ՀՀԿ խորհրդի` երեկ տեղի ունեցած նիստում Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթը, որը իր կոշտութամբ աննախադեպ էր եւ ուղղված էր իշխանական էլիտայի մյուս` ոչ իշխանական թեւի հիմնական խաղացողի` ԲՀԿ-ի դեմ, մատնեց իշխանությունների մոտ կուտակված զայրույթը:
Սերժ Սարգսյանի մոտ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ զայրույթը, ըստ ամենայնի, կուտակվել է դեռեւս անցած տարվա վերջից: Այդ ժամանակ արդեն որոշված էր, որ հունվարի 20-ին պետք է տեղի ունենար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները կազմակերպող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում պետք է ընդունվեր նաեւ հռչակագիրը: Իշխանությունները պլանավորել էին, որ այդ միջոցառումը պետք է լինի քաղաքական դաշտի հիմնական իրադարձությունը: Սակայն դեկտեմբերի վերջին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց հունվարի 20-ին ոչ իշխանական ուժերի խորհրդաժողով հրավիրելու մասին: Այնուհետեւ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի պատճառով հանձնաժողովի նիստը 9 օրով հետաձգվեց եւ տեղի ունեցավ հունվարի 29-ին: Ծառուկյանի խորհրդաժողովը եւս հետաձգվեց: Սակայն այդ ընթացքում քաղաքական դաշտում, ի թիվս այլ հարցերի, օրակարգ եկան փոքր եւ միջին ձեռներեցների բողոքի ցույցերը: Ակնհայտ էր, որ ԲՀԿ-ն էր այդ ցույցերին աջակցում: Մյուս կողմից Բերձորի դեպքերը տեղի ունեցան, որի կիզակետում հայտնված անձանցից մի քանիսը կապեր ունեն մեկ այլ կարկառուն ԲՀԿ-ականի՝ Վարդան Օսկանյանի հետ: Մի խոսքով, ակնհայտ էր, որ ԲՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանն ամեն ինչ արել էին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գործընթացները, որոնց վրա հսկայական ռեսուրսներ էին ծախսվել, առ ոչինչ դարձնելու համար:
Այս ընթացքում Հովիկ Աբրահամյանը փետրվարի 5-ից 7-ը Մոսկվայում գտնվելիս հանդիպեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որին ընդունված է համարել Գագիկ Ծառուկյանի ոչ հրապարակային ղեկավար: Թե ինչ են խոսել Աբրահամյանը եւ Քոչարյանը, հայտնի չէ, բայց հաստատ այդ հանդիպման արդյունքում Սերժ Սարգսյանին ներկայացվածը նրա զայրույթը ոչ թե մեղմեց, այլ կրկնապատկեց: Օրերս էլ հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ պատվիրակության հետ մեկնել էր Մոսկվա եւ տեղում հանդիպել ՌԴ իշխանության ներկայացուցիչների հետ: Թերեւս մեզ հայտնի չէ այդ հանդիպումների բովանդակությունը, սակայն, ակնհայտ է, որ դրանք եւս նպաստել են Սերժ Սարգսյանի զայրույթի ուժգնացմանը: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը կարող էր Ծառուկյանի հետ իր հարաբերությունները պարզել ավելի մեղմ եղանակով` ներքին կարգով: Բայց ո՛չ, նա նախընտրեց հրապարակավ հայտարարել, որ պատերազմ է սկսում: Ինչն արդեն իսկ ենթադրում է, որ այլեւս ետդարձի ճանապարհ չկա:
Գագիկ Ծառուկյանի դեմ սկսած պատերազմը Սերժ Սարգսյանը հիմնավորում է «քաղաքական դաշտը մաքրելու, քաղաքական դաշտում քաղաքական գործիչների համար տեղ բացելու» անհրաժեշտությամբ: Սակայն, եթե իսկապես Սերժ Սարգսյանը ցանկանում է քաղաքական դաշտը մաքրել, ապա նա պարտավոր է սկսել իր շրջապատից, մասնավորապես ԱԺ ՀՀԿ խմբակցությունում բազմաթիվ են անձինք, որոնք ամեն ինչ են բացի պատգամավոր եւ քաղաքական գործիչ լինելուց: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը, եթե նման հայտարարություն է անում, ապա նա պարտավոր է սկսել իր շրջապատից:
