Եվրասիական շրջանը զգալիորեն տարբերվում է աշխարհի մյուս շրջաններից. այստեղ, արդեն շատ տարիներ է, պահպանվում է քաղաքացիների ազատության ու իրավունքների ճնշման միտումները:
Freedom House իրավապաշտպան կազմակերպության փոխնախագահ Արչ Փադինգթոնի խոսքերով՝ այս իրավիճակը Ռուսաստանի «քայքայիչ» ազդեցության հետևանք է. գրում է «Ամերիկայի ձայնը»:
«Բացի Բալթյան երկրներից՝ Եվրասիայի ու նախկին Խորհրդային միության անդամ երկրները հետևողաբար ստանում են մարդու իրավունքների ու ազատության վիճակի մասին աշխարհում ամենացածր գնահատականները: Ավելի վատ է միայն Մերձավոր Արևելքում»,- ասել է Փադինգթոնը՝ նշելով, որ նման վիճակը «հարևան երկրների վրա Ռուսաստանի հսկայական ազդեցության» հետևանք է:
Վերջինս նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները գնալով ավելի շատ են համապատասխանում ավտորիտար ռեժիմներին բնորոշ չափանիշներին:
Նա նաև ընդգծում է, թե ինչքան մեծ է Կրեմլի ազդեցությունը Հայաստանի, Մոլդովայի ու Ղազախստանի կառավարությունների քաղաքականության վրա:
«Պարզապես նայե՛ք, թե ինչպես է Պուտինը վախեցրել Մոլդովային ու Հայաստանին, որպեսզի ստիպի նրանց անդամակցել նրանց կողմից ստեղծված Մաքսային միությանը, ու դուք պատկերացում կստանաք, թե ինչ տեսակ ազդեցության է հասնում Մոսկվան»,- ասել է Փադինգթոնը: