ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Երեւանում մոր կողմից դաժանաբար վնասվածքներ ստացած եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում գտնվող երեխային՝ Ֆրունզիկ Նահապետյանին, այցելել են բազմաթիվ քաղաքացիներ՝ նվերներով եւ խաղալիքներով: Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւս այցելել է երեխային եւ խաղալիքներ նվիրել: Պատգամավորի այցն անակնկալի է բերել երեխայի հորը, ով իր գոհունակությունն է հայտնել:

 

 

 

 

ՀԱՐՑ. Հայրս բանկում ավանդ ունի, սակայն նա մահացել է, եւ այժմ մայրս պետք է նրա փոխարեն ստանա ավանդը: Սակայն բանկում պատճառաբանում են, որ ամուսիններով պետք է միեւնույն թվին՝ 1931թ, ծնված լինեն, որպեսզի նրանցից մեկը մյուսի չլինելու դեպքում փոխհատուցում ստանա: Խնդրում եմ պարզաբանել՝ կա՞ նման բան:

Մարիամ Մելոյան (52 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասի բ) ենթակետով սահմանված է, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը տրամադրվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների` մինչեւ 1931 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անդամներին եւ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից եւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաեւ՝ կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` կառավարության սահմանած կարգով:
ՀՀ Կառավարության 2014 թ. ապրիլի 23-ի N460-Ն որոշմամբ հաստատված «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման» կարգի 2-րդ կետի համաձայն` եթե ավանդատուի ամուսինը մահացած է, եւ մահացած ամուսնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա այն դիտարկելով ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն՝ ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մահացած ամուսնու ավանդի 50% դիմաց:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2015թ. ավանդների փոխհատուցում կստանան շուրջ 7000-8000 ավանդատուներ: 2014 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ շուրջ 11 հազար անձ է հաշվառված եղել այդ ծրագրում, որից շուրջ 6230-ը ստացել է փոխհատուցում: Իսկ մեզ դիմած քաղաքացու մայրը, փաստորեն, կարող է ստանալ ամուսնու ավանդի կեսը:

 

 

 

 

 

ՀԱՐՑ.Կխնդրեի պարզաբանել՝ ԱՄՆ-ում մոտ ազգականներ ունենալու, ներգաղթային արտոնագրի ընթացքի մեջ գտնվող միջնորդագիր ունենալու կամ էլ նախկին մերժումների մասին չնշելու, տեղեկությունները թաքցնելու, սխալ տեղեկություններ կամ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում ի՞նչ հետեւանքներ կլինեն:

Հայկ Գեւորգյան (27 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հյուպատոսական պաշտոնյայի հետ պետք է միշտ ազնիվ լինեք ու Ձեր իմացության սահմաններում պատասխանեք բոլոր հարցերին: Մենք հասկանում ենք, որ շատերն ազգականներ ունեն ԱՄՆ-ում, սակայն ԱՄՆ են մեկնում կարճաժամկետ այցով, հասկանում ենք, որ մարդիկ ներգաղթային արտոնագրի միջնորդագիր են ներկայացրել, սակայն առայժմ դեռ չեն պատրաստվում ներգաղթել ԱՄՆ: ԱՄՆ-ում ազգական ունենալը կամ ներգաղթային արտոնագրի, միջնորդագրի առկայությունը դեռ չեն նշանակում, որ տվյալ անձը մուտքի արտոնագիր չի կարող ստանալ: Այս փաստերը չնշելը, որոնց մասին հյուպատոսական պաշտոնյան, ամենայն հավանականությամբ, արդեն տեղյակ է, կարող է անշրջելի վնաս հասցնել դիմողի խոսքերի արժանահավատության մասով եւ հանգեցնել մերժման: Երբ հյուպատոսական պաշտոնյան բացահայտում է փաստերը քողարկելու կամ դրանք սխալ ներկայացնելու փորձեր, ապա արտոնագրի տրամադրումը մերժվում է, իսկ դիմողը կարող է ընդմիշտ զրկվել ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու հնարավորությունից:

ԱՄՆ դեսպանատուն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2014թ. խաղարկությամբ դեպի ԱՄՆ ներգաղթային արտոնագիր տրամադրվել է մոտ 1.200 ՀՀ քաղաքացու (ներառյալ ընտանիքի անդամները): Խաղարկությունում հաղթելը դեռ չի երաշխավորում, որ դիմողն արտոնագիր կստանա: Հաղթողները պետք է անցնեն հարցազրույց եւ որակավորված լինեն արտոնագիր ստանալու համար, իսկ վճարված գումարներն էլ ետ չեն վերադարձվում, էլ չենք ասում այն գումարների մասին, որոնք մարդիկ ծախսում են կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու համար: Ուստի լավագույն տարբերակը տեղեկություններն ամբողջությամբ եւ ազնվորեն ներկայացնելն է:




Լրահոս