Հաշվի առնելով ԵՏՄ-ի և դրան միանալու հետևանքների վերաբերյալ մարդկանց գիտելիքների մասին ուսումնասիրությունների բացակայությունը՝ «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» հասարակական կազմակերպությունը կատարել է ուսումնասիրություն, որը նպատակ ունի լրացնելու վերոնշյալ բացը և ուսումնասիրելու ոչ միայն մարդկանց վերաբերմունքը ԵՏՄ-ին, այլ նաև այդ վերաբերմունքի և ինտեգրացիոն գործընթացների մասին նրանց իրազեկվածության միջև կապի վերաբերյալ: Հարցերը տրվել են Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Կապանի 1000 բնակիչների՝ հեռախոսազանգի միջոցով:
Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ հարցվողների ավելի քան կեսը (61,2% – այո, 28,8% – ոչ) համարում են, որ տեղյակ են, թե ինչ է իրենից ներկայացնում ԵՏՄ-ն:
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը կողմ և դեմ մարդկանց թվի միջև տարբերությունը շատ քիչ է (42% – դեմ, 37,6% – կողմ, 20,4% – չգիտեն). Ուշագրավ է, որ ԵՏՄ-ին դեմ տեսակետ արտահայտած հարցվողների մեջ կանանց թիվը փոքր ինչ գերազանցում է տղամարդկանց թվին: Բացի այդ՝ 40 տարեկանից փոքրերն ավելի շատ են հակված ԵՏՄ-ին դեմ տեսակետ արտահայտելու, քան տարեցները:
Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրության արդյունքները հարցվողների կեսից ավելին չեն ակնկալում գազի և բենզինի գնի նվազում ԵՏՄ անդամակցույթան արդյունքում: Բացի այդ՝ հարցվողների մոտ կեսը չի ակնկալում ռուսական ապրանքների գների նվազում: Ավելին՝ հարցվողների մոտ կեսը ակնկալում է սննդի, տեխնիկայի, հագուստի և կահույքի գների բարձրացում:
Հարցվողների մոտ կեսը պնդում է, որ Հայաստանի հիմնական առևտրական գործընկերը Ռուսաստանն է (երբ իրականում Հայաստանի արտաքին առևտրի ընդհամենը 22 տոկոսն է Ռուսաստանի հետ): ԵՏՄ-ի կողմնակիցների 52,1% կարծում է, որ մեր հիմնական արտաքին գործնկերը Ռուսաստանն է և միայն 19,1% գիտի, որ Եվրոպան է: Իսկ ահա ԵՏՄ-ին դեմ կարծիք արտահայտած հարցվողների 29,5% տոկոսը գիտի, որ որ Հայաստանի հիմնական առևտրային գործնկերը Եվրոպան է:
Մարդիկ, ովքեր ճիշտ են տեղեկացված Հայաստանի հիմնական առևտրային գործնկերոջ հարցում, միայն 31 տոկոսով են կողմ ԵՏՄ-ին (53,4 տոկոսով դեմ են): Փոխարենը, նրանք, ովքեր այդ հարցի շուրջ սխալ տեղեկություն ունեն, 44,1 տոկոսով կողմ են ԵՏՄ-ին (և միայն 36 տոկոսով են դեմ):
ԵՏՄ-ի անդամակցության հետ կապված իրազեկվածությունը ստուգող հարցերին հիմնականում սխալ պատասխաններ տված քաղաքացիների գրեթե կեսը կողմ է Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին (46,4% – այո, 33% – ոչ): Եվ հակառակը՝ հիմնականում ճիշտ պատասխաններ տված հարցվածների գրեթե կեսը դեմ են ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությանը (33,1% – ոչ, 46,4% – այո):
Ըստ էության, հետազոտությունը տվեց հետևյալ երեք հարցերի պատասխանները՝
1. Որքանով մարդիկ ավելի են տեղեկացված ԵՏՄ անդամակցության և դրա հետևանքների մասին, այնքան ավելի քիչ են նրանք հակված դրական գնահատելու այս անդամակցությունը:
2. Հանրության մի ստված հատված ԵՏՄ-ի անդամակցությունից ունենալով բացառապես բացասական տնտեսական սպասելիքներ, միևնույնն է, կողմ է դրան:
3. Հանրության զգալի մասը չունի անգամ տարրական տեղեկություններ ԵՏՄ-ին Հայաստանի ինտեգրացիայի հետևանքների մասին, իսկ մեկ այլ հատված այդ մասին ունի հիմնովին սխալ պատկերացումներ:
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»