Նրանք, ովքեր դիտում են «Եզրագծից այն կողմ» հեռուստասերիալը, նկատած կլինեն, որ Ալինա Ավետիսյանը` Լիզայի դերակատարուհին, բալիկի է սպասում:
Ամիսներ առաջ մեր թերթի հետ զրույցում Ալինան ասել էր, որ ունի ընտրյալ, բայց որ պատրաստվում են ամուսնանալ, դա չգիտեինք: Հիմա արդեն դերասանուհի-երգչուհին ամուսնացել է ու սպասում է իր առաջնեկին:
-Ալինա՛ ջան, շնորհավորում ենք ամուսնության կապակցությամբ, սակայն այդ փաստը շատ անաղմուկ եղավ, տպավորություն էր, որ գաղտնի եք ամուսնացել:
-Նախ շնորհակալ եմ շնորհավորանքի համար, հետո էլ ասեմ, որ գաղտնի ու թաքուն բաներ չեմ արել, ուղղակի ես ավելի կողմ եմ, որ կարեւոր արարողություններն անցկացնենք ընտանեկան մթնոլորտում:
-Ե՞րբ եք ամուսնացել:
-Հունիսի 5-ին` Սահմանադրության օրը:
-Երբ ամիսներ առաջ Ձեզ հետ հարցազրույց էի անում, ասացիք՝ դեռ չեք մտածում ամուսնության մասին: Պատահակա՞ն ստացվեց, թե՞…
-Պատահական շատ քիչ բան է ստացվում կյանքում՝ չնայած ես շատ եմ սիրում այդ պատահական բաները: Ուղղակի որոշեցինք, որ ժամանակն է մեր միությունը լուրջ հիմքերի վրա դնել ու ընտանիք կազմել:
-Հարսանեկան արարողություն եղե՞լ է:
-Մենք ճոխ հարսանիք չենք արել, ուղղակի նեղ շրջանակով հավաքվելը մեզ ավելի հարմար էր:
-Իսկ հարսի զգե՞ստ:
-Դա երբեք էլ ինձ համար երազանք չի եղել:
-Ձեր ամուսինը նույնպե՞ս դերասան է:
-Ո՛չ, նա ոչ մի կապ չունի արվեստի հետ, բայց լավ ճաշակ ունի ու շատ հարցերում գործի մեջ ճիշտ խորհուրդներ է տալիս, ու ես ընդունում եմ:
-Իսկ ինչո՞վ է զբաղվում:
-Բիզնեսով, հիմնականում արտերկրում է լինում, հաճախ ենք իրար կարոտում:
-Կպատմե՞ք՝ ինչպես եւ երբ եք ծանոթացել:
-Կարելի է ասել՝ նոր ենք ծանոթացել, ու ժամանակը կապ չունի իրար հասկանալու համար: Մարդիկ կարող են տարիներով շփվել ու իրար մեջ հարազատ հոգի չգտնել կամ էլ մի քանի րոպեի ընթացքում հասկանալ, որ կարող են միմյանց հարազատ լինել:
-Ձեզ ծանոթացրե՞լ են, օրինակ՝ մեկը միջնորդի, ասի` լավ աղջիկ է կամ լավ տղա է:
-Միջնորդների ժամանակն անցել է, որ լավ աղջիկ կամ լավ տղա գտնեն, կապեն իրար (ծիծաղում է-Ե.Ռ.): Մենք գործի բերումով չենք ծանոթացել, ուղղակի ընկերական շրջապատում, մեր ընկերներից մեկն ուրախ առիթ ուներ, սեղանի շուրջ տեսանք իրար ու ծանոթացանք: Բայց հենց առաջին հանդիպումից էլ մեզ երկուսիս թվացել է, թե հազար տարի իրար գիտենք:
-Ինչպես ասում են, գտել եք Ձեր երկրորդ կեսին:
-Ես այդ տեսակետն ուղղակի չեմ ընդունում, ի՞նչ է, մինչ նրան հանդիպելը ես կիսա՞տ եմ ապրել: Ուղղակի գտել եմ իմ կյանքի ընկերոջն ամեն դաշտում:
-Ձեր տարիքային տարբերությունը շա՞տ է:
-Մենք նույն տարիքի ենք:
-Ես էլ խոսակցություններ էի լսել, որ Ձեր ամուսինը Ձեզանից 5 տարով փոքր է:
-Վա՜յ, այդ խոսակցությունները…
-Դուք ի՞նչ աբսուրդ բաներ եք լսել Ձեր մասին:
-Չեմ լսել, ես աբսուրդ քայլեր չեմ էլ անում, որ խոսելու տեղիք տամ:
-Հետաքրքիր է, իսկ ամուսնությունից առաջ Ձեր ամուսինը պայման չի՞ դրել, որ ամուսնությունից ու երեխայի ծնունդից հետո նկարահանումներ ու բեմ բարձրանալ չեն լինելու:
-Ի՞նչ եք ասում, նա երբեք էլ դեմ չի եղել: Ես հիմա էլ իմ նկարահանումները շարունակում եմ, երեխայի ծնունդից հետո էլ նոր շնչով սկսելու եմ աշխատանքներս: Ուղղակի այս պահին ամենօրյա աշխատանքից հրաժարվել եմ, որ լարվածությունս քիչ լինի: Կնոջ կյանքում շատ կարեւոր քայլ է մայրանալը, բայց կան նաեւ այլ բաներ, որ շատ կարեւոր են: Կնոջը պետք է տեսնել ոչ միայն տանը, խոհանոցում, այլեւ այլ բնագավառում, շատ ավելի գործնական ոլորտում:
-Քանի՞ ամիս մնաց առաջնեկի ծնունդին:
-Նոյեմբերի սկզբին կծնվի, բայց ես որոշել եմ միայն մի բալիկ ունենալ:
-Քի՞չ չէ:
-Որակը քանակի մեջ չէ: Նախընտրում եմ ունենալ մեկին ու ամբողջ ուժերս ներդնել, որ նա իր կյանքում հնարավորինս խնդիրներ չունենա, քան թե շատ լինեն, բայց…
-Աղջի՞կ է, թե՞ տղա:
-Ճիշտն ասած, արդեն որերորդ անգամն է՝ բժիշկս հարցնում է, թե ուզում եմ սեռն իմանալ: Ես ասում եմ՝ ո՛չ:
-Սովորաբար բոլորը շտապում են հենց դա իմանալ:
-Դե դա կանացի սովորական հետաքրքրասիրություն է, իսկ ես այդքան հետաքրքրասեր չեմ, կարեւորը, որ իմ բալիկը առողջ ծնվի, սեռը նշանակություն չունի: Մինչ բալիկի սպասելը երջանիկ պահեր շատ եմ ունեցել, բայց հիմա ես հասկանում եմ, որ երջանկությունը համ ու հոտ ունի… Կյանքիս մեջ առաջին անգամ երջանկությունն ինձ համար դարձավ իրեղեն, շոշափելի:
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄ ՈՒ ՀՈՏ ՈՒՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