Սերժ Սարգսյանը նաեւ խոստովանում է, որ տարիներ շարունակ ինքն է հովանավորել Գագիկ Ծառուկյանին, կամ այլ կերպ ասած՝ աճեցրել նրան: Սարգսյանը նաեւ հիշեցնում է ինչ-որ հարկերից խուսափելու, քրեական գործեր կոծկելու եւ ինչ-որ գաղտնի համակարգ ստեղծելու մասին: Պարզվում է՝ նրան տարիներ շարունակ հայտնի է եղել այդ ամենի մասին, բայց հետաքրքիր է, թե ինչու է նա նոր միայն հիշում: Սարգսյանի խոսքն այս տեսանկյունից յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք է` իմանալ չհայտնելու կամ միգուցե արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասին:
Ինչպես կհակադարձի Գագիկ Ծառուկյանը, եւ ինչպես կզարգանան իրադարձությունները, այս հարցերի պատասխանները մենք կսկսենք ստանալ հենց այսօվանից: Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն այսօր խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում էլ Գագիկ Ծառուկյանը կհրապարակի իր պատասխանը Սերժ Սարգսյանին: Ինչպես նաեւ լուր ստացվեց, որ կեսգիշերին Կիեւից հրատապ Հայաստան վերադարձավ Ռոբերտ Քոչարյանը: Եթե ճիշտ են լուրերը, ըստ որոնց՝ հենց Ռոբերտ Քոչարյանն էր Գագիկ Ծառուկյանին դրդում ակտիվանալուն, ապա նա ուղղակի պարտավոր է կանգնել իր ստեղծած կուսակցության թիկունքին: Ամեն դեպքում, առաջիկա օրերին ամեն ինչ կպարզվի:
Մեկ բան ակնհայտ է՝ ո՛չ Սերժ Սարգսյանը եւ ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանն այլեւս չեն կարող նահանջել: Նրանցից մեկը պետք է լքի քաղաքական դաշտը եւ ընդմիշտ: Մնում է սպասել՝ հասկանալու համար, թե այս երկուսից իրականում ում խոսքն է գործ:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը 2015 թվականի մայիսի 3-ին նշանակելու մասին:
ՊԱՇՏՈՆԱՆԿ
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ գիշեր հայտարարել է. «Առաջարկում եմ այսօր ԱԺ արտահերթ նիստ հրավիրել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցով: Որոշման պատրաստի նախագիծը կա, իսկ 44 պատգամավորի ստորագրություն կա՞: Իմ ստորագրությունը երաշխավորում եմ»:
ԿԱՅՑԵԼԻ ԹՈՒՐՔԻԱ
Կանադական լրատվամիջոցների փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն ապրիլի 24-ին այցելելու է Թուրքիա՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին: Նշվում է, որ Թուրքիայում թագուհու անվտանգությունն ապահովելու համար մեծ միջոցներ են ձեռնարկվում:
ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԵՆ
Բոլոր այն աշխատակիցները, ովքեր «Սանիտեք» ընկերության գործունեության դեմ բողոքի ակցիաներ էին անցկացնում, գործազուրկ են դարձել: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ընկերության նախկին աշխատակից Ռուզան Ասոյանից. «Ես մի կերպ գիշերային աշխատանք գտա: Բայց մոտ 40-50 քաղաքացի այսօր գործ չունի»: Հիշեցնենք, որ Կենտրոն վարչական շրջանում աղբահանություն իրականացնող լիբանանյան «Սանիտեք» ընկերության նախկին աշխատակիցները նախորդ տարվա դեկտեմբերի վերջին անակնկալ տեղեկացել էին, որ ազատված են աշխատանքից: Աշխատակիցների պատմելով՝ «Սանիտեք» ընկերության տնօրինության առաջարկած պայմանների համաձայն՝ իրենք պետք է կատարեին երկու մարդու աշխատանք՝ ե՛ւ բանվորի, ե՛ւ մաքրուհու: Սակայն այս առաջարկին աշխատակիցները դեմ են արտահայտվել, ինչի արդյունքում այսօր մոտ 60 հոգի գործազուրկ է:
ԲՀԿ-ԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՀՀԿ-ԱԿԱՆ
