«Իսլամական պետության» լիբիական թևի զինյալները 21 ղպտիների բարբարոսաբար մահապատժի ենթարկելու տեսանյութ են տարածել: Եգիպտացի քրիստոնյաները պատանդ էին վերցվել ծայրահեղականների կողմից անցած տարվա վերջին Սիրտա լիբիական քաղաքում, և ցայսօր նրանց ճակատագրի մասին ոչ մի հստակ տեղեկություն չկար:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին հատուկ ուղերձով դիմել է իր ժողովրդին:
Նրա խոսքերով՝ «Եգիպտոսն իրեն իրավունք է վերապահում ըստ իր հայեցողության ու հարմար պահի վրեժխնդիր լինել այդ մարդասպաններին ու հանցագործներին առանց գթասրտության»:
Եգիպտոսի նախագահը 7-օրյա սուգ է հայտարարել ու արգելել է եգիպտացիներին այցելել Լիբիա:
Հավելենք, որ Եգիպտոսի ռազմաօդային ուժերն այսօր ավիահարվածներ են հասցրել Լիբիայում «Իսլամական պետության» զինյալների դիրքերին: ՌՕՈւ հրամանատարության հայտարարության մեջ նշվում է, որ ռմբակոծության են ենթարկվել զորավարժությունների համար նախատեսված բազաներն ու զենքի պահեստները: Ծայրահեղականների շարքում զոհերի մասին դեռևս չի հաղորդվում: