Երեկ «Հարսնաքար»-ի միջադեպի բոլոր մեղավորներին պատժելու քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա անցկացրեց ոստիկանության շենքի դիմաց` պահանջելով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկվելու հետեւանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններին տրամադրել համապատասխան դատավարական բոլոր փաստաթղթերն ու նյութերը, որոնք ոստիկանությունը չի տրամադրել նրանց:
«Չեք կոծկելու, հետեւում ենք»,-նման վանկարկումներով ակցիայի մասնակիցները ոստիկանության շենքի դիմաց պահանջում էին պատժել «Հարսնաքար»-ի միջադեպի բոլոր մեղավորներին եւ նշում, որ այն հավաստիացումները, թե արդյունավետ քննություն ապահովելու համար ամեն ինչ արվելու է, անհամատեղելի են նյութերը չտրամադրելու հետ:
Ակցիային մասնակցում էին տարբեր քաղաքական ու քաղաքացիական խմբեր, որոնց թվում էին Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ, «Սարդարապատ» շարժման անդամներ, իրավապաշտպաններ ու քաղաքացիներ: Նախաձեռնության անդամ Զարուհի Հովհաննիսյանը հայտարարեց, որ 15 հոգով բուժծառայության սպային դաժանաբար ծեծի ենթարկելու փաստն անզգույշ կերպով սպանություն որակելն ուղղակի խեղկատակություն է: «Մենք ուզում ենք ոստիկանությանը հիշեցնել, որ հերթական անգամ թույլ չենք տա կոծկել այսպիսի մեծ աղմուկ առաջացրած եւ արդարադատության պահանջարկ ունեցող գործը»,-ասաց նա` հավելելով, որ իրենց նախաձեռնությունը հետամուտ է լինելու այս գործի արդար քննությանը:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության կարեւոր գործերով քննության բաժնի պետ Արսեն Այվազյանը տեղեկացրեց, որ երեկ փաստաբանները պատշաճ կերպով իրազեկվել էին ներկայանալ քննչական գլխավոր վարչություն, սակայն նրանք չէին ներկայացել: Այվազյանի վստահեցմամբ՝ Վ. Ավետյանի իրավահաջորդի` հոր փաստաբանները չեն ներկայացել նախաքննական մարմին: Իր հերթին Վ. Ավետյանի հոր փաստաբան Լուսինե Հակոբյանը նշեց, որ իրեն հավուր պատշաճի չեն ծանուցել եւ նախորդ օրվա ամսաթվով ծանուցագիրը՝ ներկայանալու քննչական գլխավոր վարչություն, ստացել է միայն երեկ:
Ավելի ուշ Ա. Այվազյանը հայտարարեց, որ պատրաստ է ակցիայի մասնակիցներից մի քանիսին ուղեկցել քննչական գլխավոր վարչություն, տրամադրել գործի բոլոր մանրամասները եւ նյութերը, սակայն նրա առաջարկն անպատասխան մնաց: Ակցիայի մասնակիցներից որեւէ մեկը ցանկություն չէր հայտնում ներկայանալ գլխավոր վարչություն` դա պատճառաբանելով այն հանգամանքով, որ դեմ են ցանկացած փակ հանդիպման:
Ավելի ուշ, երբ Ա. Այվազյանը բարձրացավ վերեւ, ի վերջո, փաստաբանները բարձրացան՝ ծանոթանալու գործի նյութերին: Ակցիան ընթացավ խաղաղ, առանց միջադեպերի:
ՉԿՈԾԿԵԼ «ՀԱՐՍՆԱՔԱՐ»-Ի ԳՈՐԾԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