ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՏՎԱԾ ԿԵՂՏՈՏ ԼՎԱՑՔԻ ՊԵՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նեղանալը քաղաքական կատեգորիա չէ. «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը:
-Ինչո՞վ է տարբերվում 2012թ. ձեւավորված խորհրդարանը նախորդից, որպես նախկին պատգամավոր` որակական ինչ-որ տարբերություն տեսնո՞ւմ եք:
-Խորհրդարանի որակի մասին խոսելիս նախ պետք է հիշել ու գնահատել, թե ինչպիսի ընտրությունների արդյունքում ձեւավորվեց այն: Տարբերությունը նախ քաղաքական տարբեր ուժերի հարաբերակցության առումով է: Մեկ ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացվածությամբ պատկերը փոխվեց, թեեւ թվային պատկերով հավաքական, հայտարարված ընդդիմության ձայնը պակասել է: Իսկ խորհրդարանի որակների մասին կխոսենք այն ժամանակ, երբ քաղաքական ուժերի տեսակետները, արդյունավետությունն ու վարքագիծը համեմատելու առիթ ունենանք: Դեռեւս մեկ նիստ է տեղի ունեցել, որը, կարծում եմ, բավարար չէ եզրակացություններ անելու համար:
-Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն էին ԱԺ ընտրությունները:
-Ընտրակեղծիքների առումով «պրոֆեսիոնալ» էին եւ հեռու ժողովրդավարության միջազգային ընկալումներից: Որոշիչը ընտրագինն էր, նյութը: Դարձյալ չկար գաղափարական բանավեճ, եւ քաղաքական ուժերից գոնե երկուսը, որոնք ԱԺ-ում այսօր մեծամասնություն են կազմում, հրաժարվեցին բանավեճերից: Ցավով եմ նշում նաեւ, որ ժողովրդի մի մասը գնաց գործարքի, եւ այդ «քաղաքական» գործարքի կամ առեւտրի արդյունքում էլ ունեցանք խորհրդարանը: Եւ խոսելով այս խորհրդարանի որակների մասին` չեմ կարող վերապահումներ չունենալ:
-Չե՞ք կարծում, որ ժողովուրդն արդեն հիասթափվել է ՀՅԴ-ից, այդ իսկ պատճառով էլ Ձեր կուսակցությունն ընդամենը 5-հոգանոց խմբակցություն ունի խորհրդարանում:
-Հետընտրական տրամադրություններով մի հոդված էի գրել՝ «Դու հպարտ չես, ի՛մ հայրենիք» վերնագրով, ու նշել, որ հաղթողներ չունեցանք, պարտվել են բոլորը, եւ ամենակարեւորը, արժեզրկեցինք ընտրության ժողովրդավարական ինստիտուտը: Իսկ այս եղանակով ընտրված իշխանությունն ու խորհրդարանը չեն կարող հեղինակություն ունենալ: Մենք թվացյալ իշխանություն ունենք: Ու երբ ժողովրդիդ ձայնը 10-15 հազար դրամ ես գնահատել, անկարելի է ռեալ քաղաքական վարկանիշի ու քաղաքական կապիտալի մասին խոսել: Այդ գիշատիչ, նվաստացնող մրցավազքում խոսել, թե 5 տոկոս ձայն ունենք, անաչառ ու օբյեկտիվ չէ:
-Բայց տեղեկություններ կային, որ ՀՅԴ-ն եւս կաշառք է բաժանել ընտրությունների օրը:
-Երեւի որոշներն ուզել են, որ իրենց այդ հանցագործությունը խմբային լինի: Անհեթեթ է:
-Նեղացա՞ծ չեք Ձեր հարազատ կուսակցությունից, որ այդ 5-հոգանոց խմբակցությունում Ձեզ՝ որպես ակտիվ պատգամավորի, չընդգրկեցին:
-Նեղանալը քաղաքական կատեգորիա չէ, եթե մենք ունենայինք իսկապես արդար ընտրություններ, պատկերն այսպիսին չէր լինի. խեղված ընտրությունների արդյունքում է ձեւավորվել այս խորհրդարանը: Ես  նեղացած չեմ իմ կուսակցությունից, պարզապես բոլոր քաղաքական ուժերի ու նաեւ մեր մեղքի բաժինն եմ տեսնում. մեզ չհաջողվեց երկրում կարեւորագույն ուղերձներ, արժեքներ փոխանցել հասարակությանը, որոնցից մեկն էլ ամենաթանկ իրավունքն է՝ ընտրության իրավունքն ու այդ գաղափարի իրացումը:
-Խորհրդարանում կարծեք ընդդիմությունը միավորվել է՝ ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ, ՀՅԴ. ինչքանո՞վ է արդյունավետ նրանց այդ միավորումը:
-Երեւի միասնական շտաբի ավանդույթն է շարունակվում, որը քվեի ուժի գաղափարն էր իրացնում: Ես չեմ շտապի եզրակացություններ անել, քաղաքական աշունը ցույց կտա:
-ԱԺ ընտրությունները «մարսելուց» հետո բոլորը պատրաստվում են նախագահական ընտրություններին, ՀՅԴ-ն ունի՞ նախագահի իր թեկնածուն:

-Առաջիկա քաղաքական զարգացումներն այնքան անկանխատեսելի կարող են լինել, որ այս պահին անուններ կամ ձեւաչափեր հայտարարելը ճիշտ չենք նկատում: Ընտրություններին միանշանակ մասնակցելու ենք, իսկ ում, ով եւ ինչպես հարցերը կհստականան քաղաքական զարգացումների համատեքստում:
-Այժմ քաղաքական դաշտում բուռն քննարկվում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի` Բուռնաշի փոխհրաձգությունը, որոնք միմյանց վերջին «աստիճանով» վիրավորում են…
-Ցավալի է, որ աշխարհաքաղաքական այս լարված միջավայրում մեզանում ակտուալ են Բուռնաշ-Վարդանիկ տիպի պատմությունները: Այնքան եմ վիրավորվում իմ պետության, հասարակության անունից: Էս անմաշկ իշխանության անատոմիան ուղղակի զզվելի է:  Միեւնույն ուժը, քաղաքական մեծամասնությունը ներկայացնող «քաղաքական գործիչների» որակներն ու մետամորֆոզներն այնքան ցածր են, էժանագին, հակաքաղաքակրթական, իսկ մենք խոսում էինք խորհրդարանի կամ առհասարակ քաղաքական որակների մասին: Սա ողբերգական է, զզվելի, հասարակությանը նետված կեղտոտ լվացքի պես:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս