երեք ամսից ավել ժամկետով գործուղման մեկնելու դեպքերում շահառուների սոցիալական փաթեթի գումարներն այդ ժամանակահատվածի համար կկասեցվեն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է գրվածն իրականում գործի՝ առանց զեղումների:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես Ռուսաստանում եմ: Արդեն մի քանի ամիս գրանցման ժամկետս լրացել է: Ուզում եմ վերադառնալ Հայաստան: Բայց նախապես անհրաժեշտ եմ համարում ճշտել՝ ի՞նչ տուգանք է սպասվում ինձ, ո՞րն է ավելի ճիշտ՝ Հայաստանի միգրացիոն ծառայությանը դիմե՞մ, թե՞ սահմանի վրա տուգանքը վճարեմ: Խնդրում եմ պարզաբանել՝ հնարավո՞ր է, որ մի քանի տարով արտաքսեն ինձ այդ երկրից՝ ժամկետը խախտելու համար:

Գեղամ Սարգսյան (37 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան մեր քաղաքացու կողմից ուղղված հարցման՝ տեղեկացնում ենք, որ քաղաքացին պետք է դիմի Ռուսաստանի միգրացիոն պետական ծառայությանը՝ իր խնդրին լուծում տալու համար, քանի որ տեղի միգրացիոն պետական ծառայությունն է որոշում նման խախտման համար որքա՞ն տուգանք է սահմանվում, եւ ինչպիսի պատիժ պետք է կիրառվի:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջին տվյալներով դեպի ՌԴ մուտք գործելու իրավունք չունեցող հայ միգրանտների թիվը հասնում է 50 հազարի: Այսինքն՝ այսքան մարդ, բառիս բուն իմաստով, ընտանիքը կերակրելու վտանգի առաջ է հայտնվել, որն, իհարկե, կարող է պատճառ հանդիսանալ սոցիալական պայթյունի, չէ՞ որ սեփական երկրում ծայրահեղ աղքատության եզրին հայտնված հասարակության համար մի կտոր հաց վաստակելու հնարավորություններ չկան, իսկ արտագաղթն այս դեպքում միակ ելքն է:




Լրահոս