Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած օրինագիծը: Զ. Փոստանջյանը ներկայացրել էր «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին» հայտարարություն» որոշման նախագիծը: Նա դժգոհ էր, որ հանրապետականները լրամշակել են օրինագիծը, բայց խախտել են նախնական պայմանավորվածությունը՝ օրինագծից հանելով Օսմանյան կայսրությունում եզդիների ցեղասպանության մասը:
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն առաջարկեց նիստը փակ անցկացնել, որովհետև, նրա կարծիքով, նիստում հնչում են սխալ արտահայտություններ: Էդուարդ Շարմազանովը նշեց. «Սխալ արտահայտություններ արդեն օգտագործվեցին, այսինքն` մենք եզդիների դե՞մ ենք»: Սամվել Ֆարմանյանն առաջարկեց Զարուհի Փոստանջյանին իր հեղինական օրինագիծը և հիմնավորումներն ուղարկել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հորը՝ Ռիչարդ Հովհաննիսյանին, ով համարվում է հայոց պատմության ականավոր դեմքերից մեկը:
«Եթե այս օրինագիծն ուղարկեք Ռիչարդ Հովհաննիսյանին, նա, որպես դպրոցական գնահատական, Ձեզ կնշանակի մինուս մեկ»,- նշեց Սամվել Ֆարմանյանը՝ հիմնավորելով, որ Զարուհի Փոստանջյանի հեղինակած որոշման նախագծի մեջ կան այնպիսի տարրական պատմական սխալներ` թե՛ ժամանակագրական, թե՛ բովանդակային առումով, որ ինքը պարզապես չի կարող այլ կարծիք հայտնել, քան «խիստ բացասական: Ես Ձեր փոխարեն կամաչեի, հինգերորդ դասարանի աշակերտը գիտի, թե երբ է սկսվել ու ավարտվել Առաջին աշխարհամարտը, իսկ Դուք չգիտեք»:
Էդուարդ Շարմազանովը հավելեց, թե անթույլատրելի է, որ Զարուհի Փոստանջյանն իրենց մեղադրում է գրագողության մեջ: «Այս նախագծի հիմքը եղել է դեռ հինգ տարի առաջ, երբ ես և երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հանդիպեցինք եզդի համայնքի հետ: Սա այն նախագիծն է, որտեղ սխալվելու իրավունք չունենք, ամբողջ աշխարհը մեզ է նայում: Նախ` ցեղասպանությունը լավ բան չի, որ մրցենք ու ասենք, որ եզդիներն էլ են ցեղասպանվել: Ես պատմաբան եմ և ուզում եմ ասել` եթե եզդիական համայնքը ինձ ասեր, որ պատրաստ է փաստեր ներկայացնել Օսմանյան կայսրությունում եզդիների ցեղասպանվելու վերաբերյալ, ես կուսումնասիրեի, բայց ես՝ որպես պատմաբան, տեղյակ չեմ եղել, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում եղել է եզդիների ցեղասպանություն», – նշեց նա:
Ելույթ ունեցավ նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ով նշեց, որ պատմագիտական մի քանի սխալ կա Զարուհի Փոստանջյանի բերած հիմնավորումներում:
«Դե Դուք ամեն ինչ գիտեք, մտքի գիգանտ եք»,- արձագանքեց Զարուհի Փոստանջյանը: «Ամենամեծ մտքի գիգանտը դու ես, որ շոու ես սարքում: Ես, գիտես, տենց բաներ չեմ սիրում, ու շոու ծրագրերին չեմ մասնակցում»,- ասաց Շիրակ Թորոսյանը:
Նիստին մասնակցում էին եզդիական համայնքի ներկայացուցիչներ: Նրանք փորձեցին միջամտել, սակայն հանձնաժողովի նախագահը խոսելու իրավունք չտվեց: Մի խումբ եզդիներ էլ, պարզելով «Ամոթ» գրությամբ պաստառներ, ամոթանք տվեցին նիստի հանրապետական պատգամավորներին` ասելով, որ կարող էին գոնե եզդի համայնքի հետ նստել, զրուցել ու հասկանալ` փաստեր կան, թե` ոչ: Եզդիները ցուցադրաբար լքեցին հանձնաժողովի նիստը: