«ԱՅԴ ԿԵՂԾ ԱՐՎԵՍՏԸ ԹԱՏՐՈՆԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն, ում նախկինում հաճախ կարելի էր տեսնել էկրաններին, այժմ նշում է, որ այլեւս չի ուզում վերադառնալ հեռուստատեսություն: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է սերիալներից խուսափելու պատճառներին, խոսել է նաեւ այսօրվա թատերական կյանքից՝ նկատելով, որ այդ ոլորտում չափազանց շատ են «կեղծ արվեստի» ներկայացուցիչները:

-Տեւական ժամանակ էկրանին երեւալուց հետո հանկարծ «անհետացաք» այնտեղից, եւ Ձեզ հեռուստատեսությամբ այլեւս չտեսանք, ինչո՞ւ:
-Սերիալում հայտնվելը սկզբնական շրջանում ինձ համար սթրես էր: Ճիշտ է՝ հետո ժամանակի ընթացքում սկսեցի ընդունել այն, ինչ անում էի, գտա իմ մասնագիտությունը նաեւ դրանում, սակայն ինձ համար սերիալի կատարած առաքելությունը համարում եմ ավարտված, եւ այլեւս չեմ ուզում վերադառնալ հեռուստատեսություն: Ինձ բազմիցս առաջարկել են հանդես գալ որպես հաղորդավար, բայց այդ գործն ինձ հետ կապ չունի: Առհասարակ, հեռուստատեսության նկատմամբ միշտ եմ հակակրանք ունեցել. դա իմ սուբյեկտիվ վերաբերմունքն է:
-Մի առիթով նշել եք, որ հեռուստատեսությունը թողնելով` Ձեր տեղը զիջել եք անտաղանդներին. չե՞ք փոշմանել:
-Գիտեք` երբ դուրս ես գալիս հեռուստատեսությունից, որոշ ժամանակ անց զգում ես, թե քո շուրջ որքան մաքուր է օդը: Ոլորտն անտաղանդներին թողնելու առումով չեմ փոշմանել: Եթե նրանք «ձեռնտու» են հեռուստաընկերություններին, վարկանիշ բարձրացնողներ են, ի սեր Աստծո, չփորձենք մտնել մարդկանց գրպանները: Ես արդեն վաղուց դադարել եմ հողմաղացների դեմ պայքարել: Անտաղանդների բարձր վարկանիշը մի ֆենոմեն է, որի դեմ դուրս գալն անիմաստ է: Վատ է, որ այսպես եմ ասում, պարզապես իրավիճակից ելք չեմ տեսնում:
-«Պատուհան» թատրոնից դուրս գալուց հետո, կարծես, Ձեզ չեք վերագտնում թատերական աշխարհում, ոչ մի կերպ չեք կարողանում լրացնել այդ բացը…
-Շատ եմ կարոտում «Պատուհան»-ը, որտեղ իմ դերասան տեսակն է ձեւավորվել, թատրոնը հենց դա էր, դա ուրիշ աշխարհ էր… (հուզվում է): Այդ բացը ոչ մի թատրոն երբեւէ չի լրացնի: Այնտեղ տիրող մթնոլորտը, հավաքված դերասանները էլ չեն լինի… Հիմա պատրաստվում եմ ներկայանալ մի անտերպրիզային ներկայացման շրջանակներում, շուտով կսկսվեն փորձերը: Իսկ, առհասարակ, աշխատում եմ քիչ հաճախել թատրոններ, ինձ այնքան էլ դուր չի գալիս այն, ինչ տեսնում եմ այնտեղ: Վերջերս ինձ հրավիրել էին մի ներկայացման, որը դիտելուց հետո ուղղակի սարսափահար էի եղել… Մի ամբողջ խմբում մի դերասան չտեսա, բոլորի մեջ մտել էր այն սուտը, «ճիշտ» խոսքը, «ճիշտ» ձայնը, իսկ այդ կեղծ արվեստը թատրոնի հետ կապ չունի: Ցավն այն է, որ նրանց ինստիտուտում են այդպիսին դարձնում… Այս ամենը, իհարկե, իմ սուբյեկտիվ կարծիքն է…
-Նկարահանվել եք «Մեռյալ հովիտ» սարսափ ֆիլմում. տգեղ, սարսափելի երեւալուց չե՞ք վախենում:
-Դա փորձ էր, իսկ այդպիսի կերպարով ներկայանալուց չեմ վախենում, ասեմ ավելին` երբ մարդիկ ինձ փողոցում տեսնում են, ասում են. «Վայ, ինչ սիրուն եք…»: Քանի որ էկրանից ես հանդես եմ գալիս «ոչ շահեկան» տեսքով, նրանք ինձ իրականում տեսնելով` հաճելիորեն զարմանում են (ծիծաղում է):
-Այն, որ Դուք չափազանց էմոցիոնալ եք, գաղտնիք չէ. հետաքրքիր է` այդ հանգամանքը երբեւէ խանգարե՞լ է Ձեզ:
-Ես էմոցիոնալ եմ բեմում, եւ երեւի թե այդ պաշտպանողական ռեակցիան, որ եկել է հենց այնտեղից, կիրառում եմ նաեւ կյանքում: Ամեն դեպքում, ես կարողանում եմ ինձ արագ հավաքել, իմ էմոցիաները կառավարելի են: Խանգարել կարող են արցունքներս, այդ դավաճան արցունքներս… (ծիծաղում է):
-Դուք ոչ միայն ոչ սովորական մտածելակերպով դերասանուհի եք, այլեւ կին… Այդ հանգամանքն, ի վերջո, Ձեզ երջանկացրե՞լ է:
-Մարդը կա՛մ երջանիկ է, կա՛մ ոչ: Ես երջանիկ տեսակ եմ: Ինչ վերաբերում է անձնականիս, կարծում եմ` գաղտնիք չէ, որ ես ամուսնալուծված եմ եւ այլն… Երբեմն գալիս է մի պահ, երբ մտածում եմ` ինչ լավ կլիներ, եթե ես ամուսնացած կին լինեի, մինչեւ կյանքիս վերջ ապրեի բամբակների, փետուրների մեջ: Բայց հետո գալիս եմ այն մտքին, որ այդպես լավ չէր լինի: Ամեն մեկն ունի իր ճանապարհը, իսկ իմ ուղին քարքարոտ է, որն անցնում եմ ժպտալով…

