ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է
Ավանդույթի համաձայն՝ ուկրաինական «Շախտյոր»-ն ամեն ամիս քվեարկության արդյունքում ընտրում է ակումբի լավագույն ֆուտբոլիստին: Արդեն 5-րդ անգամ լավագույնն է ճանաչվում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նշենք, որ քվեարկությանը մասնակցած 455 հոգուց  325-ն իր ձայնը տվել է Մխիթարյանին: 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Ֆերնանդինյոն, եռյակը եզրափակել է Անդրեյ Պյատովը:

ԳԼԽԱՏԵԼ Է
Սպանությունից սարսափած ականատեսները զանգահարել են ՌԴ ոստիկանության հերթապահ բաժանմունք եւ հայտնել, որ  Եկատերինբուրգի թաղամասերից մեկում մի տղամարդ է քայլում` սեւ կոստյումով, ամբողջովին արյունոտված, ձեռքին մարդու գլուխ:  Ձերբակալման ժամանակ նա պատմել է, որ գլուխը պատկանում է մի տղամարդու, ում սպանությունից մեկ ժամ առաջ տեսել է նախկին կնոջ հետ անկողնում: Սպանված տղամարդու մարմինը հայտնաբերվել է շենքերից մեկի բակում: Հանցագործը ձերբակալված է:

«ԿԱԽՎԵԼ Է»
Օգոստոսի 1-ին՝ օլիմպիական խաղերին նվիրված քաղաքային փառատոնի ժամանակ, Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը փորձել է պարանի միջոցով անցնել «Վիկտորիա» այգով, սակայն մնացել է 20 մետր բարձրությամբ անցնող պարանի կենտրոնում: Ջոնսոնը պետք է մի քանի հեշտ հնարքներ կատարեր 300-մետրանոց պարանի վրա, սակայն ճանապարհի կեսին սարքը վնասվել է, եւ քաղաքապետը մնացել է պարանի կենտրոնում: Փառատոնի մասնակիցները սկսել են լուսանկարել «կախված» քաղաքապետին: Ի վերջո սարքը կարգավորվել է, եւ նա բարեհաջող տեղ է հասել:

ՉԵՂՅԱԼ  Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA) չեղյալ է համարել ադրբեջանցի բռնցքամարտիկ Մամեդ Աբդուլհամիդովի հաղթանակը ճապոնացի Սատոշի Շիմիձուի նկատմամբ օլիմպիական խաղերի 1/8-րդ եզրափակչում (56 կգ): Մրցավարները հաղթանակը միավորներով շնորհել էին ադրբեջանցուն, թեեւ ճապոնացի մարզիկը մի քանի անգամ նրան նոքդաունի էր ենթարկել: Ճապոնացիները բողոքարկել էին, որն էլ բավարարվել է:

ԿՐԿԻՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ
Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում ավարտվեց ծանրամարտի կանանց 69 կգ քաշայինների պայքարը:  Հայաստանի ներկայացուցիչ Մելինե Դալուզյանը «հրում» վարժությունում ձախողեց երեք փորձերն էլ եւ ստացավ 0: Նա «պոկում» վարժության 3 մոտեցումներից միայն մեկն էր արդյունավետ օգտագործել` բարձրացնելով 111 կգ, «հրում» վարժության առաջին եւ 2-րդ փորձերում չկարողացավ բարձրացնել 140 կգ: 3-րդի ժամանակ Մելինեն պատվիրել էր 142 կգ, սակայն կրկին ձախողվեց: Այդպիսով՝ Հայաստանը ներկայացնող 2-րդ ծանրորդը եւս մեծ հիասթափություն պատճառեց հայ մարզասերներին:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս