ԵՐԲ ԵՐՋԱՆԻԿ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստում նախարարների ելույթների ընթացքում հետաքրքիր դեպքեր գրանցվեցին:  Վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն, բարձր տրամադրությամբ եւ ժպիտը դեմքին, փորձում էր ամեն ինչ «կոծկել»:
Նախ կառավարության նիստում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց բնակչության ծերացման հետեւանքներից բխող հիմնախնդիրների լուծման ռազմավարությունը: Սակայն ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, թե այդ ռազմավարությամբ նախատեսվում է բյուջեից միջոցներ հատկացնել` տրանսպորտը տարեցների եւ հաշմանդամների կարիքներին հարմարեցնելու համար: «Տրանսպորտային կազմակերպությունների 90 տոկոսը մասնավոր է, անհասկանալի է, թե ինչպես պետք է բյուջեով օգնել այդ մարդկանց»,-հարց ուղղեց Բեգլարյանը: Ասատրյանը պատասխանեց, թե կլինեն նաեւ միջազգային դոնոր կազմակերպություններ, կմշակվեն նորմատիվային որոշ փաստաթղթեր: Այնուհետեւ սկսվեց Բեգլարյան-Ասատրյան «երկխոսությունը», որը կարծես դուր չեկավ վարչապետին: Նա հանկարծակի միջամտեց այդ «լեզվակռվին»` ասելով, որ ռազմավարությունը պետք է հստակ նշի, թե ինչպես պետք է օգնել հաշմանդամներին ու տարեցներին: Հասկանալով, որ այդ «բանավեճը» երկար է շարունակվելու, Սարգսյանը, ժպիտը դեմքին, մանրամասնեց, որ պետությունը պարզապես պետք է ստանդարտներ մշակի հասարակական տրանսպորտ շահագործող մասնավոր կազմակերպությունների համար, ու միայն դրա համար պետք է բյուջեից միջոցներ հատկացնել: Այդ միջամտությունն օգնեց իրավիճակը հարթել:
Նույն իրավիճակն առաջացավ այն ժամանակ, երբ ելույթ էր ունենում բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Ելույթը վերաբերում էր «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելուն», որը կարծես թե ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի սրտով չէր: Վերջինս գրեթե բղավում էր, որ այդ օրենքում հակասություններ կան, իսկ Հարությունյանը փորձում էր ապացուցել, որ ամեն ինչ նորմալ է: Մոտ 10-15 րոպե տեւած լեզվակռվից հետո կրկին միջամտեց վարչապետը: Նա, հասկանալով, որ արդեն ամեն ինչ լրջանում է, էլի իր բարեհոգի ժպիտով ասաց, թե «թող մնա, դա նախարարական կոմիտեի ժամանակ կքննարկենք»: Ռաունդն ավարտվեց:
Սակայն զավեշտալի վիճակ ստեղծվեց, երբ ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը սկսեց «Հայ արտ սինեմա» հիմնադրամ ստեղծելու մասին ելույթը: Հարցի ներկայացմանը միջամտեց ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, որը շատ կոպիտ ձեւով ասաց, թե այդ հարցը հանված է օրակարգից. «Մյուս հարցին անցե՛ք»: Վարչապետն էլ, հասկանալով, որ էլի իրավիճակը լարվում է, անմիջապես զեկուցողին հանձնարարեց անցնել հաջորդ հարցին: Արեւ Սամուելյանն էլ, խառնվելով «իրար», փորձեց գտնել այն փաստաթուղթը, որը պետք է կարդար: Արդեն վախեցած Սամուելյանը դողացող ձայնով սկսեց կարդալ հաջորդ հարցը: Սարգսյանը նկատեց փոխնախարարի հուզմունքն ու արագ-արագ ասաց, որ ամեն ինչ հասկանալի է, հարցն ընդունված է: Ի վերջո, անմիջապես այն բանից հետո, երբ վարչապետը հայտարարեց, որ նիստն ավարտված է, բոլոր նախարարները շտապեցին հետնամուտքով արագ «ծլկել»` ամեն գնով խուսափելով լրագրողների հետ շփումից:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս