Օրերս Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում պրեմիերա էր. Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» պատմվածքը ներկայացնում էին Ավո Խալաթյանն ու Ֆրիդա Յորքը: Վերջինիս հետ «Ժողովուրդ»-ը զրուցել է նոր ներկայացման մասին, Յորքն անդրադարձել է հայկական բեմի տված հնարավորություններին, խոսել ռուսական շուկային ինտեգրվելու եւ այլ թեմաների շուրջ:
-Նշել եք, որ «Երկնագույն շան աչքերը» երկար ժամանակ «հանգիստ չի տվել» Ձեզ: Այս ստեղծագործության մեջ հատկապես ի՞նչն էր տպավորվել, եւ ինչո՞ւ ընտրեցիք հենց Մարկեսի գործը:
-Առհասարակ, Մարկեսն իմ սիրելի հեղինակներից է, եւ երբ առաջին անգամ կարդացի այս ստեղծագործությունը, այնպիսի զգացողություն ունեի, կարծես այն իմը լիներ… Անմիջապես հասկացա, որ մի օր բեմադրելու եմ այն: Այստեղ մենք տեսնում ենք միշտ արդիական մարդկային փոխհարաբերություններ, կին-տղամարդ հավերժական բախում: Սա մի ստեղծագործություն է, որում բախվում են երազն ու իրականությունը:
-Այս ներկայացման մեջ Դուք միավորել եք պլաստիկան եւ խոսքը: Նման փորձ այսօր հայկական թատրոններում հազվադեպ է արվում: Ո՞րն էր այդ պրոցեսի բարդությունը:
-Կարծում եմ՝ այսօրվա դերասանը պարտավոր է տիրապետել ոչ միայն խոսքի արվեստին, այլ նաեւ՝ սեփական մարմնին, նա պետք է ճանաչի իրեն: Այս կերպ, ինչ խոսք, ավելի է բարդանում դերասանի աշխատանքը, բայց, միեւնույն ժամանակ, առավել ազդեցիկ է դառնում ասելիքը: Սա մի ժանր է, որն իմն եմ համարում: Շարժումը մի բան է, որ ըմբռնելի է ամենքի համար, այն սահմաններ չունի եւ ավելին է, քան խոսքը: Ի՞նչը կարող է ավելի ազդեցիկ լինել մի տեսարանից, որում դերասանի միտքը, երեւակայությունը, հոգին, խոսքն ու մարմինը միասին են. սա մի խելագար սինթեզ է… Իսկ երբ կողքիդ էլ ունես պրոֆեսիոնալ խաղընկեր, որը, ինչպես մեր մի շարք դերասաններ, չի փորձում խանգարել քեզ, որպեսզի քեզանից լավը երեւա, այլ ամեն վայրկյան հավատում է քեզ, բոլոր դժվարությունները հաղթահարվում են:
-Դժվար չէ՞ միաժամանակ լինել ե՛ւ ռեժիսոր, ե՛ւ դերասան, հատկապես, երբ այս ներկայացման պարագայում նկարչական ձեւավորումից մինչեւ երաժշտական եւ պարային լուծումներ Ձերն էին…
-Գիտեք՝ երբ չունես այն նկարչին, որը կես խոսքից կհասկանա քեզ, կզգա, թե ինչ ես ուզում, ավելի լավ է՝ ինքդ անես այդ աշխատանքը: Անձամբ ես վստահում եմ իմ ճաշակին:
-Գիտենք, որ այսպես ասած՝ էքստրեմալ թատրոնի սիրահար եք: Այդ «էքստրիմի» առումով հայկական բեմերը, կարծես, այնքան էլ մեծ հնարավորություններ չեն տալիս. որտե՞ղ եք սպառում Ձեր էներգիան:
-Հայաստանյան բեմերը շատ լայն հնարավորություններ ունեն: Միտքը, երեւակայությունն ու ճաշակն է պակասում մեր բեմերին: Իսկ էներգիաս սպառում եմ ինձ ավելի լավ ճանաչելու փորձերում: Ինքս ձգտում եմ ավելի կատարելագործել պլաստիկաս, խոսքս:
-Դուք բեմում պատրաստ եք դիմել բավական համարձակ քայլերի. դրա վառ ապացույցն է «Ստրիպտիզ» մոնոներկայացումը: Որոշ թատրոնների ղեկավարներ այն կոչեցին ֆեստիվալային: Ըստ Ձեզ՝ սա կարծրացած մտածելակերպի արդյո՞ւնք է, թե՞ ուրիշ մի բան:
-Ես սովորել եմ լսել կարծիքներ եւ ծայրահեղությունների մեջ չընկնել: Կարծիքներն, իհարկե, կարեւոր են, բայց ստեղծագործողի՝ ինչ-որ բան ստեղծելու ցանկությունն ավելի զորեղ է: Գուցե ներկայացումը համարվել է ֆեստիվալային այն պատճառով, որ շրջագայության շրջանակում այն քիչ ծախսատար է…
-Ձեր ամուսինը՝ կինոռեժիսոր Արման Գեւորգյանը, փոխեց Ձեր անունը՝ կնքելով Յորք: Է՞լ ինչ է փոխել նա այս անգամ Ձեր կարիերայում, ստեղծագործական կյանքում: Քանի որ նա աշխատում է ռուսական շուկայի համար, Ձեզ դրան ինտեգրելու փորձեր անո՞ւմ է:
-Դրսում աշխատելիս այդ անվան անհրաժեշտությունը զգացվեց, եւ կնքվեցի Յորք՝ զուտ անվանս գեղեցիկ հնչողություն հաղորդելու համար: Ինչ վերաբերում է ռուսական շուկային, ապա ես փոքրիշատե ինտեգրվել եմ դրան, արդեն նկարահանվել եմ ռուսական արտադրության 3 ֆիլմում, 1 ռուս-հայկական նախագծում: Մարտին դարձյալ մեկնում եմ նկարահանումների, ինչ խոսք, ամուսինս ինձ շատ է օգնում:
-Եվ վերջում՝ ստեղծագործական կյանքին առնչվող ի՞նչ երազանք եք փայփայում:
-Ես կուզենայի, որ ունենայինք կենդանի թատրոն, իսկ դրա համար պետք է չվախենալ ստեղծագործելուց, հարկավոր է շարունակ էքսպերիմենտների դիմել: Ես չգիտեմ՝ ինչպիսին կլինի թատրոնը վաղը, բայց ես իմ մեջ ունեմ իմ երազանքների թատրոնը, դեպի ուր շարունակելու եմ քայլել…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՈՒՀՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Օրերս ֆրանսիական մամուլն անդրադարձել է հայ երիտասարդ փաստաբանի գրանցած հաջողությանը: Մարսելի փաստաբանական դպրոցի 25-ամյա հայ խոստումնալից ուսանողուհի Աշխեն Հարությունյանը, հաղթահարելով փաստաբանական դպրոցների ուսանողների մրցույթի նախընտրական փուլը, անցել է մրցույթի եզրափակիչ:
laprovence.com-ի փոխանցմամբ՝ արդեն եզրափակչում հայուհին 11 ուսանողների հետ հրավիրվել է հանրությանը ներկայացնելու մարդու իրավունքների խախտման մի դեպք: Մեր հայրենակցուհին անդրադառնալու է 2014 թվականի հունվարին Մարսելի նավահանգստում խեղդված մի գվինեացու հետ կապված դեպքին: Վերջինս երկար ճանապարհ կտրելուց հետո բազում անգամներ ապաստան էր խնդրել, իսկ մերժվելուց հետո ծովը նետվելով՝ ինքնասպան էր եղել: Ինչպես գրում է թերթը, Աշխենը ներկայացնելու է այն ողջ պրոցեսը, որի միջով անցել է երիտասարդ Ժոզեֆը: Հայ իրավաբանն այն համոզման է, որ այս դժբախտ դեպքի մասին պետք է իրազեկ լինի ողջ աշխարհը:
Հատկանշական է, որ երիտասարդ տարիքում մեր հայրենակցուհուն հաջողվել է իր ձայնը լսելի դարձնել լայն մասսաներին եւ անել հնարավորը, որպեսզի մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի հանդեպ անտարբերությունը նվազի: Նշենք, որ մրցույթի ժյուրիի կազմում լինելու է իրավաբանական ոլորտի 11 հեղինակավոր ներկայացուցիչ:
Ուշագրավ է, որ ֆրանսիական թերթն անդրադարձել է նաեւ Աշխենի կենսագրության որոշ մանրամասների՝ տեղեկացնելով, որ երիտասարդ իրավաբանը Երեւանում կրթություն ստանալուց հետո՝ 2010 թվականին, բնակություն է հաստատել Ֆրանսիայում, որտեղ էլ ցանկություն ունի ծավալելու իրավաբանի իր կարիերան:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Աշխեն Հարությունյանի հետ եւ պարզեց՝ արդյոք մեր հայրենակցուհին իր իրավաբանական գործունեության շրջանակում մտադիր է անդրադառնալ մեր ազգի համար կարեւորագույն նշանակություն ունեցող Հայոց ցեղասպանության թեմային: «Դա իմ առաջնային նպատակներից է: Կոնկրետ այս վերջին մրցույթի ֆորմատը դա թույլ չէր տալիս անել, քանի որ ինձնից պահանջվում էր մարդու իրավունքների ոտնահարման ակտուալ դեպք, սակայն նպատակ եւ ծրագրեր ունեմ հետագայում անպայման անդրադառնալու այդ թեմային: Կարծում եմ՝ փաստաբանական դպրոցն ավարտելուց հետո իմ առջեւ առավել լայն շանսեր կբացվեն, եւ գուցե այդ դեպքում հնարավոր լինի իրավաբանորեն պայքարել»,-մեզ հետ զրույցում ասաց նա:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԹԱՏՐՈՆԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը պաշտոնապես հայտարարել է, որ փետրվարի 5-ին իտալացի դաշնակահար Ատոնիո Գոնսալեսի համերգը չի կայացել դաշնակահարի խնդրանքով, քանի որ վերջինս պատրաստ չի եղել ներկայացնելու Ռախմանինովի թիվ 2 սիմֆոնիան՝ որպես պատճառ ներկայացնելով վատառողջ լինելու հանգամանքը: Ինչպես հայտնում են թատրոնի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ օպերայի թատրոնի տնօրինության կողմից անմիջապես հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն եւ, ստանալով Ա. Գոնսալեսի վերջնական պատասխանը, դաշնակահարի ելույթը չեղյալ է հայտարարվել, սակայն նույն երեկոյի ընթացքում ներկայացվել է Ս.Ռախմանինովի «Ալեկո» օպերան:
«ՄԻ՛ ԺԽՏԻՐ»
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում, մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին: Ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ՝ Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշել է մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ՝ համախմբելով 1915-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, որոնք զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ: Նրանց կմիանա եւս մեկ մասնակից Հայաստանից, որը կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի «Genealogy» անվանումը: Երգի վերնագիրն է «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):
ՄԱԹԵՎՈՍՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻ
Ժամանակակից հայ արձակի խոշորագույն ներկայացուցիչ Հրանտ Մաթեւոսյանն այս տարի կտոներ ծննդյան 80-րդ տարեդարձը: Քանի որ տարին հոբելյանական է, այս տարի գրողին նվիրված միջոցառումներ կանցկացվեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում գրողի որդին՝ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի ղեկավար Դավիթ Մաթեւոսյանը, նշել է, որ առաջնահերթ խնդիր է «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի կառուցումն ու դրա շրջակայքում առընթեր էկոմշակութային միջավայրի ձեւավորումը: Բացի այդ՝ նախատեսված է իրականացնել հրատարակչական ծրագրեր: Լույս կտեսնեն Մաթեւոսյանի անտիպ էջերը, նրա գործերը կթարգմանվեն այլ լեզուներով: