ԿՈՆՍՈՒԼՏԱՏԻՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին, ընդհատելով իր կարճատեւ արձակուրդը, կմեկնի Մոսկվա` հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին երեկ  հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից` արդեն սովորություն դարձած կարգով  մի քանի ժամ անց միայն երկրորդելով Կրեմլի մամուլի ծառայության  հրապարակած տեղեկատվությունը: Սակայն դա թերեւս այլեւս էական չէ, ոչ էլ առավել եւս զարմանալի` հատկապես որ հիշում ենք, որ ժամանակին Վլադիմիր Պուտինը ասել էր, որ Հայաստանի նախագահին ցանկացած պահի կանչում է իր մոտ կոնսուլտացիաների: Խոսքը իհարկե Ռոբերտ Քոչարյանի մասին էր, սակայն Սերժ Սարգսյանին էլ կոնսուլտացիաների հրավիրելու մասով, կարծում ենք, Պուտինը որեւէ խնդիր չունի: Եվ ուրեմն` որն է  այս հերթական կոնսուլտացիայի հրավերի պատճառը: Այս հարցի պատասխանն էլ ավելի հետաքրքիր է` հաշվի առնելով այն, որ  սեպտեմբերի սկզբին կարծեք թե նախատեսվում էր Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան: Եվ ուրեմն, այդ ինչ հրատապ հարց է, որի համար ՀՀ նախագահն ընդհատում է իր կարճատեւ արձակուրդը ու  գնում Պուտինի հետ հանդիպման` վերջինիս նախատեսված այցից ընդամենը մեկ ամիս առաջ: Այստեղ, սակայն, խնդիրն այն է, որ ըստ որոշ աղբյուրների, քննարկվող հարցի շուրջ կողմերի դիրքորոշումներից  ելնելով, այդ այցը կարող է եւ չկայանալ: Ի՞նչը կարող է նման կարեւորություն ունենալ Հայաստան-Ռուսաստան ներկայիս հարաբերություններում: Ղարաբաղի հարցում, կարծես թե, առայժմ  նշանակալի գործընթացների նախադրյալներ չկան: Սիրիայի հետ կապված` դժվար թե Հայաստանի դիրքորոշումն այդ աստիճանի  կարեւոր համարվեր, առավել եւս, որ Հայաստանը հակված էլ չէ Ռուսաստանից տարբեր դիրքորոշման: Խնդրահարույց հարցեր կարող են լինել Իրանի շուրջ, սակայն դրանք էլ դժվար թե  այն աստիճանի հրատապ լինեին, որ հնարավոր չլիներ սպասել մինչեւ սեպտեմբեր: Հետեւաբար, միակ կարեւոր  թեման, որի շուրջ Ռուսաստանը պահանջելու է Հայաստանից հստակ դիրքորոշում, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցն է: Առավել եւս, որ այդ մասին  արդեն իսկ  վերջին շաբաթներին իրար հաջորդած այցերի ընթացքում բարձրաձայնել էր ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած «դեսանտը»: Մեր տեղեկություններով՝ Եվրասիական միությանն անդամակցության հարցն է եղել նաեւ մեկ շաբաթ առաջ Դմիտրի Մեդվեդեւի հետ Սերժ Սարգսյանի՝ Լոնդոնում կայացած խոսակցության թեման, որի ընթացքում Սերժ Սարգսյանը հասկացրել է, թե այս պահի դրությամբ Հայաստանը  որեւէ շահագրգռություն չունի այդ կառույցին միանալու համար: Եվ հիմա, ըստ ամենայնի, ռուսական իշխանությունները փորձելու են ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա` այդ նպատակով օգտագործելով բոլոր լծակները` սկսած գազի գնից, Հայաստանի ներքաղաքական կյանքի ապակայունացումից, ավարտած  Վլադիմիր Պուտինի պետական այցը չեղյալ անելուց: Թե որքանով կկարողանա Սերժ Սարգսյանը դիմակայել ռուսական ճնշումներին, պարզ կդառնա ընդամենը մեկ ամսից` սեպտեմբերին կայանալիք ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ:




Լրահոս