Սամվել Կարապետյանը համոզված է, որ իր զավակները կշարունակեն իր գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ ու ռուսական անշարժ գույքի «արքաների ցուցակի» առաջատարներից մեկը հանդիսացող Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել Forbes-ին: Վերջինս նշել է, որ 2015 թ տնտեսական առումով ծանր կլինի, սակայն ճգնաժամը որոշակի դրական կողմեր ունի. հեռանում են մրցակիցները, իսկ ով մնում է, նա ավելի ուժեղ կդառնա:

«Մենք միշտ ճգնաժամն ընդունել ենք որպես նոր հնարավորություն, մենք մնում ենք, ու մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Կարապետյանը:

Վերջինս հարցազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչքանով է համախմբված Ռուսաստանում հայ համայնքը, ասել է, որ հայերը Ռուսաստանում օգնում են միմյանց ու անհրաժեշտության դեպքում աջակցում, սակայն գլխավորն այն է, որ երբեք չեն խանգարում միմյանց:

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտեմ իմ ընտանիքով, իմ երեխաներով ու բիզնեսով, որը ստեղծել եմ: Մենք փոքր, սակայն չափազանց հպարտ ու իմաստուն ազգ ենք: Երբեք ոչ ոքի վրա չենք հարձակվել, ընդհակառակը՝ միշտ փորձել ենք ու փորձում ենք գոյատևել՝ միաժամանակ պահպանելով մեր ինքնատիպությունն ու յուրահատկությունը: Ժամանակներն, իհարկե, փոխվել են, խոսքն ուղղակի ֆիզիկական գոյատևման մասին չէ. իրավիճակները տարբեր են լինում: Մեր միասնությունը հնարավորություն է տալիս շատ բան անել ինչպես բիզնեսում, այնպես էլ կյանքում: Ամեն ինչ կառուցվում է վստահության վրա, այդ պատճառով էլ մեզ երբեք ոչ ոք չի խաբել և մենք ևս: Ոչ մի դատավարոթյուն երբեք չի եղել: Գործարարները, ովքեր այս տարիների ընթացքում գոյատևել են, հասկանում են, թե բիզնեսում ինչքան կարևոր է խոսքը: Մյուսները պարզապես չեն գոյատևել…»:

Իսկ այն հարցին, թե ունի արդյոք Կարապետյանը ժառանգներ, ում կարող է թողնել իր հարստությունը, հայազգի գործարարը պատմել է, որ ունի 3 երեխա՝ 16 ու 22 տարեկան տղաներ ու դուստր, ով 22 տարեկան է:

«Կրտսեր որդիս սովորում է ինստիտուտում, իսկ ավագը՝ ղեկավարում է ընկերության կոմերցիոն անշարժ գույքի կառավարումը: Դուստրս հետզհետե մտնում է ընտանեկան բիզնեսի մեջ»,-նշել է նա:

Սամվել Կարապետյանը նաև մանրամասնել է, որ մանկության տարիներին նա իր երեխաներին երես չի տվել, սակայն կա նաև գենային գործոնը:

«Իմ երեխաներն ինձ են նման ամեն ինչով: Ես երբեք չեմ սիրել գիշերային կյանքը, այլ ընդհակառակը, աշխատանքն է ինձ ոգեշնչել: Նայում եմ հիմա նրանց ու հասկանում՝ նրանք ինձ նման են»,-հավելել է գործարարը:




Լրահոս