Փետրվարի 12-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ Մշտական Խորհրդում՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարության: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Դեսպան Կիրակոսյանը դատապարտեց Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունները և բնակավայրերի ու քաղաքացիական անձանց գնդակոծությունները շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Նշվեց, որ հայկական կողմը կանոնավոր կերպով բարձրացրել է հրադադարի խախտումների խնդիրը Մշտական Խորհրդի հանդիպումներին, ինչպես նաև Հայաստանի պատրաստակամությունը հայտնել` իրականացնելու հրադադարիամրապնդման միջոցառումներ, ներառյալ դիպուկահարների դուրսբերումը և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը:
ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ միջազգային հանրության և Հայաստանի բոլոր առաջարկությունները մերժվել են Ադրբեջանի կողմից: Արման Կիրակոսյանը նշեց, որ անորոշության շրջանն ավարտվել է, և միջազգային հանրությունը հստակ մատնանշել է լարվածության աղբյուրը: Ողջունվեց Մինսկի խմբի համանախագահ երկրների հունվարի 27-ի հայտարարությունը, որում նրանք Ադրբեջանին կոչ են արել հավատարիմ մնալհակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին:
Դեսպան Կիրակոսյանը նշեց, որ Ադրբեջանի փորձերը` ուժի միջոցով պարտադրել հայկական կողմին իր բանակցային մոտեցումները, լոկ պատրանք են: