Քաղաքական հետապնդման խնդիր գոյություն չունի. ԱԺ նախագահը` Գագիկ Ծառուկյանի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին` պատգամավորաման մանդատից զրկելու գործընթացը դեռ շարունակվում է, ուսումնասիրվում են պատգամավորի բացակաները: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, թե այս գործընթացը տարածվելու է նաև մյուս պատգամավորների վրա:

Հարցին, թե մինչ այժմ Ծառուկյանի հարգելի համարված բացակայություններն ինչպե՞ս են անհարգելի համարվելու, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ երբ արդեն ուսումնասիրություններն ավարտվեն, այդ ժամանակ նաև կասվի ձեզ, հանձնարարվել է աշխատակազմին, կներկայացնենք, կզեկուցեն, այնուհետև կասեմ»։

Դիտարկմանը, թե Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեությո՞ւնը, թե՞ բացակայություններն են մանդատից զրկելուն ուղղված քայլերի պատճառը, Գալուստ Սահակյանը նկատեց. «Ձեռնարկատիրական գործունեությունը ԱԺ նախագահի լիազորությունների շրջանակում չէ… Կներկայացվի, կքննարկվի, ձեզ էլ տեղյակ կպահվի, ուսումնասիրությունը բևեռված չէ, բոլոր խմբակցություններին է վերաբերում. քաղաքական հետապնդման խնդիր գոյություն չունի»։

Ազգային ժողովի նախագահն անդրադարձավ նաև փետրվարի 20-ին կայանալիք  համազգային հավաքին՝ նշելով, որ չի մասնակցելու հանրահավաքին, հետևաբար չի կարող ասել, թե ինչ կլինի:

Այն հարցին, թե հնարավո՞ր է անկանխատեսելի զարգացումներ լինեն, օրինակ նստացույց, նա պատասխանեց.«Տագնապների կողմնակից չեմ, հանրահավաքը սովորական ժողովրդավարական գործիք է»:




Լրահոս