ԾՆՈՂԻՆ ԽԱԲԵԼ ԵՆ ՈՒ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամկետային զինծառայող Արթուր Սմբատի Ղազարյանի մոր` Իրինա Ղազարյանի խոսքերով՝ իր տղային մահացած վիճակում են բերել Մուրացանի զինվորական կենտրոնական հոսպիտալ: Մայրը որդու մահվան մեջ մեղադրում է զորամասի հետախուզման դասակի հրամանատար Անդրեյին եւ պահանջում քրգործի վերանայում:
Արթուրը  2010-ի աշնանն է զորակոչվել հայոց բանակ եւ ծառայության անցել Հադրութի զորամասում: Ծառայել է հետախուզական դասակում որպես հետախույզ: Մինչ այդ 4 տարի զբաղվել է սպորտով: Ծրագրել էր ծառայությունից հետո իրավաբանություն ուսումնասիրել: Նրա մահից երկար ժամանակ անց նրա ծառայակից ընկերները հանդիպել են տիկին Իրինային ու պատմել, որ զորամասում 8 հոգի իրար ծեծել են, փորձել ստորացնել Արթուրին, իսկ վերջինս էլ փորձել է պաշտպանվել: Սակայն հետախուզման դասակի հրամանատար Անդրեյն ավտոմատի պոչով խփել է Արթուրին: Իսկ Անդրեյը, ըստ տիկին Իրինայի, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի (Մոսի) մորաքրոջ տղան է:
Ընկերներն ընդգծել են նաեւ, որ Արթուրին առանց հագուստի, մահացած վիճակում ուղղաթիռով տեղափոխել են Երեւան: «Մեզ դեկտեմբերի 17-ին զանգեցին ու շտապ կանչեցին Մուրացանի զինվորական կենտրոնական հոսպիտալ: Գնացինք: Տեղի բժիշկներից մեկը` Արման Պարգեւիչը, հիվանդասենյակից դուրս եկավ ու մեզ փոխանցեց, որ 1 րոպե ժամանակ ունենք, գլուխը պետք է վիրահատենք, որովհետեւ գլխուղեղին 4×4 չափսի ուռուցք կա, թե չէ  այլ հնար չկա»,-հայտնեց տիկին Իրինան:
Մոր պատմելով՝ որդու վիրահատությունը տեւել է ընդամենը 30 րոպե, որից հետո բժիշկը խորհուրդ է տվել հույսները Աստծո վրա դնել: «Բայց մինչեւ վիրահատության սկսվելը ես անձամբ որդուս տեսա պառկած վիճակում: Բերանը բինտով կապած էր, աչքերը վերեւ թռած, չորացած»,-ցավով հիշեց մայրը: Նա որդու հետ վերջին անգամ դեկտեմբերի 14-ի երեկոյան է խոսել. «Ասաց՝ լավ եմ, նստած շոգեխաշած մսով փլավ եմ ուտում: Ժիր էր խոսում, առույգ: Նույնիսկ կատակներ էր անում: Հետո ասաց, որ շատ է կարոտել: Նա ոչ մի թուլություն երբեւէ չի ունեցել, գլխացավեր` նույնպես»: Այդ զրույցից հետո մայրն այլեւս չի կարողացել կապվել որդու հետ, վերջինս զանգերին չի պատասխանել:
Դեկտեմբերի 20-ին նորից նույն բժիշկը դուրս է եկել Արթուրի հիվանդասենյակից ու ծնողներին զգուշացրել, որ գնան ու վերջին անգամ տեսնեն իրենց որդուն: «Բայց իմ որդին արդեն մահացած էր: Մեզ խաբում էին: Այդ գիշեր` 01:30-ին, ես հոսպիտալում էի, հետո գնացի տուն, բայց մեկ ժամ հետո` 2:30-ի կողմերը, նորից զանգեցի՝ հետաքրքրվելու, թե ինչպես է որդիս, պատասխանեցին` նույնը: 3:45-ին կրկին զանգեցի տեղեկություն ստանալու նպատակով, ասացին, որ… մահացել է ձեր տղան»,-արցունքն աչքերից սրբելով՝ պատմեց որդեկորույս մայրը:
Սակայն մահվան թղթերի մեջ նշված է եղել, որ Արթուրը մահացել է 2010-ի դեկտեմբերի 20-ին` 00:00-ին, իսկ գլխուղեղի ուռուցքը փաստող հետազոտության` «կատեի» թուղթը դեռեւս մորը չեն տվել: Ամեն անգամ հրաժարվում են այն տալ:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ փաստի առթիվ հարուցվել է քրգործ ՀՀ քր. օր-ի 376 հոդվածի 1-ին մասով` ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս: Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ զինվորը մահացել է գլխուղեղի կենսականորեն  կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարումից: Սակայն 2011-ին քրգործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս