Հայտնի է, որ Գյումրու քաղաքապետի ընտրություններին ՀԱԿ-ը թեկնածու չի ունենա, առաջադրվածներից որեւէ թեկնածուի էլ չի պատրաստվում սատարել, սակայն տեղի գրասենյակից հայտնում են, որ փոխարենը ակտիվ մասնակցություն են ունենալու ավագանու ընտրություններին: «Ժառանգություն»-ը, ինչպես արդեն գրել էինք, կունենա քաղաքապետի թեկնածու: Տեղի ներկայացուցիչը շեշտեց, որ ավագանու ընտրությունները եւս աչքաթող չեն անելու եւ կունենան «Ժառանգություն»-ից առաջադրված թեկնածուներ:
«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը եւս կունենա ավագանու թեկնածուներ: Նախաձեռնության կազմից թվենք մի քանիսին՝ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյան, իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյան, «Շիրակ» ՀԿ նախագահ Վահան Թումասյան, տնտեսագետ Ղարիբ Հարությունյան, ազգագրագետ Արտաշես Բոյաջյան եւ այլք: Հասկանալի է, որ թեժ կլինեն նաեւ ավագանու ընտրությունները, եւ, իհարկե, շատ ողջունելի կլինի, որ գոնե այս անգամ քաղաքապետարանում տեղ զբաղեցնեն ոչ թե մեխանիկորեն ձեռք բարձրացնող եւ քաղաքապետի առաջարկները դակող ավագանու անդամներ, այլ իսկապես մտածող մարդիկ:
Տարիներ շարունակ Գյումրու ավագանին առանձնապես ոչնչով աչքի չի ընկել, չի եղել ընդդիմադիր վարքագծով որեւէ մեկը, որը կունենար համարձակություն` հակադրվելու Վարդան Ղուկասյանին: Այս ընտրությունները կարող են որակապես տարբերվել հենց այն պատճառով, որ Վ. Ղուկասյանին այլեւս չի թույլատրվի հավակնել քաղաքապետի աթոռին, եւ նա հնարավորություն չի ունենա իրեն ձեռնտու մարդկանց կարգել ավագանի:
Անդրադառնանք Ղուկասյանի առաջադրվել-չառաջադրվելու հարցին, որն այս օրերին մամուլի ուշադրության կենտրոնում է: Հարկ է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար, հանրապետական Բորիս Ալեքսանովի հայտարարությունների մասին խոսել: Եւ այսպես, Ղուկասյանը, կարելի է ասել, հենց Ալեքսանովի բերանով հայտնում է, որ ինքը չի առաջադրվի: Բ. Ալեքսանովն ասում է, թե թաքցնելու ոչինչ էլ չկա, ԲՀԿ ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, եւ արդեն ենթադրելի է, թե քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն ում թեկնածությունն է պաշտպանելու. «Նախագահը հանդիպել է ԲՀԿ-ական Ս. Բալասանյանի հետ, եւ եղել է կոնկրետ խոսակցություն, կոնկրետ պայմանավորվածություն: Երկու մարզպետեր իրար հետեւից փոխվեցին Շիրակում: Նրանք ՀՀԿ-ի կողմից նշանակվեցին, բայց ՀՀԿ-ականներ չէին»: Այս հայտարարությունն ուշագրավ է այն առումով, որ Բալասանյանը հերքում է, թե Ս. Սարգսյանի հետ հանդիպել է ՏԻՄ ընտրությունների հարցը քննարկելու համար: Նա «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել է, թե ինչ-ինչ գյուղատնտեսական հարցեր են քննարկել:
Բ. Ալեքսանովը նաեւ պնդում է, թե այս անգամ Գյումրին քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու չի ունենա: Գործող քաղաքապետ Վ. Ղուկասյանը չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը, քանի որ, Ալեքսանովի խոսքերով, այդպես որոշել է կուսակցության առաջնորդը` Ս. Սարգսյանը: Նրա դիտարկմամբ՝ չպետք է զարմանալ, եթե ՀՀԿ-ականներն այս անգամ մեկ այլ կուսակցության թեկնածուի սատարելու որոշում կայացնեն:
Գյումրի