ԲՀԿ-ն Գալուստ Սահակյանից նամակ է ստացել Գագիկ Ծառուկյանի բացակայությունների հետ կապված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանից նամակ է ստացել՝ ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ: Այս մասին  լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:

Նա նշեց, որ նիստի օրակարգում եղել է ինչպես նամակին պատասխանելու, այնպես էլ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու դեպքում իրենց հետագա քայլերի քննարկումը:

«Դեռևս պրոցեսը ընթանում է, մենք ունենք նամակ ՀՀ ԱԺ նախագահից՝ Գագիկ Ծառուկյանի բացակայությունների հետ կապված՝ լրացուցիչ պարզաբանումներ տալու հարցով: Նամակագրական պատասխանից հետո լրացուցիչ կտեղեկացնենք, թե ինչ է լինելու»,-նշեց նա:

Այն հարցին, թե Գալուստ Սահակյանը դեկտեմբերի վերջին հարգելի՞ է համարել Գագիկ Ծառուկյանի բացակայությունները, Վահան Բաբայանը հաստատեց։ «Այո, նման բան կա, որը քննարկվեց նաև նիստի ժամանակ, կարծում եմ բոլորիդ պարզ, թե ինչու հիմա նման նամակ ստացանք»,-ընդգծեց  նա:

Նա նշեց, որ այս պահին, բացի Արագած Ախոյանից, կուսակցությունից դուրս գալու այլ դիմումներ չեն ստացվել: «Այլ դիմումներ չկան, նա միակ պատգամավորն է, մնացածի վերաբերյալ ամբողջն ապատեղեկատվություն է: Ինչ վերաբերում է Արագած Ախոյանին, իհարկե, բացասական վերաբերմունք ունենք, որովհետև կարելի է, իհարկե, կուսակցություններ փոխել՝ ըստ գաղափարների կամ ըստ հայացքների, բայց այս ծանրագույն շրջանում, երբ որ կուսակցությունն իր քաղաքական գիծն է առաջ տանում, ճիշտ քայլ չէր»,-հայտնեց նա։




Լրահոս