Դաշնակցության՝ կոալիցիա մտնելու ճանապարհը բացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Ազգային ժողովից հետ է կանչել հայ-թուրքական արձանագրությունները:

Նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահին ուղղված նամակում նշել է. «Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար»: Ի դեպ, այս հայտարարությանը նախորդել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակումը:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումը մեծ աղմուկ էր բարձրացրել Հայաստանում և Սփյուռքում: Արձանագրություններին մասնավորապես դեմ էր Հայ հեղափոխական դաշնակցությունը: Կուսակցության մի շարք գործիչներ մոտ մեկ ամիս առաջ նշում էին, որ պատրաստ են իշխանությունների հետ առավել սերտ համագործակցության՝ հայ-թուրքական արձանագրությունների՝ հետ կանչի դեպքում միայն: Կարծես թե, նոր իշխող կոալիցիա ձևավորելու հեռանկարը սարերի հետևում չէ:

Նշենք նաև, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին, նշել էր, որ դրանցում առկա է հակասություն:

«Շատերը համոզված էին, որ հռչակագրի հրապարակմանը զուգահեռ՝ ոչ միայն խորհրդարանից հետ կկանչվեին արձանագրությունները, այլև դրանցից ընդհանրապես հետ կվերցվեին Հայաստանի ստորագրությունները:

Այդ երկու փաստաթղթերի միջև առկա հակասությունները, մեղմ ասած, թուլացնում են հռչակագրում տեղ գտած Հայոց ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության հարցերի հաստատումը՝ անկախ նրանից, թե ինչ կարծիքի ենք հռչակագրում դրանք բարձրացնելու նպատակահարմարության մասին»։

Այս քայլից հետո, ստացվում է, Սերժ Սարգսյանը մեկ կրակոցով երեք նապաստակ խփեց՝ բավարարեց ՀՅԴ-ի պահանջը, ականջալուր եղավ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին և հող նախապատրաստեց ապրիլի 24-ին հայ գործիչների ավելի համարձակ ելույթների և գործունեության համար:




Լրահոս