Կառավարությունում քննարկվել են շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել շինարարության ոլորտի ներկայիս իրավիճակին և զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են պատկան գերատեսչությունների ղեկավարներ և ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է նման ձևաչափով խորհրդակցության անցկացումը, որը լավ հնարավորություն է ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները վերհանելու և լուծման ուղիները համատեղ քննարկելու համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարության նպատակն է՝ հնարավորինս բացահայտել ոլորտում առկա խնդիրները և նպաստավոր պայմաններ ստեղծել շինարարության բնագավառում ներդրումային ծրագրերը խթանելու համար:
Խորհրդակցության ընթացքում ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում պատկան գերատեսչությունների ղեկավարները պատասխանել են կառուցապատող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերին՝ կառուցապատման նպատակով իրականացվող տարբեր գործընթացների, ինչպես նաև այլ ընթացակարգերի վերաբերյալ:

Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է շինարարության բնագավառում ներդրումային ծրագրերի խթանման անհրաժեշտությունը և կարևորել կառուցապատող ընկերությունների ու պատկան մարմինների հետևողական համագործակցությունը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է արծարծված խնդիրները հանգամանալից քննարկել շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խմբի շրջանակում և վարչապետին ներկայացնել լուծումների առաջարկություններ:




Լրահոս