ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԴՀԿ-ԱԿՌԻՎ
Երեկ  ՍԴՀԿ մամլո դիվանի անունից տարածվեց մի հայտարարություն, որում նշված էր. «Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության շուրջ բավական երկար ժամանակ ձգձգվող վեճը վերջապես գտավ իր տրամաբանական ու արդարացի հանգուցալուծումը: Պետական բոլոր օղակներում իբրեւ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ նշվում է Գեւորգ Պերկուպերկյանի անունը,  կուսակցության անվան հետ խաղացող, նրան այլ քաղաքական ուժին իբրեւ գործիք ծառայեցնել փորձող բոլոր անձինք մեկընդմիշտ վտարված են»: Այս կապակցությամբ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը  հայտարարել է, որ տարածված հայտարարությունը կեղծ է, ՍԴՀԿ ատենապետն ինքն է, եւ կուսակցությունը ղեկավարում է իր գլխավորած վարչությունը: Նա նաեւ նշել է, որ ՍԴՀԿ գործը գտնվում է դատարանում, եւ ընդամենը տեղի է ունեցել մեկ նիստ, իսկ երկրորդը կայանալու է օգոստոսի 24-ին:

ՍԻՐԻԱՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ
«Սիրիահայերն առայժմ ցանկություն չունեն մշտապես Հայաստանում հաստատվել»,-երեկ լրագրողներին հավաստիացրել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա տեղեկացմամբ` Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու համար առայժմ դիմել է 30 ընտանիք: Մոտ 800 ընտանիքներ դեռ նախորդ տարիներին Հայաստանում բնակարան էին ձեռք բերել ու ներկայում ժամանակավորապես հաստատվել են այնտեղ: Բացի այդ, ՀՀ կառավարությունը կօժանդակի 300-400 սիրիահայ երեխաների` ամառային արձակուրդը Հայաստանի հանգստավայրերում անցկացնելու համար: Ըստ Հ. Հակոբյանի` սիրիահայերի մեծ մասը սպասում է իրավիճակի կարգավորմանը եւ վերադառնալու է հայրենիք: Սփյուռքի նախարարը հերքել է  լուրերը, որ Սիրիայից դուրս է հանվելու Հայաստանի դեսպանատունը:

ՈՉ ՊՈՒՐԱԿԻ ՀԱՇՎԻՆ
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որում իրենց մտահոգությունն են հայտնում Մաշտոցի պուրակում Համազգային թատրոնի շենք կառուցելու վերաբերյալ. «Թատերական ինստիտուտի տարածքում տարիներ ի վեր «ապաստանած» Համազգային թատրոնը մոտ է սեփական տարածք ունենալու հարցի վերջնական լուծմանը: Սակայն այս ողջունելի իրադարձությունը խորապես ստվերվում է Համազգային թատրոնի շենքի համար առաջարկվող տեղի՝ գլխավոր պողոտայի Մաշտոցի պուրակի ընտրությամբ: Անվերապահորեն աջակցելով Համազգային թատրոնի` սեփական շինություն ունենալու գաղափարին եւ գնահատելով այն որպես կարեւոր իրադարձություն հանրության մշակութային կյանքում` մենք պահանջում ենք հանրային սեփականություն հանդիսացող տարածքի հաշվին չիրականացնել Համազգային թատրոնի շենքի շինարարություն»:

ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել` դատապարտելով ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ կայացրած վճիռը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Կարեւորելով Հայաստանի Հանրապետությունում ազատության, արդարության եւ ժողովրդավարության հաստատման խնդիրը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երիտասարդական միությունը կոչ է անում պատկան մարմիններին արդար եւ անկողմնակալ դատավարություն իրականացնել Արտակ Կարապետյանի, Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ»:

ԻԲՐ ԽՍՏԱՑՐԻՆ
Ոստիկանությունը վերաորակավորել է «Հարսնաքար»-ի գործով կալանավորված վեց հոգու մեղադրանքները, եւ եթե նախկինում ՀՀ քր. օր-ի մեկ հոդվածի հատկանիշներով էին մեղադրանքներ առաջադրված, ապա այժմ` երեք: Վերաորակավորման մասին որոշումը կայացվել է հուլիսի 31-ին: Գլխավոր տարբերությունը հետեւյալն է` եթե նախկինում մեղադրանքն ուներ այս ձեւակերպումը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, ապա նոր ձեւակերպումն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ:




Լրահոս