Այս տարվա մարտի 15-ին ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում տեղի կունենա համայնքի ղեկավարի ընտրություններ: Այս պահի դրությամբ առաջադրված թեկնածուները երկուսն են՝ գործող ԲՀԿ-ական գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանը եւ անկուսակցական Խաչատուր Միսակյանը: Համայնքի գործող ղեկավարը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում ներկայացված է որպես ԲՀԿ-ական, իսկ մարզպետարանի կայքէջում՝ ՀՀԿ-ական: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց գյուղապետ Ալեքսանյանի հետ՝ պարզելու՝ ի վերջո ՀՀԿ-ակա՞ն է, թե՞ ԲՀԿ-ական: «Ես ԲՀԿ-ական եմ եւ ի սկզբանե ԲՀԿ-ական էլ եղել եմ»,- ասաց գյուղապետը:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ
«Հիմնադիր խորհրդարանը» բացահայտել է, որ Բերձորում Պավլիկ Մանուկյանին հարվածներ հասցնողների թվում է եղել Սամվել Աբրահամյանը, որն առավել հայտնի է «Ցավ» մականունով:Ըստ «Հիմնադիր խորհրդարանի»` «Սամվել Աբրահամյանը հայտնի է որպես Արցախյան ազատամարտի ժամանակ Մոնթե Մելքոնյանի դեմ խմբավորման անդամ, ինչպես նաեւ՝ որպես Տիգրան Նաղդալյանի սպանության եւ Մարտի 1-ի դեպքերի ակտիվ մասնակից: Ռեժիմին մատուցած ծառայությունների համար Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատապարտվելուց կարճ ժամանակ անց հայտնվել է ազատության մեջ եւ անպատիժ կերպով շարունակում է իր քրեական գործունեությունը»:
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԿԱՐԵՎՈՐ ԱՆԴՐԱԴԱՐՁ
Եվրախորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի` օրերս ընդունած «Մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը աշխարհում» թեմայով տարեկան զեկույցում անդրադարձ կա նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Մասնավորապես` զեկույցի հեղինակները դիմում են անդամ երկրներին ընդունել Ցեղասպանությունը՝ կոչ անելով նրանց եւ ԵՄ ինստիտուտներին սատարել դրա ճանաչմանը:
Ի ՊԱՏԱՍԽԱՆ
Ադրբեջանի իշխանությունները որոշել են կալանավորել անցած դեկտեմբերին գերեւարված Արսեն Բաղդասարյանին։ Ըստ ադրբեջանցիների՝ Բաղդասարյանն իբր հատուկ պատրաստություն անցած սերժանտ է, որը հրահանգ է ստացել անցնել ադրբեջանական կողմն ու խրամատներում ականներ տեղադրել։
ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ
Գյումրիում կատարված ոճրագործությունից մեկ ամիս անց` երեկ, մի խումբ քաղաքացիներ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով երաշխիքներ տալ, որ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը կհանձնվի հայ իրավապահներին:
ԿԱՅՑԵԼԵՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն փետրվարի 17-ին: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով՝ միջնորդները հանդիպումներ կունենան Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Փետրվարի 10-ին մարտական հերթապահության ժամանակ զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տարոն Գեդեոնյանը։ Քննչական կոմիտեի տեղեկացմամբ` վերջինս կասկածվում է մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ։
100 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԱՆՈՑ
Գագիկ Ծառուկյանը երեկ այցելել է ՀՀ ոստիկանություն, որտեղ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվել է ԲՀԿ քաղխորհդի անդամ Արտակ Խաչատրյանի դեմ կատարված հանցագործության քննության ընթացքով: Ծառուկյանը հարյուր հազար ԱՄՆ դոլար է խոստանում այն անձին կամ անձանց, ովքեր արժեքավոր տեղեկություն կտան եւ կօգնեն բացահայտել Խաչատրյանի հետ կատարվածը, կատարողներին եւ կազմակերպիչներին: