Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հուլիսի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքում «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակիցները որոշ ժամանակով գործադուլ են հայտարարել: Նրանք դժգոհել են, որ ընդամենը 85 հազար դրամ աշխատավարձ են ստանում, սակայն օրնիբուն աշխատում են: Մեր տեղեկություններով՝ գործադուլին ներկա է եղել նաեւ «Ջերմուկ գրուպ»-ի տնօրեն Անաստաս Արսենյանը, որը ձեւացրել է, թե ինքն էլ բոլորի նման բանվոր է, բայց բողոքի առնչությամբ կփորձի զրուցել եղբոր՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի հետ: Սակայն տնօրեն Անաստաս Արսենյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ գործադուլ չի եղել. «Բանվորը մեզ մոտ ստանում է 85 հազար դրամ, եւ մենք անգամ նպատակ ունենք հունվար ամսից աշխատավարձերը բարձրացնել, գործադուլ կամ բողոք, նման բան չի եղել: Եթե ուրիշ տեղ բանվորը կարող է 85 հազար դրամից ավել գումար ստանալ, խնդրեմ, կարող են գնալ, այնտեղ աշխատել»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