16 փետրվարի, 2015թ, Երևան. Բրիտանական Ֆիլմերի 13-րդ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Փառատոնն այս տարի նվիրվում է սիրո տարածման ու պահպանման գաղափարին: Բրիտանական Ֆիլմերի 13-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը:
Բացման արարողությանը մասնակցում էին՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։
Փառատոնը մեկնարկեց Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված «Նմանակման խաղ» ֆիլմով: Ֆիլմն անգլիացի մաթեմատիկոս և տրամաբան Ալան Թյուրինգի մասին էր, ով օգնում է ջարդել Էնիգմա գաղտնագիրը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ:
«Երորրդ տարին անընդմեջ Beeline–ը հովանավորում և նպաստում է Բրիտանական Ֆիլմերի փառատոնի իրականացմանը, և մենք ուրախ ենք, որ տարեցտարի ականատես ենք լինում դրական փոփոխությունների թե´ կինոարվեստի սիրահարների շրջանում, և թե´ մշակութային կյանքում։ Վստահ եմ, որ ֆիլմերի դիտումը կպարգևի Ձեզ և բոլոր սիրահարներին միմիայն դրական լիցքեր և բարձր տրամադրություն՝ փոխելով ձեր կյանքը դեպի ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Մենք ուրախ ենք` տեսնելով, որ Բրիտանական ֆիլմերի փառատոնը դարձել է սիրված ու սպասված իրադարձություն հայաստանյան մշակութային կյանքում: Այս տարի ևս մենք հանդիսատեսին ենք ներկայացնելու բրիտանական լավագույն ֆիլմերը` նպաստելով երկու երկրների միջև մշակութային հարաբերությունների ամրապնդմանը»,- փառատոնի բացմանն ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Փառատոնը մայրաքաղաքում կանցկացվի մինչև փետրվարի 20-ը, կցուցադրվի յոթ ֆիլմ: «Նմանակման խաղ» ֆիլիմից հետո կցուցադրվեն «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա» և «Սերն ամենն է» ֆիլմերը:
Ֆիլմերը կցուցադրվեն Մոսկվա և Սինեմա Սթար կինոթատրոններում ինչպես անգլերեն, այնպես էլ հայերեն թարգմանությամբ:
Փետրվարի 21-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա հատուկ ցուցադրություն` նվիրված առաջին աշխարհամարտի հարյուրամյակին: Կցուցադրվի «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ֆիլմը:
Բրիտանական Ֆիլմերի 13-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով www.britishcouncil.am կայք։
Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Լայմ, Շողակաթ հեռուստաընկերությունները և Ռադիո Վանը, Ռադիո Հայը և Ռադիո FM 105.5-ը: