ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԶԻՆԱԴԱԴԱՐ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ փորձեց իր աջակցությունը հայտնել Սերժ Սարգսյանին` եւս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրելով վերջինիս հրապարակած «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը» անվանումով փաստաթղթի վրա:

Նշված փաստաթուղթը հրապարակվել էր այս տարվա հունվարի 29-ին: Այդ նպատակով նույնիսկ հատուկ միջոցառում էր կազմակերպվել. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամները եւ ընդլայնված նիստի մասնակիցներն ուշ երեկոյան հավաքվել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ էլ Սերժ Սարգսյանը ընթերցեց նշված փաստաթուղթը: Սակայն այն այդպես էլ հանրային ուշադրության չարժանացավ: Տարվա սկզբից հանրության ուշադրությունը մշտապես զբաղված էր տարբեր այլ դեպքերով` սկզբում Գյումրիի ողբերգական իրադարձությունները, հետո փոքր եւ միջին ձեռներեցների բողոքի ցույցերը, որոնք ընթանում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին զուգահեռ: Այնուհետեւ, հունվարի 31-ին տեղի ունեցան Բերձորի դեպքերը: Այսինքն՝ հանրության ուշադրութունը տարեսկզբից մշտապես սեւեռված է այլ խնդրի վրա, իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ այդ նպատակով կազմակերպված միջոցառումների մասին ոչ ոք չէր էլ հիշում: Փետրվարի 7-ից, երբ հայտնի դարձավ, որ ինչ-որ մարդիկ առեւանգել եւ ծեծի էին ենթարկել ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին, Ցեղասպանության 100-րդ տարելիցի թեման ընդհանրապես մղվեց երրորդ պլան:
Ինքը՝ Տեր-Պետրոսյանը, մինչ նշված հռչակագրի վերաբերյալ իր տեսակետը ներկայացնելը, նույնպես արձանագրել է այն փաստը, որ հրապարակված փաստաթուղթը լիակատար անուշադրության է մատնվել, չնայած այլ պայմաններում պետք է, որ այն լայն քննարկման առարկա դառնար: ՀԱԿ առաջնորդը չի էլ թաքցնում, որ իր նպատակն է հանրութան ուշադրությունը սեւեռել նշված հռչակագրի վրա: ««Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը», կարելի է ասել, լիակատար անուշադրության մատնվեց, մինչ այլ հանգամանքներում այն, անտարակույս, հասարակական լայն արձագանքի կարժանանար: Լրացնելու համար այդ բացը՝ կցանկանայի որոշ դիտողություններ ու մտահոգություններ արտահայտել հռչակագրի բովանդակության վերաբերյալ` ոչ ամենեւին որեւէ մեկին մեղադրելու կամ խնդիրը ներքաղաքական շահարկումների առարկա դարձնելու մտադրությամբ, այլ բացառապես այդ կարեւոր փաստաթղթի բնագիրը բարելավելու նպատակով»,- նշել է Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հեղինակած հոդվածի նախաբանում: Այսինքն՝ ՀԱԿ առաջնորդը Սերժ Սարգսյանին «աջակցելու» հրապարակային ձեռք է մեկնում, իհարկե, նա այդ արել է իր ոճով` մատնանշելով հռչակագրի թերությունները, բայց միայն այն փաստը, որ նա փորձում է քաղաքական օրակարգը վերադարձնել Սերժ Սարգսյանի մատնանշած ուղեծրին, արդեն իսկ մեծ լավություն է իշխանություններին:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը լավություն է անում Սերժ Սարգսյանին, սակայն իրականում նա փորձում է ժամանակ շահել եւ փրկել ԲՀԿ-ին: Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ ոչ իշխանական ուժերը իշխանություններին չափից ավել են զայրացրել: Իշխանությունները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրթերով փաստացի վերջնագիր ներկայացրին ոչ իշխանականներին, իսկ ավելի կոնկրետ՝ ԲՀԿ-ին: Հիշեցնենք՝ Հովիկ Աբրահամյանի զգուշացումը՝ ուղղված ԲՀԿ առաջնորդին. «Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետեւի իր քաղաքական կառույցից դուրս եկող հայտարարություններին, կամ դրանցում տեղ գտած էմոցիոնալ անհեթեթությունները մենք ստիպված պետք է ընկալենք որպես իր անձնական կարծիք: Այդ դեպքում նման անպատասխանատու հայտարարություններից բխող հնարավոր զարգացումների ու սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա»:
Թվում էր, թե ոչ իշխանականները պետք է չվախենային իրենց նետված մարտահրավերից եւ ընդունեին այն, առավել եւս, որ ինչպես իրենք են ասում՝ «ժողովուրդն իրենց հետ է»: Սակայն իրականում ոչ իշխանականները եւ հատկապես նրանց ղեկավար կազմը շատ լավ գիտակցում են, որ այս փուլում իրենք առավել քան խոցելի են: Եթե առաջիկայում իշխանություններին չհաջողվի քաղաքական կյանքը վերադարձնել Ցեղասպանության 100-րդ տարելիցի առանցքի շուրջ, ապա նրանք այլեւս առանց վարանելու կարող են սկսել ԲՀԿ-ի քայքայման գործընթացը: Իսկ ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ ոչ իշխանականները փաստացի չեն կարողանա որեւէ կերպ հակազդել, որովհետեւ ընդհանուր իշխանական էլիտայի առջեւ Սերժ Սարգսյանի քայլը կլինի արդարացված: Այդ իսկ պատճառով էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը փաստացի Սերժ Սարգսյանին յուրովի առաջարկում է զինադադար «կնքել»: Միայն թե անհասկանալի է՝ որքանով այդ քայլը կփրկի իրավիճակը, եւ արդյոք Սերժ Սարգսյանն այն կընդունի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՀՀԿ-Ն ԴԵՌ ԿԱՍԻ
Երեկ ԲՀԿ-ն որոշել էր ափոփել փետրվարի 5-ին տեղի ունեցած ԲՀԿ խորհրդաժողովի արդյունքները: Հաղորդագրությունում նշվում էր. «Խորհրդաժողովում հնչել են առաջարկներ, որ եթե իշխանություններն, այնուհանդերձ, չլսեն հասարակության եւ քաղաքական ուժերի կարծիքը եւ գնան հանրաքվեի, ապա վերջինիս անցկացման օրը պետք է հայտարարել ՈՉ-ի հանրաքվեի օր եւ սկսել շուրջօրյա համապետական ցույցեր` իշխանափոխության պահանջով»: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից «Ժողովուրդ»-ը երեկ հետաքրքրվեց, թե արդյոք ՀՀԿ-ն ականջալուր կլինի ԲՀԿ-ին, թե ոչ, սակայն այդպես էլ կոնկրետ պատասխան չստացանք:

