«Սա է Ձեր երկիրը, որից գլխապատառ փախչում են տասնյակ հազարավոր հայեր». բաց նամակ` Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարոն Սերժ Սարգսյան. չգիտեմ ինչպես Դուք, բայց ես ժամանակին միամտաբար չէի պատկերացնում, որ Ձեր նախագահության օրոք կհայտնվեմ չորս շինծու դատական (այդ թվում մեկ «քրեական») գործերով հետապնդվողի կարգավիճակում:

Ես այսօր Ձեզ եմ դիմում հենց այդ՝ դատապարտյալի, մարդ ծեծելու, զրպարտությունների մեջ մեղադրվողի կարգավիճակում: Դուրս եկեք փողոց, հարցրեք Ձեր երկրի քաղաքացիներին. որեւէ մեկը կհավատա՞, որ ոչ թե Ձեր մարզպետները, նախարարները, պատգամավորներն են մարդկանց ծեծում, նվաստացնում, գնդակահարում, այլ՝ Հմայակ Հովհաննիսյանը: Դուք անձամբ, պարոն Սարգսյան, դրան հավատո՞ւմ եք:

Այո, իհարկե, հավատը իրավական կատեգորիա չէ: Բարոյականությունն էլ իրավական կատեգորիա չէ: Ուստի կարելի է չքմեղանալ եւ ասել, որ դատարանները մեզանում անկախ են եւ իշխող ուժի կողմից չեն օգտագործվում քաղաքական հաշվեհարդարների նպատակով, սակայն փաստը մնում է փաստ՝ վերոնշյալ շինծու, կեղծ մատնությունների վրա հիմնված գործերն իմ դեմ սկսվել են այն ժամանակ, երբ ես պատգամավորության թեկնածու էի եւ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրվեցի ԱԺ պատգամավոր: Փաստը մնում է փաստ, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրարշավի օրերին՝ մարտի 1-ին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավոր եւ բիզնես գործընկեր, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սենիկ Ջուլհակյանին ՀՀ կառավարության որոշմամբ վաճառվեցին ոչ միայն «Հայէներգոնախագիծ» ՓԲԸ-ի տարածքները, այլեւ Մոսկովյան 33ա շենքի չորս այլ սեփականատերերի, այդ թվում՝ իմ, ընդհանուր սեփականությունը հանդիսացող տարածքները (մուտքերն ու աստիճանավանդակները): Փաստը մնում է փաստ, որ կառավարության այդ որոշումը նպատակ ուներ քաջալերելու Սենիկ Ջուլհակյանի եւ նրա հովանավոր Սուրիկ Խաչատրյանի ոտնձգություններն իմ եւ Հայաստանի քաղաքագետների միության նկատմամբ (2002 թվականից ՀՔՄ-ն օրինական եղանակով գրանցված է իմ սեփական տարածքում՝ Մոսկովյան 33ա հասցեում):

Այս ոտնձգությունները կազմակերպված սադրանքի տեսքով դրսեւորվեցին ընտրարշավի  տասնհինգերորդ օրը՝ 2012թ. ապրիլի 21-ին, երբ Սենիկ Ջուլհակյանն իր աշխատակիցների հետ միասին փորձեց արգելակել իմ մուտքը ՀՀ քաղաքագետների միության գրասենյակ, որտեղ այն ժամանակ տեղակայվում էր նաեւ քաղաքագետների միության վարչության նախաձեռնությամբ ստեղծված ընտրությունների օրինականության հանրային վերահսկողության Միասնական շտաբը: Բացահայտ եւ կոպտորեն ոտնահարվեց պատգամավորության թեկնածուի անձեռնմխելիությունը, ինչպես նաեւ խոչընդոտվեց քարոզարշավին ազատ մասնակցելու՝ օրենքով ամրագրված պատգամավորության թեկնածուի իրավունքը, ինչի մասին Միասնական շտաբը եւ ՀՀ քաղաքագետների միության վարչությունը հանդես եկան հայտարարություններով: Այս հայտարարությունների պատասխանն եղան իմ դեմ հարուցված մեկ քրգործը եւ ներկայացված երկու քաղաքացիական հայցերը…

Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Սենիկ Ջուլհակյանը, դառնալով իշխող ուժի ձեռքում իմ եւ քաղաքագետների միության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիք, իշխանություններից ստացել է իմ սեփականությունը՝ քաղաքագետների միության տարածքը, որպես ավար խլելու «դաբրո»: Օրինական սեփականության զավթման մարտավարությունը պարզորոշ դրսեւորվեց, երբ դատավոր կոչեցյալները մեկը մյուսի հետեւից ինձ խոշոր չափի դրամական տուգանքների ենթարկելու մասին վճիռներ կայացրեցին: Հաշվարկը պարզ է. տուգանքների չվճարման պատրվակով ունեզրկել ինձ եւ զավթել քաղաքագետների միության գրասենյակը:

Ինչպես նշվում է Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա՝ 2012 թվականի զեկույցում կարեւորագույն վկաներին, ովքեր ապացույցներ ունեն ամբաստանյալի անմեղության վերաբերյալ, վկաների ցուցակից հանելը Հայաստանի դատաիրավական պրակտիկայում կիրառվող մարդու իրավունքների ոտնահարման լայնորեն տարածված մեթոդներից է: Զեկույցի այդ թեզի ճշմարտացիության մեջ ես համոզվել եմ իմ սեփական մաշկի վրա:

Իմ գործում էլ՝ «դատավորները վերահսկել են վկաների ցուցակը» եւ ներգրավել են միայն կեղծ վկայություններ տված Սենիկ Ջուլհակյանի ֆիրմայի վարձու աշխատողներին՝ հրաժարվելով որպես վկաներ ներգրավել դեպքի վայրում ներկա ՀՔՄ անդամներին: Նրանցից երկուսը հարցաքննվել են քննիչ Արա Պողոսյանի կողմից, սակայն երբ պարզվել է, որ դրանք վկայում են իմ անմեղությունը, չեն ընդգրկվել վկաների ցուցակում: Մյուս կողմից, դատավոր Գագիկ Պողոսյանը հրաժարվել է իրեղեն ապացույց ճանաչել դեպքի տեսագրությունը, որը հեռարձակվել է «Արմենիա» հեռուստատեսությամբ, տեղադրված է youtube-ում եւ ապացուցում է, որ ես մատով իսկ չեմ դիպել Սենիկ Ջուլհակյանին: Եթե այդ անձնավորությունը, ամեն գնով ձգտելով խոչընդոտել իմ մուտքը իմ նախընտրական շտաբ, անզգուշաբար վնասել է մատը, ես ի՞նչ մեղք ունեմ:

Գործ սարքելու նպատակադրվածության ճչացող ապացույց է այն, որ դուռը ներսից ուժ գործադրելու միջոցով բացած իմ նախընտրական շտաբի անդամ Արմեն Առաքելյանին քննիչ Արա Պողոսյանը եւ դատավոր Գագիկ Պողոսյանը հանել են դատակոչվող վկաների ցուցակից: Մյուս կողմից, երկու քաղաքացիական գործերով դատավորներ Ռ.Ներսիսյանը եւ Ա.Մելքումյանը մերժել են իմ միջնորդությունները՝ գործող օրենսգրքի համաձայն կասեցնել քաղաքացիական հայցերով դատաքննությունը մինչեւ քրեական գործով դատաքննության ավարտը: Արդյունքում ես ստիպված էի զբաղվել միաժամանակ երեք գործերով, իսկ դատավորները վերջում՝ իրենց շինծու վճիռները կայացնելիս, փարիսեցիաբար ինձ կշտամբեցին, թե պատշաճ մակարդակով չեմ օգտվել պաշտպանության իմ իրավունքներից: Ինչպե՞ս օգտվեի, եթե մտավորականի իմ համեստ հնարավորություններով ստիպված էի դատական ծախսերը հոգալ միաժամանակ երեք գործերով: Սա է Ձեր երկիրը, պարոն Սերժ Սարգսյան՝ երկիր, որից այսօր գլխապատառ փախչում են տասնյակ հազարավոր հայեր:

Բոլոր հիմքերն ունեմ ենթադրելու, որ քաղաքական հաշվեհարդարի այս խայտառակ գործերը, հասնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան, կստանան մեծ հնչեղություն: Գոյություն ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշումը ըստ որի 2012թ. ՄԻՊ տարեկան զեկույցում՝ որպես կառավարության կողմից քաղաքացու սեփականության իրավունքի խախտման փաստ: Արձանագրվել է, որ կառավարությունն իրավունք չուներ շենքի համասեփականատերերի ընդհանուր սեփականությունը՝ մուտքերն ու աստիճանավանդակները, սեփականաշնորհել նոր համասեփականատիրոջը եւ պարտավոր է վերանայել 2012թ. մարտի 1-ին ընդունված սեփականաշնորհման մասին որոշման համապատասխան կետը:

Ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 2014թ. մայիսի 29-ին ընդունել է որոշում իմ քաղաքացիական իրավունքների հերթական խախտման մասին՝ առաջարկելով ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին Սենիկ Ջուլհակյանի դեմ քրեական գործ հարուցել՝ իմ գույքին ապօրինաբար վնաս պատճառելու համար: Ստանալով գլխավոր դատախազից համապատասխան հանձնարարություն՝ քննչական մարմինները չեն բարեհաճել տուժածից վերցնել ցուցմունքներ եւ, հիմնվելով միմիայն Սենիկ Ջուլհակյանի ցուցմունքների վրա, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը մերժել է քրեական գործ հարուցելու մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պահանջը: Արդյունքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը  հանդես է եկել հայտարարությամբ, որ այս անգամ արդեն ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն է խախտել իմ քաղաքացիական իրավունքը:

Այս բոլորից հետո ինձ մնում է Ձեզ, պարոն Սերժ Սարգսյան, հարցնել. Գուցե Դուք ինձ զրկե՞լ եք ՀՀ քաղաքացիությունից, եւ ես այդ մասին տեղյակ չեմ, բայց այդ մասին տեղյակ է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Թե՞ ինչպես Ջորջ Օրուելի հայտնի հակաուտոպիայում, Ձեր ղեկավարած երկրում նույնպես որոշ անձնավորություններ ավելի քաղաքացի են եւ ավելի հավասար են, քան մյուսները:

Ես Ձեզ դիմում եմ ոչ թե ինձ կամ ՀՔՄ-ն պաշտպանելու հորդորով՝ այդ հարցում ես պատրանքներ չունեմ: Ես Ձեզ դիմում եմ Ձեր ղեկավարած պետության հեղինակության վերջին փշրանքները պաշտպանելու հորդորով: Ինձ համար, ով հրաշքով փրկվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դավադիր կրակահերթերից, այսօր արդեն պարզից էլ պարզ են Հայաստանում իշխանությանն ու ռեսուրսներին տիրապետելու համար մղվող կատաղի պայքարի չգրված, բայց անողոքաբար գործող գայլային օրենքները: Մարդկային կյանքերն այդ պայքարում՝ առոչինչ են: Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի ղեկավարած «Միասնություն» դաշինքի քաղխորհրդի ութ անդամներից ես միակն եմ, ով դեռ ողջ է եւ մինչեւ վերջերս շարունակում էր քաղաքական ակտիվ գործունեությունը: Մյուսները կամ զոհվեցին հոկտեմբերի 27-ին, կամ կյանքից հեռացան հետագայում, կամ էլ՝ խելք ունեցան ժամ առաջ հեռանալ հրապարակային քաղաքականությունից:

Ես վերջինն էի, ում հարցը վաղ թե ուշ պետք է այս կամ այն ձեւով լուծվեր: Հասկանում եմ, որ չպետք է մասնակցեի 2012 թվականի ընտրություններին: Հասկանալով դա, հրաժարվել եմ պատգամավորությունից եւ հայտարարել, որ այսուհետեւ զբաղվելու եմ միայն քաղաքագիտական գործունեությամբ: Բայց գուցե դրա իրավունքն է՞լ չունեմ: Գուցե իրավունք չունե՞մ ապրել Հայրենիքում: Գուցե Հայրենիքը, ինչպես Մոսկովյան 33ա շենքի ընդհանուր օգտագործման տարածքները, նույնպես սեփականաշնորհվա՞ծ է ինչ-որ մեկին, եւ մյուսները պարտավոր են կա՛մ համակերպվել ու լռել, կա՛մ էլ նորից բռնել պանդխտության դառը ճանապարհը: Ապա ինչպե՞ս հասկանալ, որ 2092650 դրամի չափով գումարը բռնագանձելու նպատակով այսօր արգելանքի տակ է դրվել նաեւ մորս պատկանող բնակարանը՝ Մոսկովյան 31, բն. 54 հասցեում:

