Հայ-վրացական երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ 2014 թվականը հայ-վրացական հարաբերությունների համար ձեռքբերումների տարի էր՝ հագեցած բարձր մակարդակի փոխայցելություններով:

Վարչապետը գոհունակությամբ հիշեցրել է, որ նախորդ տարեվերջին Վրաստան կատարած իր պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել են հայ-վրացական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Կառավարության ղեկավարն ընդգծել է Սադախլո-Բագրատաշեն նոր կամրջի շինարարության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, որը երկկողմ հարաբերությունների ներկայիս փուլում Հովիկ Աբրահամյանը համարում է կարևոր իրադարձություն:

Հովիկ Աբրահամյանը և Դավիթ Ուսուպաշվիլին ընդգծել են, որ հայ-վրացական երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ լիակատար փոխվստահության մթնոլորտում, ինչը հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գրավականն է: Այդ համատեքստում կողմերն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորություններին:

Հայաստանի վարչապետը և Վրաստանի խորհրդարանի նախագահը կարևորել են հայ-վրացական քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը և կապերի խորացումը: Անդրադառնալով երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն ուղղված քայլերին՝ Հովիկ Աբրահամյանն անհրաժեշտ է համարել ներդրումային նոր նախագծերի իրականացումը և հայ ու վրաց գործարարների միջև կապերի սերտացումը:

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:




Լրահոս