 

ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՄՈՏ
Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ժամը 14-ի սահմաններում ՀՀ Կառավարությունում էր: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վ. Այվազյանը Կառավարությունում հանդիպել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Գործադիրի շենքից դուրս գալուց հետո Վ. Այվազյանը գրեթե վազելով «սլացավ» դեպի իր ավտոմեքենան, սակայն այդ ընթացքում նրան հասցրին մոտենալ երկու տարեց տղամարդ եւ ինչ-որ հարց տվեցին: Այվազյանն էլ, ինչպես միշտ, բարձր տոնայնությամբ փորձում էր նրանց բացատրել, որ ինքն այժմ ՀՀ Կառավարության անդամ չէ: Պարզվեց՝ տարեց տղամարդիկ Այվազյանին շփոթել եւ նախարարի տեղ էին դրել: Երբ Այվազյանից փորձեցինք պարզել, թե ինչու էր նա եկել Կառավարություն, «գործի վրա բռնվածի» հայացքով սրտնեղեց. «Ի՞նչ է, իրավունք չունե՞մ»: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչ հարցեր ուներ Կառավարությունում, նա պատասխանեց. «Կարոտել, եկել էի»,- նստեց ավտոմեքենան ու հեռացավ:

 

ԳՈՒՄԱՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
«Ժողովուրդ»-ին հատնի դարձավ, որ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունն անցած տարվա հոկտեմբերի 24-ին հայցադիմում է ներկայացրել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Առողջության զարգացման կենտրոն» ՍՊԸ -ի` պայմանագիրը վաղաժամկետ լուծելու եւ գումար բռնագանձելու պահանջով: Հայցի գումարային պահանջը կազմում է 1 մլն 900 հազար դրամ: «Մասիսի բժշկական կենտրոնը» միջնորդել է նաեւ, որ «Առողջության զարգացման կենտրոն» ՍՊԸ -ի գույքի դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչը գործը քննող դատավոր Նաիրա Մարգարյանը բավարարել է:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 10-ին «Մասիսի բժշկական կենտրոնի» ինֆեկցիոն բաժանմունքի եւ դիահերձարանին հարող տարածքի մոտ ներարգանդային փուլում գտնվող 2 մահացած պտուղներ էին հայտնաբերել: Հետագայում քրգործ էր հարուցվել եւ ՀՀ բնապահպանության ու առողջապահության նախարարությունների վերահսկողության տակ գտնվող «Առողջության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ի երկու աշխատակիցներին մեղադրանք էր առաջադրվել:

 

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԴԵՍՊԱՆԸ ԿԱ
Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը երեկ հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրիին: Հանդիպման ընթացքում Վրաստանի ֆինանսների նախարարն անդրադարձել է մոտ ապագայում Թբիլիսիում կայանալիք Միջազգային բանկերի ֆորումին, որին 60 երկրների շարքում մասնակցելու է նաեւ Հայաստանը:

 

ՎԻՐԱՀԱՅԵՐԻՆ ՀԻՇԵԼ ԵՆ
Փետրվարին Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին այցելելու է Հայաստան: Վրացական մամուլի ներկայացմամբ` վերջին մեկ-երկու օրերին Վրաստանի պաշտոնյաները հանդիպումներ են ունենում վրացահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ախալքալաքի, Նինոծմինդայի եւ Ծալկայի շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ տեղական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպել են երկրի կրթության, առողջապահության, գյուղատնտեսության նախարարները: Հայ համայնքի ներկայացուցիչները մասնակցել են քաղաքացիական ինտեգրման եւ մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստին, նրանց ընդունել է նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահը:

 

ՀԱՍԱՆ ՖԻՆԼԱՆԴԻԱ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ մեկնել են Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկի: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այս կապակցությամբ. Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.«Ֆինլանդիան Մինսկի խմբի անդամ է: Անհամբեր սպասում եմ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը»:

 

ՆՈՐ «ԳԱԻ» ՊԵՏ
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանը նշանակվել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի (Երեւանի ՃՈ) պետ: Հիշեցնենք, որ Երեւանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արսեն Արշակյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ:

 

ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ռուսաստանի վարաչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է պահուստային հիմնադրամից 500 միլիարդ ռուբլի օգտագործելու հրամանագիր ստորագրելու մասին` չստացված եկամուտները փոխհատուցելու եւ բյուջետային պարտավորությունները կատարելու համար. «Տեղի է ունեցել ռուսական արտահանման հիմնական բաղադրիչների համաշխարհային գների խիստ անկում, մեզ համար պարզապես փակվել են ֆինանսական մի շարք շուկաներ: Այդ ամենը չի կարող չազդել տնտեսության աճի տեմպերի ու սպառողական պահանջարկի վրա»,- արդարացել է Մեդվեդեւը:




Լրահոս