 

 
ԿԻՆՈՕՊԵՐԱՏՈՐ՝ ՍՐԱՏԵՍ ԱՉՔՈՎ ԵՎ ՍՈՒՐ ՀՈՒՄՈՐՈՎ

«Եռանկյունի», «Խաթաբալա», «Հնձան», «Ժայռը», «Նահապետ», «Կտոր մը երկինք», այս բոլոր ֆիլմերը, որոնք հրաշալի ծանոթ են հայ հանդիսատեսին, միավորում է մեկ անուն՝ Սերգեյ Իսրայելյան: Կինոօպերատորի սրատես աչքը, «կադրի զգացողությունը», լույսի ու ստվերի ներդաշնակ համադրումները թույլ են տվել ստանալ կինոնկարներ, որոնք իրենց արժանի տեղն ունեն «Հայֆիլմ»-ի պատմության մեջ: Սակայն, պրոֆեսիոնալ մասնագետ լինելուց բացի, Սերգեյ Իսրայելյանը եզակի էր նաեւ իր մարդկային տեսակով:

Այդ մասին է փաստում «Խաթաբալա» ֆիլմում Մասիսյանցի դերակատար Վրեժ Հակոբյանը: «Մի քանի դերասաններով մեկնել էինք Թիֆլիս՝ «Խաթաբալա»-ում նկարահանվելու համար, ինքնաթիռը որոշ ժամանակով ուշացավ, իսկ օպերատորը հրապարակում մեզ էր սպասում: Երբ արդեն իջել էինք, իմ ձեռքին մի մեծ դիպլոմատ կար, Սերգեյ Իսրայելյանը նայեց-նայեց, ասաց՝ ա՛յ տղա, էդ դիպլոմատով ոնց որ գինեկոլոգ լինես, հեչ դերասանի տեսք չունես, բոլորս ծիծաղեցինք»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիշեց Վրեժ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ Սերգեյ Իսրայելյանն անգամ զայրանալիս էր հետաքրքիր. «Երբ Թիֆլիսում էինք, հիշում եմ՝ «Խաթաբալա»-ի նկարահանումների ժամանակ ես, Սոսը, Ֆրունզը գնացինք քաղաքի նկուղային հով մի գինետուն, լավ խմեցինք ու երբ դուրս եկանք այդ շոգ եղանակին, թերեւս ջերմաստիճանի տատանումից երեսներս կապույտ գույն էին դարձել: Հենց Սերգեյ Իսրայելյանը մեզ տեսավ, ասաց՝ ես ձեզ չեմ նկարելու, էս ինչ ա ձեր վիճակը: Ու ամենահետաքրքիրն այն էր, որ հենց զայրանում էր, սկսում էր ռուսերեն խոսել, իբր թե՝ օտար լեզու էր, չէինք հասկանա…»,-ծիծաղելով պատմեց Վ.Հակոբյանը:
Դերասան Գուժ Մանուկյանը եւս, ով օպերատորի հետ առիթ է ունեցել աշխատել «Նահապետ» ֆիլմում, փաստում է, որ Սերգեյ Իսրայելյանն անչափ կենսասեր մարդ էր. «Ֆիլմում մի տեսարան կար, երբ երեք ընկերներով նստած խոսում ենք ու բոլորով ծիծաղում: Այդ պահին աչքներս ընկավ օպերատորին, մեկ էլ տեսնենք՝ տեսախցիկը թողած ինքն էլ է ծիծաղում, ասում էր՝ այնքան վարակիչ էր ձեր ծիծաղը, որ չկարողացա ինձ պահել»,-վերհիշեց նա:
Հենց կյանքի հանդեպ ունեցած սերն էլ օպերատորին դրդեց մեծ գործեր ստեղծել, մնայուն կադրեր, արժեքավոր ֆիլմեր, որոնց մասին հետագայում պետք է խոսեին գալիք սերունդները;