Հայոց Մեծ Ցեղասպանություն, երբ թուրքի յաթաղանը խլեց մորս վանեցի տատի եւ պապի կյանքերը, 1937թ. ստալինյան հրեշավոր տեռոր, երբ նահատակվեց նրա 33-ամյա հայրը՝ «Խորհրդային Հայաստան» թերթի պատասխանատու խմբագիր Համո Հովհաննիսյանը, 1999թ. հոկտեմբերի 27-ի տեռորիստական դաժան ոճիր, երբ նա մինչեւ վերջին պահը չգիտեր, թե արդյո՞ք ողջ է իր միակ զավակը. մի՞թե այս տառապանքները բավարար չէին եւ մեր ընտանիքը 21-րդ դարում պետք է նորից դիմակայի Ձեր ոստիկանների, դատախազների, դատավորների, հարկադիր կատարողների ճնշումներին: Երեք տարի շարունակ մայրս ապրել է դատախազական եւ դատավորական տեռորի պայմաններում, սրտի դողով արձագանքելով դռան յուրաքանչյուր զանգին: Շաբաթն առնվազն մեկ անգամ փոստատարը բերում էր Ձեր «իրավապահ» մարմինների ահասարսուռ վճիռները. մեղավոր է, մեղավոր է, մեղավոր է, մեղավոր է…. Վերջապես բերեց մորս բնակարանի վրա արգելանք դնելու մասին վճիռը: «Բալա ջան, երբ 37 թվականին հորս տարան եւ մեզ վտարեցին մեր տնից, հետո էս տունը տվեցին: Հիմա ի՞նչ ենք անելու»,- անընդհատ հարցնում է նա ինձ, իսկ ես մտածում եմ՝ թող աշխարհում եւ ոչ մի մայր այլեւս ստիպված չլինի այսպիսի դաժանություններ տեսնել:

1999թ. հոկտեմբերի 27-ի չարաբաստիկ օրը, երբ Դուք զբաղեցնում էիք Ազգային անվտանգության նախարարի պաշտոնը, իսկ մեզ ԱԺ դահլիճում պատանդ էին վերցրել, եւ դրսում ոչ ոք դեռ չգիտեր, թե ո՞վ է սպանվել եւ ո՞վ՝ ողջ մնացել, ահաբեկիչներն ինձ թույլ տվեցին քարտուղարության հեռախոսից զանգահարել տուն եւ մորս տեղեկացնել, որ ողջ եմ: Կարեն Հունանյանն ինքնաձիգը գլխիս պահած ուշադիր հետեւում էր, որ ուրիշ տեղ չզանգեմ: Ինչպես Վիկտոր Հյուգոյի «93-ը» հայտնի վեպից իր դաժանություններով եւ չարագործություններով հայտնի Լանթենակը, հասկացավ, որ չի կարելի հրդեհի մեջ թողնել անմեղ երեխային, այնպես էլ մեր օրերի անողոք ահաբեկիչն անսաց մորս խնայելու իմ հորդորին:

Այդ նույն հորդորով այսօր ես դիմում եմ Ձեզ, պարոն Սերժ Սարգսյան: Պատրաստ եմ դրամ առ դրամ հավաքել եւ վճարել վճիռներով սահմանված գումարները, պատրաստ եմ հայտարարել, որ ես հանցագործ եմ, զրպարտիչ եմ, ստախոս եմ, անգլոամերիկյան, գերմանական, ֆրանսիական կամ էլի ինչ-որական լրտես եմ, համաձայն եմ, ինչպես դա 1937թ. արել են Բուխարինը, Ռադեկը, Վավիլովը եւ շատ ուրիշներ, ցանկացած մեղայականի տակ դնել ստորագրությունս: Համաձայն եմ, որ այդ մեղայականները հրապարակվեն մամուլում, ինչը հնարավոր է անել միայն Ձեր օգնությամբ. դատարանների վճիռներով պահանջվող անհեթեթ մեղայականները լրատվամիջոցները, խնայելով իրենց վարկանիշները, առանց գերագույն հրահանգի չեն հրապարակի:

Մի խոսքով, ես պատրաստ եմ Ձեր ոստիկանների, դատախազների, դատավորների, հարկադիր կատարողների բոլոր պահանջները կատարել, միայն թե նրանք չահաբեկեն մորս եւ հեռու մնան մայրական տնից:

Խնդրում եմ՝ մի՛ սպանեք մորս, պարոն Սերժ Սարգսյան:

Հմայակ Հովհաննիսյան
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, Հայաստանի ԱԺ երկրորդ եւ երրորդ գումարումների պատգամավոր




Լրահոս