ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նախօրեին հարցազրույց է տվել NEWS.am-ին, որտեղ անդրադառնալով երկրի տնտեսության զարգացմանը` հատուկ նշել է, որ կառավարությունն ամեն կերպ ֆինանսական կապիտալն ուղղում է դեպի արտադրություն: «Ճգնաժամից հետո երրորդ տարին է` ունենք արդյունաբերության բարձր աճ, թեւակոխել ենք կայուն ու իրական աճի փուլ: Աճն ապահովվում է արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերի հաշվին` մեքենաշինություն, թեթեւ արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանքարդյունաբերություն, մետալուրգիա»: Փաստորեն, մեր երկրում այսօր կա մեքենաշինություն եւ մետալուրգիա, ու ոչ թե պարզապես կա, այլեւ կայուն աճ է գրանցում: Այ սա, իհարկե, նորություն էր, բավական ուրախալի, թեեւ ոչ նույնքան հավատարժան: Ինչեւէ, նույն հարցազրույցում անդրադառնալով արդյունաբերությունում գրանցված աճին (ըստ պաշտոնական տվյալների` 2012 թ. առաջին կիսամյակում գրանցվել է աննախադեպ` 13% աճ), նախարարը պարզաբանում է, թե որն է դրանում կառավարության դերը. «Մենք պրոակտիվ քաղաքականություն ենք վարում, ինչն էլ աճին նպաստող կարեւոր գործոն է»: Հետաքրքիր է, թե ինչ է նշանակում «պրոակտիվ քաղաքականություն», եւ ոչ թե, ասենք, ակտիվ կամ ակտիվությունը խթանող քաղաքականություն: Հավանաբար տնտեսության տարազանման պես մի բան է: Ամեն դեպքում պրոակտիվիստ Տիգրան Դավթյանը նշում է, որ Հայաստանի արտաքին պարտքը վտանգավոր շեմի հասցրած վարկերից, մասնավորապես՝ ռուսականից, կառավարությունը շուրջ 126 միլիարդ դրամ ուղղել է «իրական հատվածի» աջակցությանը: Հիշեցնենք, որ այդ հատվածի աջակցության համար կառավարությունը տարբեր երկրներից մի քանի անգամ ավելի մեծ վարկեր էր ստացել: Սակայն առավել ուշագրավ է էկոնոմիկայի նախարարի արտահայտած հետեւյալ միտքը. « Մենք չենք կարող լինել մի երկիր, որ հիմնված է միայն ծառայությունների` ապահովագրության, ֆինանսական համակարգի վրա: Պետք է պրոդուկտ արտադրենք եւ դուրս գանք շուկա»: Հետաքրքիր է, նախարարի այս հարցազրույցն ընթերցե՞լ է նրա ղեկավարը` Տիգրան Սարգսյանը, որն անցած տարի մեծագույն հպարտությամբ որպես տնտեսության զարգացման օրինակ նշում էր հենց ապահովագրության եւ ֆինանսական համակարգի կայացած լինելը: Չնայած, չի բացառվում, որ Տիգրան Դավթյանը տեղյակ չլինի վարչապետի այդ հայտարարություններից, ինչպես որ տեղյակ չէ երկրի նախագահի աշխատանքային օրակարգից: Անդրադառնալով Եվրասիական մաքսային միությանը` ԵվրԱզԷս-ին, անդամակցելուն, էկոնոմիկայի նախարարն ասել է. «Օրակարգում ո՛չ ԵՄ-ին, ո՛չ էլ ԵվրԱզԷս-ին անդամագրվելու հարց չկա»: Փաստորեն, ըստ Տիգրան Դավթյանի՝ ստացվում է, որ Սերժ Սարգսյանը վաղը մեկնում է Մոսկվա, որպեսզի Վլադիմիր Պուտինի հետ քննարկի օրակարգում գոյություն չունեցող հարցը:
ՊՐՈԱԿՏԻՎ ՊՐՈՖԱՆԻԶՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