Փետրվարի 11-ին լրացավ կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանի 78-ամյակը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ
Անվանի լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանը հանրությանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված նոր պատկերագիրք ուսումնասիրությունը: Գիրքը հայկական մշակութային պահանջատիրության հիմնական վկայականներից մեկը պետք է լինի: «Ես Հայոց պատմություն չեմ իմացել: Երեխա ժամանակ դպրոցում լավ չեմ սովորել, եւ հիմա ժամանակն է՝ տարիների ընթացքում սովորածս փոխանցել նախ՝ իմ աղջիկներին, ապա՝ հայությանն առհասարակ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է լուսանկարիչը: «100(19152015)» վերտառությամբ, 3.5 կգ ծանրությամբ հաստափոր պատկերագիրքը ներառում է Հրայր Խաչերյանի 17 տարվա աշխատանքները՝ ընդգրկելով Արեւմտյան Հայաստանի եկեղեցիների եւ վանքերի, աշխարհի տարբեր երկրների՝ ԱՄՆ-ի, Լիբանանի, Իտալիայի, Ավստրիայի թանգարաններում պահվող՝ ցեղասպանությունից փրկված բացառիկ մշակութային նմուշների լուսանկարներ:

 

ՀԱՆՈՒՆ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ
Ժողովրդական երգչուհի Գոհար Հովհաննիսյանն օրերս է վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որտեղ գործընկերների՝ Վարդան Բադալյանի, Արմենչիկի, Նորոյի ու Միստր X-ի հետ հանդես է եկել համերգային ծրագրերով: «ԱՄՆ-ի մի շարք համերգասրահներում բարեգործական ծրագրով ենք հանդես եկել, որի ողջ հասույթը տրամադրվել է Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին»,-ESem.am-ի հետ զրույցում ասել է Գոհարը, ով պատրաստվում է կրկին մեկնել Միացյալ Նահանգներ՝ այս անգամ Լոս Անջելեսի մի քանի համերգասրահներում Աղասի Իսպիրյանի եւ Ռուբեն Սասունցու հետ ժողովրդական երգերի երեկոներին մասնակցելու նպատակով:

 

ԿԻՍԱՆԴՐՈՒ ԳՈՂԻՆ ԲՌՆԵԼ ԵՆ
Հունվարի 4-ին ոստիկանությունն ահազանգ էր ստացել այն մասին, որ Երեւանի Պուշկինի փողոցի թիվ 62 շենքի մոտ տեղադրված հուշարձանի վրայից գողացել են Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրին: Ոստիկանությանը հաջողվել է բացահայտել հանցագործությունը: Փետրվարի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988թ.ծնված Արտակ Ա-ին: Վերջինս տվել է խոստովանական ցուցմունք: Կատարվում է քննություն:




Լրահոս